«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


«Ա1+»-ԻՆ 12-ՐԴ ԱՆԳԱՄ ԵԹԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՍՑԵՆԱՐԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ

Գրիգոր Ամալյանը նորից «2» նշանակեց

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Գրիգոր Ամալյանի գլխավորած հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը երեկ 12 -րդ անգամ «Մելտեքս» ընկերությանը զրկեց եթեր դուրս գալու հնարավորությունից ՙ այս անգամ նախապատվությունը տալով «Ուլիս-մեդիա» եւ «Ռադիո-պրո» ընկերություններին: FM 90,3 եւ FM 90,7 ռադիոհաճախությունների համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած «Մելտեքսը» երկու դեպքում էլ ստացավ 22 միավոր, ինչը 6 միավորով պակաս էր հիշյալ ընկերություններին տրված միավորից: «Բոլորովին հուզված չենք, մեզ համար անսպասելի չէր եթերից եւս մեկ անգամ զրկվելը: Զարմանալի կլիներ, եթե հանկարծ «Ա1+»-ը հաղթեր: Կհուզվեինք, եթե հաղթեինք», ասացին «Ա1+»-ի թղթակիցները: «Լսեք մեզ, ճանաչեք ձեզ» կարգախոսը ընտրած «Ա1+» ռադիոընկերության փոխարեն առաջիկայում եթեր դուրս կգան զուտ ժամանցային «Ուլիսն» ու «Պրոն»: «Ուլիսի» գլխավոր պրոդյուսեր Նորայր Մխոյանը հանձնաժողովի որոշումը համարեց միանգամայն արդար, դեմքի չափազանց հանգիստ արտահայտությամբ ակամա հուշելով, որ հաղթանակը կանխավ սպասելի էր: Նա, իհարկե, այս անգամ էլ հերքեց Հանրային ռադիոընկերության հովանու տակ հանդես գալը, պնդելով, որ Ալեք Մանուկյան 5 շենքում իրենք վարձակալության հիմունքներով են: Իսկ հաղթող մյուս ընկերության ներկայացուցիչներն այդպես էլ չերեւացին սրահում, ինչը նույնպես ենթադրել է տալիս, որ անհանգստանալու ու մտահոգվելու կարիք չեն ունեցել, ամեն ինչ պարզ է եղել ի սկզբանե:

Պարզ է նաեւ, որ ինչքան էլ Ամալյանը փորձի հիմնավորել «Ա1+»-ին եթերից զրկելու պատճառները, դրանք անհամոզիչ են հնչելու, քանի որ պրոֆեսիոնալ ու կայացած լրատվամիջոցը 2002 թվականից ի վեր շարունակաբար դուրս է մղվում հենց հանձնաժողովի անդամների ու նախագահի տված ցածր միավորների պատճառով, նրանց բարձր միավորները տրվում են լրատվական դաշտում զուտ շահույթ փնտրող ձեռներեց նորելուկներին: Ամալյանի ասելով, մրցույթում հաշվի են առնվել սեփական եւ հայրենական հաղորդումների գերակայությունը, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը: «Ա1+»-ի փաթեթում չեն ներկայացվել ֆինանսական հիմնավորումները, ինչն էլ դարձել է եթերից զրկվելու «օրինական» պատճառ: Նա նույնիսկ հայտարարեց, որ «նախորդ մրցույթներում, բացառությամբ 2002 թ. ապրիլի 2-ի, «Ա1+»-ի ներկայացրած առաջարկները շատ ավելի լավն էին, քան այս անգամվանը»: Իսկ հնարավո՞ր է իր օրոք «Ա1+»-ին կապուղիներ տրամադրելը: «Ես հնարավոր եմ համարում լիցենզիա տալ նրան, ով իր մրցակիցներից ուժեղ է եւ կկարողանա լավագույնը լինել: Որեւէ մեկը մրցույթներին մասնակցելու այդքան մեծ փորձ չունի, որքան «Ա1+»-ը: Տարօրինակ չե՞ք համարում, որ այս անգամ «Ա1+»-ը գալիս է մի առաջարկով, որտեղ չկան հիմնավորումներ: Կա՞ միտում, տարօրինակ է, որ այսպես է», հակադարձեց Ամալյանը, տվյալ պահին թերեւս մոռանալով, որ բոլոր մրցույթներում իր տված միավորը եղել է անփոփոխՙ «2»: Ասել է թե, առաջարկները որեւէ դրական ներգործություն չեն ունեցել գնահատականի վրա, ինչն էլ մշտապես թույլ է տվել անվարան եզրահանգել, որ «Ա1+»-ի պարագայում հարցը տեղափոխվել է մեկ այլՙ քաղաքական հարթություն, միջազգային կառույցների կողմից դիտարկվելով որպես խոսքի ազատության կոպիտ խախտում:

«Ազգի» հարցին, թե ինչո՞ւ հանձնաժողովն այս անգամ էլ բաց թողեց «Ա1+»-ի խնդիրը լուծելու հնարավորությունը, Ամալյանը պատասխանեց. «Ես երբեւէ երազանք չեմ ունեցել «Ա1+ »-ին եթեր տալու, ի՞նչ ա նշանակում հանձնաժողովը կորցրեց հնարավորությունը: Էդ մեկ: Հաջորդըՙ այսինքն ձեզ համար օբյեկտիվ առաջարկները բոլորովին կարեւոր չեն, իսկ ինձ բացարձակ հետաքրքիր չէ այն կարծիքը, որը հիմնված չէ օբյեկտիվ փաստերի վրա: Հանձնաժողովը կայացրել է միանշանակ արդարացի որոշում»:

Նրա պատասխանի վերաբերյալ «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանը «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց. «Ամբողջ երկիրը թաղված է դեմագոգիայի մեջ, նույն ձեւով էլ Ամալյանն է շարժվում: Ամեն ինչ նույնն էր, նույն քաղաքական որոշումը, նույն գնահատականները: Մրցույթներում ոչ մի առաջընթաց չկա, դա քաղաքական որոշում է, ինչը եւս մեկ անգամ ապացուցեցին Ամալյանն ու իր խումբը: Ամեն ինչ պարզ է, արդեն մի քանի անգամ ասված»:

Չնայած 12-րդ պարտությանը, Մեսրոպ Մովսիսյանը հաղթելու հույսը չի կորցնում, «Եթե 4 տարի դիմացել ենք, 2 տարի էլ կդիմանանք»:

Գուցե 13-րդ մրցույթը բարեհաջո՞ղ լինի «Ա1+»-ի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4