«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2006-05-27 | #98, 2006-05-30 | #99, 2006-05-31


ԱՅՍՕՐ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

Ի՞նչ ասաց Պողոսը Կիրակոսին

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ես զարմանում եմ մեր մամուլի վրա. Ազգային ժողովի նախագահը հայտարարում է, որ հրաժարական է տալիս, դրանից հետո մեկ անգամ չլսեցի, որ հարցադրում անեն, թե թափուր տեղի համար ներկայացվող թեկնածությունները ի՞նչ որակներ պետք է ունենան, ի՞նչ հատկանիշներ, խորհրդարանը ի՞նչ խնդիրներ պետք է լուծի մոտակա մի տարում: Նույն հարցադրումն է հնչում այս կամ այն նախարարությունում ազատված տեղերի հետ կապված, միայն քննարկվում է` ո՞վ պետք է լինի, միակ հարցադրումն այն է, թե Պողոսն ի՞նչ ասաց Կիրակոսին, Կիրակոսը` Հայրապետին, Հայրապետըՙ Մարտիրոսին, եւ դրանով ամեն ինչ վերջանում է: Իսկ թե, օրինակ, ի՞նչ հատկանիշների պետք է տիրապետի ԱԺ նախագահը, այդ մասին ոչինչ չի խոսվում: Սա ցավալի է», այսպես արձագանքեց ԱԺ առայժմ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ նախագահի թեկնածության շուրջը մամուլում ստեղծված աժիոտաժին: Ընդհանուր առմամբ համաձայն լինելով նրա հետ, մեկ վերապահում, այնուամենայնիվ, ունենք. պաշտոններ ազատվել կամ թափուր են մնացել ոչ թե այս ու այն նախարարի վատ աշխատանքի արդյունքում (մենք այդպես էլ չգիտենք` ի վերջո ինչպե՞ս են աշխատել նրանք), այլ քաղաքական իրավիճակի պատճառով, եւ քաղաքական որոշման արդյունքում էլ նոր մարդիկ են նշանակվում: Հատկանիշների հարց ի սկզբանե չի ծագել: Իսկ ԱԺ-ում էլ` էլի քաղաքական համաձայնության արդյունքում են առաջադրումներ լինելու: Այնպես որ` մամուլի «ով- երբ-ինչու» հետաքրքրվածությունը բնական եւ իրավիճակային է:

Իսկ թե ի՞նչ հատկանիշներ են պետք ԱԺ նախագահին, ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նա մոտակա մեկ տարում` կիմանանք, երբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, անցած եռօրյայի կիսատ քվեարկությունները կազմակերպելուց, որոշ օրինագծերի` երկրորդ ընթերցման ռեժիմ անցնելուց հետո, քաղաքական որոշման արդյունքում Հանրապետականը ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրի Տիգրան Թորոսյանին, նա էլ ելույթ կունենա ծրագրային ելույթով, մենք էլ կծանոթանանք այդ հատկանիշների ողջ փնջին: Խորհրդարանի մոտակա խնդիրների մասին խոսելը թողնելով ԱԺ ամբիոնից հնչելիք իր ելույթին: Մի բան, սակայն, նախօրոք ընդգծեց Տ . Թորոսյանը` օբյեկտիվորեն առաջիկա նախընտրական տարին դժվար է լինելու թե՛ խորհրդարանի, թե՛ նրա խոսնակի համար, շատ ավելի դժվար է լինելու կառավարել խորհրդարանը, քան մինչեւ այժմ է եղել:

Մեկ օր առաջ դեռ կոալիցիայի մնացած 2 ուժերի, ՄԱԿ-ի, «ժողպատգամավորի», նորաստեղծ «Գործարար» խմբի ներկայացուցիչները նախագահ Քոչարյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ մի շարք հարցերում փոխհամաձայնության են եկել` այդ թվում ԱԺ նախագահի եւ երկու հանձնաժողովների նախագահների թեկնածության վերաբերյալՙ ԱԺ նախագահի համաձայնեցված թեկնածու է Տ. Թորոսյանը:

Լրագրողները Տ. Թորոսյանից հետաքրքրվեցին, թե նախագահ Քոչարյանի մոտ նախորդ օրը կայացած խորհրդակցության ժամանակ ինչպե՞ս է վերաբերվել նախագահը խորհրդարանում ստեղծված իրավիճակին, կոալիցիայի մնացած կողմերի եւ այլ խորհրդարանական ուժերի համագործակցությանը, ի՞նչ գնահատականներ են հնչել. գնահատականները բխում են վերջին քառօրյայի արդյունքներից, որոնք օրինաստեղծ առումով արդյունավետ են եղել, նախագահն էլ դրանցից գոհ է եղել, նկատեց Տ. Թորոսյանը:

Երեկ կեսօրին ՀՀԿ խմբակցության սենյակում սկսված Տ. Թորոսյանին առաջադրող ստորագրահավաքի ձեւաթղթի տակ ստորագրել էր 54 պատգամավոր` ստորագրությունների ցուցակն սկսվում էր Գալուստ Սահակյանով, ավարտվում Սայադ Զախարյանով: Ստորագրահավաքին մասնակցել էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը, «Ժողպատգամավորը», նոր ձեւավորված «Գործարարը», վերջին երկու ուժերից ստորագրել են նրանք, ովքեր ցանկացել են. հենց այդ խմբակցությունների քվեարկությամբ պետք է ապահովվի ԱԺ խոսնակի փակ գաղտնի քվեարկության համար անհրաժեշտ 66 կողմ ձայնը, նրանց ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ սատարելու են Տ. Թորոսյանի թեկնածությանը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, նրանց նոր գործընկեր ՄԱԿ-ը մասնակցելու են ողջ կազմով, «Ժողպատգամավորն» ազատ է թողել իր խմբի անդամներին` քվեարկելու սեփական հայեցողությամբ, անձամբ խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը կողմ է Տ. Թորոսյանի թեկնածությանը: Այսօր ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրվի, կսկսեն քննարկումները, իսկ թե ե՞րբ կլինեն ընտրությունները` պարզ կլինի այսօր-վաղվա ընթացքից, փակ գաղտնի քվեարկությունը գուցեեւ կազմակերպվի հինգշաբթի:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Տ. Թորոսյանն իր թեկնածությանն այլընտրանք չլինելուն. «Ինձ հետաքրքրում է երեւույթների բովանդակությունը եւ ոչ թե ձեւը», պատասխանեց նա:

Թափուր երկու հանձնաժողովներից պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու պետք է առաջադրի ՀՅԴ-ն. չնայած արդեն հայտնի թեկնածուի` Ավշարի գինու գործարանի տնօրեն Արամայիս Գրիգորյանի անվան շրջանառությանը` երեկ երեկոյան ՀՅԴ-ն դեռ թեկնածուի խնդիրը քննարկում էր, քանի որ որոշ լուրերի համաձայն, գործընկերները միանշանակ չեն ընդունել այդ թեկնածությունը: Սոցիալական, առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղը պետք է իրացնի ՄԱԿ-ը, թեկնածու է առաջադրվելու Մնացական Պետրոսյանը:

Ըստ Գ. Սահակյանի, այսօր ազատվող ԱԺ փոխխոսնակի նոր թեկնածու կարող է առաջադրվել հաջորդ հերթական` 12-14 նիստերին, սակայն հենց այդ ժամանակ է լրանում Ա-320-ի ավիավթարի զոհերի քառասունքը, եւ բավական թվով պատգամավորներ կմեկնեն Ադլեր. առաջադրում ու քննարկումներ տեսականորեն կարող են լինել, բայց ընտրություն հազիվ թե հնարավոր լինի կազմակերպել, պաշտոնը երկար ժամանակ գուցե ազատ մնա: Նույն հարցի վերաբերյալ այդքան միանշանակ չարտահայտվեց Տ. Թորոսյանը. «Տեղը թափուր դառնա` կյանքը ցույց կտա», ասաց նա` լրացուցիչ պարզաբանելով կարգը. երբ թափուր պաշտոն է առաջանում, հարցը ինքնաբերաբար մտնում է ԱԺ նիստերի օրակարգ, կամ էլ` կարող է արտահերթ նիստ հրավիրվել:

Ի դեպ, ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները մասնակցելու են քննարկումներին` օգտագործելով դրանք որպես իշխանություններին քննադատելու նոր հնարավորություն:

Երեկ երեկոյան արդեն ստացվեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունն այսօր, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին, օրակարգում ԱԺ նախագահի եւ երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը եւ մի շարք օրինագծերի քննարկումն ընդգրկող հարցերով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4