«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2006-05-23 | #94, 2006-05-24 | #95, 2006-05-25


ԾԵՐԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ

«Ազգը» անդրադարձել է «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից 2002 թվականից Գյումրիում իրականացվող «Տնային խնամք ծերերի համար» ծրագրին, որի նպատակն է հոգատար վերաբերմունքով ու կարեկից խնամքով նպաստել միայնակ ծերերի կենսակերպի եւ կյանքի որակի բարելավմանը: Ուշադրության ոլորտում է նաեւ ծերերի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը նպաստելը: Այս խնդրի շրջանակներում ընթացիկ տարում արդեն կազմակերպված ճանաչողական այցից եւ տարեցների սոցիալական հիմնախնդիրներին նվիրված առանձին հասարակական քննարկումից հետո երրորդ միջոցառումը երեկ լրագրողների «Ասպարեզ» ակումբում հրավիրված կլոր սեղան-քննարկումն էր: «Գյումրիի միայնակ ծերերի առողջական հիմնախնդիրները» թեմայով քննարկման նպատակն էր վեր հանել միայնակ ծերերի շրջանում տարածված հիվանդությունների, դրանց կանխարգելման, տարեցների առողջական վիճակի բարելավման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քննարկել այս ոլորտում տարբեր կառույցների համագործակցության հեռանկարները:

Խոսակցությանը հրավիրված էին եւ մասնակցեցին ներկայացուցիչներ Շիրակի մարզի առողջապահության ոլորտից, մարզային, քաղաքային իշխանություններից եւ տեղական հասարակական կազմակերպություններից: Քննարկման ժամանակ մասնավորապես նշվեց, որ մարդկանց, նաեւ այս խմբի առողջության խնդիրը սերտորեն կապված է սոցիալական եւ դրանից բխող հոգեբանական խնդիրների հետ: Կլոր սեղանի մասնակիցները փորձեցին գտնել «եզրեր», որտեղ պետական եւ հասարակական տարբեր կառույցները կարող են համագործակցել:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4