Չնայած երեկ խորհրդարանի դահլիճում հետաքրքրություն ներկայացնող օրինագծեր էին քննարկվում, սակայն լրագրողներն ու պատգամավորների մեծ մասը այդպես էլ դահլիճ գնալու եւ օրինաստեղծ աշխատանքին հետեւելու որեւէ վառ ցանկություն չդրսեւորեց. դժվար էր հետ գալ նախորդ օրվա բուռն ներկայացման դեռեւս թարմ տպավորությունից. ու խոսում-քննարկում էին` շարունակության սպասելով: Միանգամից ասենք` շարունակություն չեղավ: Ու հենց երեկ էր ավելի հավանական թվում փայտիկի գոյությունը, որը կառավարել էր նախորդ օրվա ներկայացումը, իսկ երեկ հրահանգել էր հանգստություն պահպանել եւ կառուցողական-օրինաստեղծ աշխատանքով զբաղվել: Դա հատկապես երեւաց կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից, որտեղ ՕԵԿ-ի մնացած պատգամավորները Ներքին Չարբախի հողատարածքների սեփականաշնորհումից, 16-րդ թաղամասի թիվ 24 շենքի հաշվիչների տեսանելիությունից, Գյումրիի մի շարք բնակարանների վերանորոգումից էին խոսում, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունից» ոչ ոք չկար (կարծես միայն Աղասի Արշակյանը) ոչ ոք բան չասաց, իսկ ասֆալտապատումից, ջրագծերից, սահմանամերձ գյուղերի հոգսերից խոսում էին բոլորը:
Լրագրողները, որ որեւէ «տանող» թեմայի էին սպասում, այդպես էլ ձեռնունայն կամաց-կամաց դուրս եկան դահլիճից: Նորանշանակ նախարարներից եկել էր Լեւոն Մկրտչյանը միայն, որին երիտասարդ հանրապետական Արմեն Աշոտյանը բավական սրտալից շնորհավորեց եւ հույս հայտնեց, որ նա կկանխի «վերեւից ներքեւ» ԿԳ համակարգում եղած բացասական երեւույթները:
Միջանցքներում էլ շարունակում էին քննարկել նախորդ օրվա մնացորդ- կիսանորությունները. ՕԵԿ-ից գնացած պատգամավորները իշխանամետ դաշտում են աշխատելու, Մեխակ Մխիթարյանն է ասել. ՕԵԿ-ում մնացած մասը ընդդիմության սպեկտորն է սպասարկելու, քանի որ ընդդիմությունն այն վատ էր սպասարկում` ՄԱԿ-ի Գուրգեն Արսենյանն է ասել. «Ժողպատգամավորը» նազուտուզ է անում` ԱԺ փոխնախագահի պաշտոնը տալիս են ՄԱԿ-ին, ու լրագրողների թխած թեւավոր խոսքն էին ասում այդ առիթով` ՄԱԿ-ը 6 հոգով 8 պաշտոն է ստանձնում:
Նորից վերլուծվում էր, թե ինչո՞ւ մեջբերվեց Գալուստ Սահակյանի անունը` որպես ԱԺ նախագահի թեկնածուի, ու փնտրվում էին նրանք, ովքեր կուզենային, որ այդ խոսակցությունից տուժեին Տիգրան Թորոսյանն ու Գ. Սահակյանը միաժամանակ, թեեւ երեկվանից դեռ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շատ հստակ ասում էր. «ՀՀԿ-ն առաջարկելու է Տ. Թորոսյանի թեկնածությունը` որպես միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ ունեցողի, ԱԺ-ն կառավարել կարողացող գործիչի... իսկ իմ այսօրվա կարգավիճակը չի կարող խաթարել, որ կուսակցության քաղաքական գիծը տանեմ, այն է` երկիրը կայուն պահել»: Եվ այդ խոսակցությունները ՀՀԿ-ի անդորրը խաթարելու փորձ էր համարել:
Խոսակցության թեմա էր նաեւ նախորդ օրը «Իրավունքի» թղթակցի հետ պատահածը (պատգամավոր Սաշիկ Սարգսյանը սպառնացել էր նրան). նորությունն այն էր, թե նրա տպագրած տեղեկատվության աղբյուրը Հայկ Բաբուխանյանն է, որն էլ իրավապահ մարմիններին ԶԼՄ-ներով առաջարկում է համապատասխան միջոցներ ձեռնարկել լրագրողի աշխատանքը խոչընդոտողի հանդեպ:
Իսկ ամենից շատ հայտնվող կարծիքն այն էր, թե ԱԺ նախագահ հենց առաջին ընտրության ժամանակ հազիվ թե ընտրվի, հնարավոր է, որ նախագահի աթոռը դեռ երկար թափուր մնա, եւ ԱԺ-ն կառավարի նախագահի պաշտոնակատարը:
ԱԺ միջանցքների խոսակցությունների չամչահատիկը, սակայն, Ա. Գեղամյանի եւ Ա. Բաղդասարյանի` երեկոյան «Շանթ» հեռուստաընկերությունում սպասվելիք բանավեճն էր, բոլորն էին ուզում տեսնել դա, Նեմցովի երեսին Ժիրինովսկու շփած ջուրն էին հիշում` «հանկարծ ու ջրով բաժակ դրած չլինեն» խոսքով: (Բարեբախտաբար նման բան տեղի չունեցավ: Տեղի ունեցավ լարված բանավեճ, որի ավարտին կողմերը իրար ձեռք սեղմեցին):
Ոչ ոք հստակ չգիտեր` մի օր առաջվա պատգամավորական հայտարարությունները հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի, թե՞ ոչ, քանի որ պատգամավորներից մեկն առաջարկել էր այդ խայտառակությունը չցուցադրել:
Այսօր արդեն կառաջադրվեն հանձնաժողովների նոր նախագահացուները. երեկ դեռ վերջնականապես պարզ չէր` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղը վերջնականապես տալիս են ՄԱԿ-ին, թե՞ այստեղ դեր կունենա այն, որ այդ տեղին հավակնում է նաեւ ՀՅԴ-ն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ