Բաքուն նույն «ձայնապնակի» հույսին է
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Բուխարեստում Երկխոսության եւ գործընկերության սեւծովյան համաժողովի շրջանակներում հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսի 5-ին: Այս համատեքստում հատուկ նշանակություն է ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների այցելությունը տարածաշրջան:
Հարավային Կովկաս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանի, Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդի եւ Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս դե Լաբուլյեի երեկ Բաքվում սկսված ոչ սովորական ձեւաչափով այցելությանը նախորդել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե Ադրբեջանը մնում է կողմնակից ղարաբաղյան հակամարտության «փուլային» կարգավորմանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ԵԱՀԿ պատվիրակության եւ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հանդիպման մանրամասներ չեն հաղորդվել: Այնուամենայնիվ, երեկ երեկոյան Բաքու այցելած պատվիրակությունը հանդես է եկել ընդհանուր համատեղ հայտարարությամբ, նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի համար եկել է կարգավորման հիմնական սկզբունքների շուրջը համաձայնության գալու ժամանակը: «Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ընդգծում են միջազգային հանրության համոզմունքը, որ այս հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով», նշվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդը ի լրումն հայտարարել է, որ Բաքվում քննարկումները եղել են կառուցողական, եւս մեկ անգամ ընդգծելով, որ խնդրի խաղաղ ելքը միակն է ու բոլորի համար ցանկալին: Ֆրիդն ադրբեջանական հեռուստատեսությամբ հայտարարել է, թե հակամարտության վերջնական կարգավորման համար կողմերը վճռական քայլեր պիտի ձեռնարկեն, ընդ որում, Ֆրիդի կարծիքով, Քոչարյանն ու Ալիեւն ի զորու են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
Այսօր ԵԱՀԿ համանախագահող երկրների ներկայացուցիչները կժամանեն Հայաստան` նույն մակարդակով հանդիպումներ իրականացնելու:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ