Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ մեր հանրապետության ամենատիտղոսակիր ձյուդոյիստ Արմեն Նազարյանը: Մինչեւ 60կգ քաշային կարգում Արմենը հաջող մրցելույթներ ունեցավ նախնական փուլերում եւ հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Գրեգ Ֆալոնն էր: Ցավոք, Արմենին չհաջողվեց գերազանցել մրցակցին եւ ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով, ինչը եւս մեծ հաջողություն է: Նշենք, որ հրազդանցի ձյուդոյիստը Եվրոպայի նախորդ առաջնություններում մեկ անգամ արդեն ճաշակել է հաղթանակի քաղցրությունը` հռչակվելով չեմպիոն, ինչպես նաեւ դարձել է բրոնզե մրցանակակիր:
Քաշային մյուս կարգերում չեմպիոններ հռչակվեցին Զազա Կեդելաշվիլին (66 կգ, Վրաստան), Էյնուր Մամադլին (73 կգ, Ադրբեջան), Սերգեյ Շունդիկովը (81 կգ, Բելառուս), Իվան Պերշինը (90կգ, Ռուսաստան), Ռուսլան Հասիմովը (100 կգ, Ռուսաստան) եւ Անդրեաս Թոլզերը (գերծանր քաշ, Գերմանիա):
Տղամարդկանց մրցաշարում ընդհանուր առմամբ առաջնության պարգեւների արժանացան 16 երկրների ներկայացուցիչներ: Առաջին տեղը թիմային հաշվարկով զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, որի ներկայացուցիչները նվաճեցին 2-ական ոսկե եւ բրոնզե մեդալներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ