«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2006-05-26 | #97, 2006-05-27 | #98, 2006-05-30


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՈՒՆԵՑԱՆՔ ԲԻԶՆԵՍ ԲՈՒԼՎԱՐ

Թամանյանի նախագծած Հյուսիսային պողոտան շատերիս երեւակայության մեջ պատկերվում էր որպես մի կառույց, որի բացումը պիտի ավետեր ինքնատիպ ու նորաշունչ մայրաքաղաք ունենալու ուրախությունը, սակայն եթե նույնիսկ այն նշմարվում էր, ցավոք, գերակշռող չէր:

Շաբաթ առավոտյան կտրվեց կարմիր ժապավենն ու երեւանցիներիս ճամփան բացեց դեպի Հյուսիսային բուլվար, կամ ավելի բնութագրական կլինի անվանել բիզնես բուլվար, որովհետեւ մեր աչքի առջեւ բացվում է ոչ թե ընդարձակ, լայնածավալ պողոտա, ինչպես պատկերված է Երեւանի քաղաքապետարանի ուղարկած հրավիրատոմսին կից լուսանկարում, այլ նեղլիկ, երկկողմանի ճեմուղիՙ բաժանված 2 ստորգետնյա կայանատեղիների վերնամասով: Իսկ ամենագլխավորըՙ բուլվարից օպերայի շենքն ամբողջությամբ չի երեւում, ինչպես լուսանկարում, տեսադաշտն ամբողջությամբ փակ է: Դրա պատճառը, կարծում ենք, պարզ է բոլորիս, հատկապես նրանց համար, ովքեր սեփական շահույթի համար օպերայի տարածքը խեղդել են սրճարաններով: Հենց այս պահից կարելի է ենթադրել, որ մյուս ամառ (գուցե նաեւ այս) նորաբաց բուլվարում սրճարանների առատությունից քայլելու տեղ չի լինի: Օպերայի տարածքում մշտապես սրճողներն անպայման կտեղափոխվեն այստեղ, որովհետեւ բիզնես բուլվարում նստելը նրանց համար «պատվի խնդիր» կդառնա: Քաղաքի գլխավոր ճարտարապետն արդեն հայտնել է, որ այնտեղ կլինեն նաեւ «փոքրիկ» սրճարաններ: Նա նաեւ շտապել է տեղեկացնել, որ կառուցապատմանը կարելի է «ստեղծագործաբար» մոտենալ եւ ընթացքում նախագծից շեղվել, ասենքՙ նախատեսված 3 հարկանիի փոխարեն կառուցել 4, 5 հարկանի, կամ ավելի բարձր: Իսկ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը համոզված նշել է, որ Թամանյանի նախագծի հետ ոչ մի կապ չունեցող այդ շենքերը Երեւանը կդարձնեն 21-րդ դարի մայրաքաղաք: Զարմանալի է, որ Երեւանը որեւէ օտարի կամ մեզ պիտի զարմացնի ապակեպատ բարձրահարկ շենքերով, որոնց պատճենները որեւէ երկրում գտնելը բնավ դժվար չէ: Սակայն եթե այդ երկրների մայրաքաղաքներում բարձրահարկերը կառուցվել են կենտրոնից բավականին հեռու, իբրեւ հարուստների կամ բիզնես թաղամասեր, ապա մեզանում տեղի ունեցավ հակառակըՙ դրանք հայտնվեցին ուղիղ քաղաքի սրտում:

Հյուսիսային պողոտայի մուտքի բացումից տպավորություններն ու կարծիքները տարբեր են: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդհանուր առմամբ գոհ է, թեպետ կարծում է, որ կարելի էր ավելին անել: «Վատ չէ, կարող էր ավելի լավ ստացվել, բայց արդեն ունենք այն, ինչ ունենք, դժգոհելուց ոչինչ չի փոխվի»:

Ճարտարապետության դոկտոր Մարիետա Գասպարյանի գնահատմամբ, սա ոչ մի առնչություն չունի Թամանյանի նախագծի հետ: «Ես կարող եմ հիմնավորել իմ կարծիքը, դրա համար բավական է նշել այդ 2 շենքերի բարձրությունը: Այդ համայնապատկերում օպերայի շենքը խեղճանում է, մինչդեռ հակառակը պիտի լիներ: Հյուսիսային պողոտայի կառուցապատման անվան տակ այնքան հուշարձան շենքեր քանդեցին, որ պողոտան այսօր իր մեջ կրում է այդ բացասական գիծը: Այդ շենքերը չարժեր քանդել, եթե նույնիսկ դրանց տեղում կառուցվեին ամենաշքեղ կառույցներ: Ոչ մի ճարտարապետ այսօր իր առջեւ խնդիր չի դնում անսամբլային կառույցներ ստեղծելու, ում մտքով ինչ անցնումՙ կառուցում է»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4