«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ԵՐԱԶԵԼ ԵՎ ԵՐԱԶԵԼ ՏԱԼ»

Ֆրանսահայ հայտնի դերասան, թատրոնի եւ կինոյի բեմադրիչ Սերժ Ավետիքյանը վերջերս Փարիզում բեմադրեց «Հայկական համերգ կամ թուրքական առած» պիեսը, որը երեք տարբեր (այդ թվում երաժշտական) ստեղծագործությունների յուրօրինակ միահյուսման արդյունք է: Անցյալում Ավետիքյանը նկարահանվել է մասնավորապես Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում:

Փարիզում հրատարակվող «Աշխարհ» թերթին տված ծավալուն հարցազրույցում Սերժ Ավետիքյանը պատմում է, որ ինքը Հայաստանում բեմադրության է պատրաստում Ալֆրեդ դը Մյուսեի «Մարիաննայի քմայքները» գործը: Հայերեն թարգմանված պիեսը շուտով կներկայացվի Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում` մի խումբ նվիրյալների եւ պրոֆեսիոնալների ուժերով:

Ավետիքյանի խոսքերով, թատրոնի երիտասարդ դերասանների հետ աշխատելն իրեն մեծ հաճույք է պատճառում: Հիշյալ բեմադրությունը ոչ թե դասական, այլ ժամանակակից բնույթ է կրում:

Արտիստական գործունեության ֆրանսիական ընկերակցությունը (ԱԳՖԸ) Նելլի Տարդիվյեի (Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր հանձնակատարի) եւ Սերժ Ավետիքյանի գլխավորությամբ ուզում է պիեսի երեւանյան բեմադրությունը ներկայացնել նաեւ Ֆրանսիայում` Մյուսեի բնագրով: «Արմավիա» եւ «Պեռնո Ռիկար» ընկերությունները նախագծին ֆինանսապես օժանդակելու պատրաստակամություն են հայտնել:

Թատերական մեկ ուրիշ նախագիծ է Սերժ Ավետիքյան-Սերժ Վալետտի համագործակցությունը, ըստ որի Վալետտին պետք է հայկական ազատ թեմայով պիես գրի: Սիմոն Աբգարյանն այն կբեմականացնի, իսկ Արիան Ասկարիդը եւ Ավետիքյանը կզբաղվեն դերակատարմամբ: Պիեսը հավանաբար կբեմադրվի Փարիզի «Բոբինյի» թատրոնում:

Ինչ վերաբերում է կինոյին, 2005 թ. Ավետիքյանը Հայաստանում նկարահանվել է Ռոբեր Կետիկյանի նոր ֆիլմում: Այնտեղ նա մարմնավորում է Արցախում կռված հերոս ազատամարտիկի, որն ազատագրված հողը պաշտպանելու համար ճիշտ է համարում գյուղում բնակվելը: Ֆիլմի դերակատարներից է նաեւ ազատամարտիկի բարեկամ Ժերար Մեյլանը, որը նրա պաշտպանությանն է հանձնում մաֆիայի կողմից հետապնդվող Արիան Ասկարիդին:

Նկարահանումներն անցել են ընկերական մտերմիկ մթնոլորտում, Արենի եւ Սեւակաշեն գյուղերի մոտակայքում եւ գյուղացիների մասնակցությամբ: Ավետիքյանն իր դերը խաղացել է հայերեն, Ժերար Մելյանը` նույնպես (թեեւ հայերեն չգիտի): Կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվելու է հունիսի 28-ից:

Հայաստանում այս տարի կատարած իր վերջին ուղեւորության ընթացքում Ավետիքյանը դիտել է երեք պիես: Առաջինը Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկայացվող Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայն» է: Տպավորությունը դրական է, միայն թե առանձին դերասաններ բեմի վրա հաշվի չեն առնում խաղընկերներին, մենակ են խաղում եւ «փչացնում ամեն ինչ», ասում է նա:

Երկրորդը Ռոբեր Լամուրեոյի «Կանայք, կանայք» պիեսի հայերեն բեմադրությունն է «Համազգային» թատրոնում: Սուղ միջոցներով եւ երիտասարդ դերասանների ուժերով հաջողվել է ստեղծել թարմությամբ շնչող ներկայացում:

Երրորդը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Գազանը լուսնի վրա» պիեսն է: Այն բավական հուզիչ անակնկալ դարձավ ֆրանսահայ արվեստագետի համար, որը երեւանյան բեմադրությունը համարում է առավել համարձակ եւ թատերայնացված, քան Իրինա Բրուկի բեմադրությունը: Պիեսի հեղինակ Ռիչարդ Կալինոսկին մի անգամ Մոսկվա է մեկնել հատկապես երեւանյան բեմադրությունը դիտելու համար:

Ներկայիս ծանր պայմանները հայ երիտասարդ դերասաններից եւ երաժիշտներից շատերին ստիպել են մեկնել Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլ երկրներ: Մինչդեռ Գագիկ Մուրադյանը վերջերս ֆրանսիացի բարեկամների օգնությամբ Ապարանի շրջանում ժողովրդական երաժշտության դպրոց է բացել դժվարին կացության մեջ հայտնված տասնյակ երեխաների համար:

- Սերժ Ավետիքյանն իրեն բնութագրում է որպես ազատ արվեստագետ, որի ներըմբռնումը թույլ է տալիս կանխատեսել իրադարձությունները, վեր կանգնել քաղաքական երեւույթներից, երազել եւ ուրիշներին էլ երազել տալ: Իր այդ ունակությունները նա չի փոխի աշխարհում ոչնչի հետ: Իր գործունեության գլխավոր նպատակը մնում է Հայաստանը: Դրա վկայություններից մեկը «Շալե ֆիլմ» ստուդիայում նորերս թողարկված նրա 8 կարճամետրաժ եւ միջին տեւողության ֆիլմերի խտասկավառակն է: Ունի նաեւ երկու մուլտֆիլմերի խտասկավառակ:

Ներկայումս Ավետիքյանն այլեւս չի նկարահանում կարճամետրաժ ֆիլմեր, բայց չի բացառում, որ հետագայում կարող է վերստին զբաղվել դրանցով: Այս տարի ավարտել է 85 րոպեանոց «Վերադառնալ» վավերագրական ֆիլմի նկարահանումները, որն արդեն ընդգրկված է զանազան կինոփառատոների նախնական ծրագրերում:

Ֆիլմն Ավետիքյանի պապի ծննդավայր Սելեզ գյուղի (Թուրքիա) պատմությունն է: Դա նաեւ Հակոբ Օշականի եւ Ժանսեմի ծննդավայրն է: 18 տարի տեւած նկարահանումների ընթացքում հաջողվել է թուրքական գրաքննությունից փրկել որոշ դրվագներ: Բուրսայի մոտ գտնվող Սելեզ գյուղի երիտասարդները նկարահանումների ժամանակ պատմել են, որ իրենք ուզում են կորստից փրկել հայկական տապանաքարերը եւ դրանք դարձնել թանգարան:

Տեղահանված հայ բնակչության փոխարեն ներկայումս Սելեզում ապրում են իսլամացած բուլղարներ, որոնց Աթաթուրքը Մեծ եղեռնից հետո բնակեցրել է դատարկված հայկական մի շարք գյուղերում: Փաստորեն տեղի է ունեցել թե՛ հայերի եւ թե՛ բուլղարների տեղահանություն: Միայն թե վերջիններս չեն բնաջնջվել: Սելեզի երիտասարդները ներկայումս փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել անցյալ դարասկզբին: Ավետիքյանը կարծում է, երկխոսությունն անհրաժեշտ է բոլոր հնարավոր կամ խոր անտեղյակության դեպքում:

Մնում է ավարտել «Վերադառնալ» ֆիլմի ենթագրերը: Վավերագրական այդ ժապավենի երեք դրվագները վերաբերում են 1987, 2003 եւ 2005 թվականներին: Ֆիլմը կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ կցուցադրվի առաջիկա աշնանը:

- Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում Ավետիքյանը մասնակցել է մշակույթների եւ հայացքների ընդհանրության վրա հիմնված «Հայաստան հոգնակի» ընկերակցության ստեղծմանը: Ընկերակցությունն ունի երկու նպատակ:

Առաջինը Հայաստանի տարվա սկզբում եւ վերջում 300 էջանոց մշակութային եւ տեղեկատվական շատ գեղեցիկ հանդեսի հրատարակումն է: Ենթադրվում է դրա ավելի քան 30 հազար օրինակները տարածել տարվա հանդիսությունների հետ կապված բոլոր վայրերում: Հանդեսը կպատմի տարվա բոլոր միջոցառումների մասին եւ կվերաբերի համայն աշխարհի հայությանը:

Երկրորդ նպատակն այն էր, որ հրատարակության իրացումից ստացվող բոլոր եկամուտները ծառայեցվեն տարվա ընթացքում մշակութային նոր միջոցառումների նախագծերի ավարտմանը: Հանդեսի հրատարակությանը կարող են նպաստել անհատ բարերարներ, ձեռնարկություններ, բարեգործական հաստատություններ:

Պատրաստեց` ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4