Իրանի հյուսիս-արեւմուտքում` Ատրպատականում (որի անունն է կրում 1918 թ. արհեստականորեն ստեղծված Ադրբեջանը) մայիսի 22-ին սկսված ադրբեջանցիների ցույցերը շարունակվել են մայիսի 27-ին: Թավրիզ քաղաքում ցուցարարներն այրել են Աբրահամյանի էլեկտրատեխնիկական ապրանքների խանութի առջեւ ամրացված ՀՀ դրոշը, ծեծել նրան եւ ավերել խանութը: Այդ մասին հաղորդում է ԱՊՀ գործակալությունը, վկայակոչելով Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսին:
BBC-ն հաղորդում է, որ Ատրպատականի տարբեր քաղաքներում ցուցարարներին ցրելու նպատակով իրանցի ոստիկանները զենք են օգտագործել: Սպանվել է 5 ցուցարար, տասնյակ ուրիշներ վիրավորվել են: «Ազգը» մայիսի 26-ի համարում արդեն գրել է ադրբեջանցիների խժդժությունների մասին:
Բողոքի ցույցերի առիթը «Իրան» պաշտոնաթերթի ծաղրանկարն է, որտեղ մի տղա ֆարսի լեզվով կրկնում է «ուտիճ» բառը, իսկ նրա դիմաց կանգնած ուտիճը ադրբեջաներեն հարցնում էՙ «ի՞նչ»: Իրանի մշակույթի նախարարը հեռուստատեսությամբ ներողություն է խնդրել վիրավորական ծաղրանկարի համար, թերթը փակված է, խմբագիրը եւ ծաղրանկարիչը ձերբակալված են:
Սակայն ցույցերը շարունակվում են: Իրանում Ադրբեջանի դեսպանը կարծում է, որ խժդժությունների հրահրիչն է ԱՄՆ-ը, որն այդ նպատակով հատկացրել է 75 մլն դոլար: AIA գործակալության թուրքական բաժանմունքի տվյալների համաձայն, Իրանի հակահետախուզությունը կասկածներ ունի, թե խժդժությունները հրահրում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայությունները:
Իրանում երկյուղներ կան, որ թշնամական հետախուզությունների գործունեությանը կարող են միանալ նաեւ թուրքական հատուկ ծառայությունները: Ենթադրվում է, որ ցույցերի կազմակերպիչներից մեկը «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման» ղեկավար Մահմուդալի Չեխրաղանլին է, որը բնակվում է Վաշինգտոնում: Թավրիզում ցուցարարները վանկարկել են նրա անունը:
Պ. Ք.