«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2006-05-25 | #96, 2006-05-26 | #97, 2006-05-27


ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՐԱԳ ՎԵՐԸՆՏՐԵՑԻՆ ՄԻԱՁԱՅՆ

Ռուսաստանի հայերի միության 3-րդ` Մոսկվայում կայացած համագումարի վերաբերյալ մեր լրատվությունը տպագրվեց երեկվա համարոմ: Ներկա համարում լույս ենք ընծայում «Ազգի» հատուկ թղթակցի հաղորդած հետաքրքրական տեղեկությունները նույն համագումարի մանրամասնությունների մասին:

Իր ելույթում ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանը ներկայացրեց կազմակերպության բազմապլան բեղմնավոր գործունեությունը տարածաշրջանային, հասարակական-քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային, կրթական, հոգեւոր ասպարեզներում: Նա հատուկ նշեց ՌՀՄ-Հայաստան կապերի զարգացման գլխավոր ուղղությունը, այն օգնությունը, որ միությունը ցույց է տալիս հայկական պետության տնտեսական հզորությունը վերածնելու, Հայաստանին ու Արցախին հումանիտար եւ սոցիալական աջակցություն կազմակերպելու գործում: ՌՀՄ-ն այսօր տարածքային ու տեղական բաժանմունքներ ունի Ռուսաստանի 70 սուբյեկտներում ու ավելի քան 340 քաղաքներում: Եվ նրանց հայապահպան, հայանպաստ աշխատանքը հիրավի պատկառանք է առաջացնում:

Վստահորեն կարելի է ասել, որ ՌՀՄ-ն դարձել է Ռուսաստանի ամենագործունակ եւ ամենաազդեցիկ ազգային հասարակական կազմակերպություններից մեկը: Եվ նրա դերը առավել եւս բարձրանում է այս երկրում ստեղծված ազգամիջյան անառողջ հարաբերությունների պայմաններում: Բնավ էլ ոչ սիրաշահելու նկատառումով իրավամբ կարելի է ասել, որ որպես ազգային գործչիՙ Արա Աբրահամյանի կողքը այսօր չկա մեկը, որը ոչ թե հավասար լիներ, այլ գոնե փորձեր մոտենալ նրան իր մասշտաբով: Ռուսահայության լիդերը ամենայնս ճանաչված ու հարգված է երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավի կողմից, ինչը նրան հնարավորություն է տալիս լուծելու հայրենակիցների կենսական շատ հարցեր, ակտիվ դեր խաղալու ռուս-հայկական հարաբերություններում: Թեեւ անխոնջ ու հախուռն Վլ. Ժիրինովսկին որպես «թերություն» նկատեց այդ հանգամանքը, նշելով, որ հայերը կարողանում են լեզու գտնել ղեկավարների հետ, բայց վատ են աշխատում ներքին խավերի հետ: Որոշ հակահայկական գործողություններ նա համարեց այն բանի հետեւանքը, որ նոր սերունդը չգիտի հայերին որպես հնամյա արմատներ ունեցող բարեկամ ժողովրդի: Ժիրինովսկին նաեւ հույս հայտնեց, որ Չեռնոգորիայի ու Կոսովոյի նախադեպերը կնպաստեն Արցախի հայկական պետականության վերածնմանը:

Արթուր Չիլինգարովը ՌՀՄ-ն համարեց դեմք ու բնավորություն ունեցող կազմակերպություն: Նրա կարծիքով, երկքաղաքացիության ընդունումն ավելի կմերձեցնի հայ եւ ռուս ժողովուրդներին: «Ես միշտ ձեզ հետ եմ, կարող եք միշտ դիմել ինձ», հայտարարեց Պետդումայի փոխնախագահը:

Երբ ավարտվեց համագումարի պաշտոնական մասը եւ «թանկագին» հյուրերը լքեցին Մոսկվայի շքեղ «Պրեզիդենտ-հոթելի» հանդիսասրահը, որտեղ տեղի էր ունենում համագումարը, ստեղծվեց ներհայկական, ես կասեիՙ յուրօրինակ նեղ ընտանեկան մթնոլորտ: Տարածաշրջանների ներկայացուցիչները սկսեցին խոսել իրենց գործերի ու հոգսերի մասին, կարծիքներ փոխանակել եւ այլն: Բանը հասավ նրան, որ երբ միջոցառումը վարող փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցն առաջարկեց առաջադրել ՌՀՄ-ի ղեկավարի թեկնածություններ, ներկաներից մեկը խորհուրդ տվեց «ձեւեր չթափել» եւ, նկատի ունենալով Արա Աբրահամյանի անուրանալի ծառայությունները, նրան թողնել առանց «մրցակիցների»: Այդ նախաձեռնությունն այնքան դուր եկավ պատվիրակներին, որ նրանք վերջինիս արագ նախագահ վերընտրեցին միաձայն:

Հ. Գ. Սրամիտ, հումորաշատ Պավել Բորոդինը` Բելառուս-Ռուսաստան միութենական պետության պետքարտուղարը, «ի պաշտոնե» հույս հայտնեց, որ Հայաստանը երկյակը կդարձնի եռյակ: Բայց դա չէր նրա ելույթի հմայքը: Պալ-Պալիչը պատմեց, որ տակավին իր հայրենի Յակուտիայում ինքը աշխատանքային թե անձնական հարաբերություններում մեծապես հենվել է հայերի վրա եւ հայ ընկերներ շատ ունի: «Հայաստանում ես հանրաճանաչ մարդ եմ, - խորամանկ ժպտալով ասաց նա: -Երբ մի անգամ կնոջս հետ զբոսնում էինք Երեւանի փողոցներում, մեզ մոտեցան երկու երիտասարդներ եւ հարգալից իրազեկեցին, որ ճանաչում են ինձ:

- Եվ ո՞վ եմ ես,- հետաքրքրության համար հարցրի:

- Դուք... Գենադի Սելեզնյովն եք...»:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4