«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2006-05-25 | #96, 2006-05-26 | #97, 2006-05-27


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավիրած «Հանրապետություն հասկացությունը, ազգային հեռանկարները հանրապետության նշանակության համար» թեմայով քննարկմանը երեկ մասնակցում էին ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Թոմ Սամուելյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, USAID փոխտնօրեն Կարլ Ֆիկենշերը եւ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

Թոմ Սամուելյանը խոսեց հանրապետություն հասկացության իրավական հեռանկարների մասին, Կարլ Ֆիկշենը ներկայացրեց Մ. Նահանգների Հանրապետությունը ըստ Մ. Նահանգների սահմանադրության, իսկ Արամ Մանուկյանը անկախություն եւ հանրապետություն հասկացությունների տարբերությունը դիտարկեց Հայաստանի երրորդ հանրապետության տեսանկյունից: «Առաջին հանրապետությունից մենք վերցրեցինք ազգային օրհներգը, եռագույնն ու զինանշանը, որովհետեւ մենք որդեգրել էինք առաջին հանրապետության շարունակության խորհուրդը եւ ուզում էինք առաջին հանրապետության արժեքն ու խորհուրդն ունենալ մեր նորանկախ հանրապետության մեջ»:

«Իսկ ի՞նչ կորուստներ ունեցավ երրորդ հանրապետությունը, ի՞նչ վրիպումներ թույլ տվեցին նրա ղեկավարները», մեր հարցին երրորդ հանրապետության անկախության հռչակագիրը Ազգային ժողովում ընթերցած Արամ Մանուկյանը պատասխանեց. «Առաջին հերթին երկրի ինքնուրույնությունն ուրիշ երկրին տալը, քանի որ անկախ է այն երկիրը, որն ինքն է լուծում իր հարցերը: Մեր անկախության կորուստը տեղի է ունենում առանց ժողովրդի կամքի, առանց քաղաքական ուժերի հետ համագործակցության: Ես նկատի ունեմ երկրի սեփականության վաճառքը: Մինչեւ 1998 թվականը երկրի ռազմավարական օբյեկտներից ոչ մեկը չի վաճառվել, էներգետիկ համակարգը չի տրվել օտարների օգտագործման, ոչ մի հողակտոր այլ երկրի սեփականություն չի համարվել: Դա սահմանադրության խախտում է, դավաճանություն երկրի հանդեպ, որովհետեւ երկրի սեփականությունը անձեռնմխելի է: Դա արվում է միայն սեփական ոչ լեգիտիմ իշխանությունը պահելու համար»:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4