«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2006-05-27 | #98, 2006-05-30 | #99, 2006-05-31


ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԸՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արտո Չաքմաքչյանը Երեւան է եկել մի քանի օր առաջ, ամենայն հավանականությամբ կմնա մինչեւ հունիսի կեսերը: Քանդակագործը 1975 թ.-ին Հայաստանից Կանադա մեկնելուց հետո շատ երկար այստեղ չէր վերադառնում: 2004-ից հետո արդեն երրորդ անգամ է հայրենիքում: Արտոյի հետ իմ երեկվա հանդիպումը կարճատեւ էր, բայց ամեն անգամվա պեսՙ արբեցնող. արվեստի ու կյանքի ստեղծագործ ոգու, հոգեհաղորդակցման ներքին արբեցումով հագեցած: Արվեստի, փիլիսոփայության, բարոյականության, հայի, մարդու ու կյանքի Չաքմաքչյանական տեսակետներից, վերաբերմունքից յուրաքանչյուրը մի ինքնօրինակ ապրում-վիճակ էՙ ներհայեցողի խորունկ արտացոլումներով:

Քանդակագործը բեղուն ստեղծագործական շրջան է ապրում, բայց ամենամեծ ստեղծագործությունն իր ներքին կյանքն է, որի հետ ամեն հանդիպում իրապես հոգեզմայլանք է:

Խորհրդային գաղափարաբանությանը երբեւիցե տուրք չտված արվեստագետ, հավատարիմ իր սկզբունքներին, ներքին ճշմարտություններին, գեղագիտության իր չափանիշներին. այն սակավներից, որ խորհրդային բռնադատման կապանքներից անդին ունեցավ այդ ժամանակի ստեղծագործական իր տքնանքն ու այլախոհությունը փաստող, արվեստային երեւույթներՙ հարյուրավոր գծանկարներ, տասնյակ քանդակներ: Եվ թերեւս մտադիր է այդ շրջանը ներկայացնող ցուցահանդես էլ կազմակերպել:

Օրերս «Սարգիս Խաչենց» հրատարակությամբ, «Նարեկացի» արվեստի միության հովանավորությամբ, «Տիգրան Մեծ» տպարանը լույս կընծայի վարպետի 60-ականներին արվածՙ այսպես կոչված գծի մեկ շարժումով, նշանավոր եւ պարզ, հասարակ մարդկանց դիմանկարների ալբոմը («Դիմապատկեր», 140 էջ)ՙ արդեն խունացած թղթի էջերինՙ իր նշումներով, գրառումներով, ինքնատիպ մտքերով. օրերի հետք...

Իր կենսագրության եւ հայ արվեստի պատմության մի դրվագ էր նաեւ 1970 թվականին Ալիխանյանների նախաձեռնությամբ Երեւանումՙ գիտնականի տանը (առանձին կատալոգով) տեղի ունեցած արձանագործի անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումըՙ ներկայությամբ ժամանակի նշանավոր արվեստագետներիՙ Երվանդ Քոչար, Ղուկաս Չուբարյան, Գրիգոր Խանջյան, Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան: Դա երեւույթ էր ժամանակի համար, քանի որ նման արվեստ ներկայացնելն աննախադեպ էր: Ցուցահանդեսի արձագանքն ավելի քան աղմկահարույց էր, քննադատական վերաբերմունքըՙ բացահայտ, սակայն հայ արվեստի զարգացման հետագայի համար շատ էական, որով սկիզբ դրվեց երիտասարդ արվեստագետների ազատ ստեղծագործական մի ընթացքի: Ցուցահանդեսի նկարահանման (սիրողական) ժապավենը վերջերս վերածվել է DVD-ի:

Արտո Չաքմաքչյանի դիմաքանդակները ներքին արտացոլանք է, արտապատկերային շարժում, արտաքին տեսանելիությունից դուրս, հոգեվիճակՙ ներքին դիմանկար. «Նարեկացի», «Կոմիտաս», «Կոստան Զարյան», «Հրանտ Մաթեւոսյան», «Տիգրան Մանսուրյան», «Վազգեն Ա. կաթողիկոս», «Արա Սարգսյան»... Նշանավոր քանդակագործի բազմաթիվ ստեղծագործություններ զարդարում են աշխարհի շատ ու շատ քաղաքներ (Լոնդոն, Փարիզ, Գերմանիա, ԱՄՆ): Մեր մայրաքաղաքում, սակայն, մինչ օրս նա որեւէ քանդակ տեղադրված չունի, մինչդեռ այսօրվա մեր մայրաքաղաքի քանդակային միջավայրը, մեղմ ասած, ակնահաճո չէ: Արդիականության, արվեստի նորագույն էսթետիկան արտահայտող գործեր չկան, բայց անհրաժեշտությունը կա...

Արտոյի արձանագործության մեջ նյութի դիմադրողականությունը հաղթահարված է գեղագիտական նոր չափանիշներով, փիլիսոփայական խոր մտածումներով, ներքին դինամիկ շարժումի, խոկման արտաբխումով: Չաքմաքչյանի նոր մտահղացումները, տարածական ըմբռնումի խորհուրդն են կրումՙ ժամանակ-արտաժամանակայինի զգացողությամբ: XXI դարի գերլարված պրկումների ու արագընթաց հոսքի ծանրությունը ներքնապես կրող անհատի մտազբաղ քայլն է դեպի գալիքը... Ո՞րն է դա... արձանագործը փորձում է պատասխաններ գտնել:

Երեւանյան իր ամեն այցելության սեւեռուն միտքը, միակ ցանկությունը հայրենիքում հետք թողնելն է, Հայաստանում իր ներկայությունը փաստելը սեփական արվեստով. «Տարիների հետ ավելանում է իմ այս ցանկությունը, չէի ուզենա հեռանալ կյանքից առանց հետք թողնելու իմ երկրում»:

Սպասենք քանդակագործի թողած հետքին...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4