Թուրինում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում իրենց գերազանց ելույթներն են շարունակում հայ շախմատիստները: Մեկօրյա ընդմիջումից հետո կրկին նստելով խաղասեղանների մոտ, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց ուզբեկներին: Մեր թիմի հաղթանակն ապահովեց Վլադիմիր Հակոբյանը` պարտության մատնելով Ալեքսեյ Բարսովին: Մյուս խաղատախտակների վրա ընթացած Արոնյան-Կասիմջանով, Ասրյան-Ֆիլիպով եւ Սարգսյան-Կայումով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 18 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեր շախմատիստներից կես միավորով հետ էին մնում հոլանդացիները, որոնք պարտության մատնեցին ռուսներին (2,5-1,5): Դա ՌԴ հավաքականի անդրանիկ պարտությունն էր օլիմպիադայում: Այդ անհաջողության հետեւանքով ռուսները Բելառուսի ընտրանու հետ 17-ական միավորով նահանջեցին 3-4-րդ հորիզոնական:
7-րդ տուրում Հայաստանի հավաքականը զարգացրեց հաջողությունը` էլ ավելի տպավորիչ հաղթանակ տոնելով Հոլանդիայի հավաքականի նկատմամբ: Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը գեղեցիկ ոճով պարտության մատնեց Իվան Սոկոլովին: Հաղթական 2-րդ միավորը մեր թիմին պարգեւեց Գաբրիել Սարգսյանը: Նա հայ շախմատիստներից միակն է, որ մասնակցել է բոլոր 7 պարտիաներին` դրանցում վաստակելով 6 միավոր: Գաբրիելն օլիմպիադայում 5-րդ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով Էրվին Լամին: Մեր մյուս երկու գրոսմայստերները` Վլադիմիր Հակոբյանն ու Կարեն Ասրյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները Սերգեյ Տիվյակովի եւ Լյուկ վան Վելիի հետ: Հաղթելով 3-1 հաշվով, Հայաստանի հավաքականն ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը` վաստակելով 21 միավոր: 2-րդ տեղում ընթացող ռուսները, որ նույնպիսի հաշվով հաղթել էին Բելառուսի հավաքականին, հայ շախմատիստներին զիջում էին մեկ միավորով: Երրորդ հորիզոնականը 19,5 միավորով զբաղեցնում էր Կուբայի ընտրանին, որի հետ երեկ հանդիպեցին հայ շախմատիստները 8-րդ տուրում: Կուբայի շախմատիստները 3,5-0,5 հաշվով առավելության էին հասել Ինդոնեզիայի հավաքականի նկատմամբ:
Կուբայի հավաքականի հետ մրցախաղն էլ հայ շախմատիստները վերելքով անցկացրին` հաղթելով 3-1 հաշվով: Առաջինն իրենց պարտիաներն ավարտեցին Լեւոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը` համապատասխանաբար ոչ-ոքի խաղալով Բրուզոնի եւ Դելգադոյի հետ: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնելով համապատասխանաբար Դոմինգեսին եւ Քեզադային, ապահովեցին Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը: Մեր թիմը 8 տուրից հետո վաստակեց 24 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Մոտակա հետապնդողներից ռուսները ոչ-ոքի խաղացին չեխերի հետ` վաստակելով 22 միավոր: Ուզբեկները 1,5-2,5 հաշվով պարտվեցին վրացիներին: Ուկրաինացիները 3-1 հաշվով հաղթելով շվեդներին նույնպես վաստակեցին 22 միավոր:
Կանանց մրցապայքարում 6-րդ տուրում հայ շախմատիստուհիներն անդրանիկ պարտությունը կրեցին` 1-2 հաշվով զիջելով ռումինացիներին: Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Իզաբելա Պեպտանի եւ Ադելա Ֆոյսորի հետ, իսկ ահա Սիրանուշ Անդրեասյանը պարտվեց Մարիա Բոգզայից: Հաջորդ տուրում մեր շախմատիստուհիները ոչ-ոքի ավարտեցին մրցախաղը Բելառուսի հավաքականի հետ: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Նադեժդա Ազարովային, սակայն փոխարենը Նելլի Աղինյանն անհաջողության մատնվեց` պարտվելով Տատյանա Բեռլինին: Դանիելյան-Պոպովա մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի:
8-րդ տուրը հաջող էր նաեւ մեր շախմատիստուհիների համար, որոնք 2-1 հաշվով հաղթեցին Հնդկաստանի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց հնդիկների առաջատար Համպի Կոներույին, Էլինա Դանիելյանն էլ հաղթեց Հարիկային: Իսկ ահա Սիրանուշ Անդրեասյանը պարտվեց Սվաթիին: 8 տուրից հետո մեր հավաքականը վաստակել է 15,5 միավոր: Առաջատարը ՌԴ հավաքականն է, որը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը ԱՄՆ-ի շախմատիստուհիների հետ եւ վաստակեց 19 միավոր: Երկրորդ տեղում ուկրաինուհիներն են (18,5), որոնք 2-1 հաշվով հաղթեցին Հունգարիայի հավաքականին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ