«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2006-05-23 | #94, 2006-05-24 | #95, 2006-05-25


ԱՎԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ, ԲԱՅՑ ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՑԵԼ Է

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցերի վարչության պետ Արամ Ջավադյանը տեղեկացրեց, որ երեկՙ առավոտյան ժամը 20.17 րոպեին Տաշիր քաղաքից 20 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել 3,4 մագնիտուդի երկրաշարժ, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Ցնցումները զգացվել են Գյումրիում, Վանաձորում, Շիրակամուտում եւ Զույգաղբյուրում:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը հավաստեց, որ թեեւ ավերածություններ չեն եղել, բայց էպիկենտրոնին մոտ բնակավայրերում խուճապ է առաջացել: Մասնագիտական բնորոշմամբ այս մակարդակի ցնցումներն արդեն կոչվում են «զգալի երկրաշարժ»: Երկրաշարժերի ճիշտ ժամն ու տեղը ոչ մի երկրում չեն կանխատեսվում, այնուամենայնիվ, մեր սեյսմոլոգների համար որքանո՞վ սպասելի կամ անսպասելի էր այս երկրաշարժը: Ալվարո Անտոնյանը պատասխանեց. «Հայաստանի տարածքում որոշակի քանակի էներգիայի կուտակումներ կան, որոնք համապատասխանում են 5 մագնիտուդի, այսինքն 7 բալի: Էներգիայի կուտակումները պայմանավորվում են երկրաբանական գործընթացներով: Հսկա սալերը տեղաշարժվում են, խոչընդոտում մեկը մյուսին եւ երկրակեղեւում լարվածություն առաջացնում: Այդ կուտակումները հատկապես զգալի են Հայաստանի հարավային տարածքներում` Սյունիքում, Վայքում եւ սահմանամերձ Իրանում ու Նախիջեւանում: Էներգիայի լիցքաթափում կարող է լինել կամ մեկ ուժեղ, կամ մի քանի թույլ երկրաշարժերով»:

Իսկ հանրապետության մյուս բնակավայրերում երկրաշարժի հավանական օջախներ մնում են Դվինը, Փարաքարը, Արարատը, Գառնին, Սպիտակը, Քաջարանը, որտեղ մշտապես, որոշակի պարբերականությամբ ցնցումներ են գրանցվում: Այս բնակավայրերը տեղավորված են խզվածքների երկայնությամբ կամ դրանց հանգուցակետերում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4