Մայիսի 27-29-ը ճանաչողական այցով Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում էր գտնվում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվիրակություննՙ ի դեմս դեսպան Հրաչ Սիլվանյանի, հյուպատոս Արթուր Սարգսյանի, խորհրդականներ Յուրի Պետրոսյանի եւ Լեւոն Հակոբյանի: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ Աջարիայի, նաեւ Բաթում քաղաքի ղեկավարության հետ: Աջարիայի կառավարության ղեկավար Վարշալովիձեն հանդիպման ժամանակ Աջարիայում Հայաստանի հյուպատոսական ծառայության ստորաբաժանում բացելու առաջարկ արեց: Դեսպանը ողջունեց առաջարկըՙ խոստանալով հարցը քննարկել ՀՀ արտգործնախարարության հետ եւ որոշել ներկայացուցչության ձեւաչափը:
Այցելության ընթացքում քննարկվել են Աջարիայի, մասնավորապես տեղի հայության հետ կապված տարբեր խնդիրներ, որոնց կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում: Արվեցին տարբեր առաջարկներ ե՛ւ հայկական, ե՛ւ վրացական կողմերիցՙ մասնավորապես զբոսաշրջության շրջանի բացման, շուտափույթ լուծման անհրաժեշտության որոշ խնդիրների մասին:
Դեսպանության պատվիրակությունը հայկական եկեղեցում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեց հայկական դպրոցՙ առկա խնդիրների մասին տեղեկանալու Աջարիայի մեր հայրենակիցներից, որոնց դեսպանությունը հնարավորինս կարող է աջակցել:
Պատվիրակությունը Բաթումում մասնակցեց Աջարիայի հայերի միության նախաձեռնությամբ իրականացված մայիսի 28-ի տոնակատարությանը:
Բաթումից հեռախոսային տեղեկություններըՙ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ