«Վաշինգտոնում պիտի կանգնի մեր սեփական շենքը, պիտի պատրաստվեն մեր ապագա քաղաքագետները աշխարհին լսելի դարձնելու համար մեր ձայնը, եւ, ի վերջո, այնտեղից դեպի Հայրենիք ու Արցախ պիտի ուղղվեն մեր օգնության ծվենները` դառնալու ազատ, անկախ ու բարգավաճ միացյալ հայրենիքի հիմքի շաղախը»: Այս խոսքերը պատկանում են ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Համբարյանին, արտասանված են մայիսի 21-ին Լոս Անջելեսի «Գլենդեյլ ստուդիո»-ում կազմակերպված «համաամերիկյան» թելեթոնի ընթացքում եւ մեջբերված են մեր գործընկեր` ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթի վերջին` մայիսի 26-ի համարից, «Ամրապնդենք մեր արմատները, կառուցենք մեր ապագան» վերնագիրը կրող թղթակցությունից:
Ավելի պարզ ներկայացնենք եղելությունը: ՀՅԴաշնակցությունը Մ. Նահանգների մայրաքաղաքում ձեռք է բերում սեփական շենք իր Հայ դատի հանձնախմբի համար: Հետեւաբար կարիք ունի նյութական նոր միջոցների, որոնց հանգանակման համար կազմակերպել է թելեթոն, որի արդյունքում նվիրատվություններից հավաքվել է, ինչպես գրում է «Երկիրը», 2,7 միլիոն դոլար: Այդ գումարը նշված նպատակի համար շատ է թե քիչ` միայն ՀՅԴաշնակցությունը գիտի, որը բնավ չի փայլել իրեն հարկատու սփյուռքահայերին հաշվետվություն ներկայացնելու ջանքով: Բայց խնդիրը այս պարագայում ոչ հանգանակված գումարն է, ոչ էլ, թող ներվի ասել, դաշնակցությունը, որը բոլորիցս լա՜վ գիտի իր, ներողություն, հայ ժողովրդի շահերը, հետեւաբար խորհուրդների կարիք բնավ չունի:
Միեւնույն թերթը գրում է, որ թելեթոնի ընթացքում ստուդիա է այցելել արտգործնախարար Վարդան Օսկանյանը` Վաշինգտոնում մեր դեսպան Թաթուլ Մարգարյանի ընկերակցությամբ, ըստ երեւույթին անձնական ներկայությամբ քաջալերելու կուսակցական այդ ձեռնարկը: Արդեն թերթից դեռ մի քանի օր առաջ այդ մասին շեփորել էր անունով Հանրային, ձեւով խառը, բովանդակությամբ դաշնակցականամետ «Հայլուրը», առանց մտահոգվելու, որ «թելեթոն» բառը ինքնին սերտորեն շաղկապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որ տարին մեկ Լոս Անջելեսում թելեթոն է կազմակերպում կաթիլ-կաթիլ գումար հանգանակելու համար: Առանց հիշելու, որ մեր ժողովրդի ներկայիս գլխավոր խնդիրը Արցախի վերակառուցումն ու վերաբնակեցումն է, առանց որի Վաշինգտոնում թե այլուր պատրաստվող «մեր ապագա քաղաքագետները» ոչինչ չեն կարող «լսելի դարձնել աշխարհին» եւ օգնության ոչ մի «ծվեն» չի կարող օգնել այլեւս Հայրենիքին ու Արցախին, էլ ո՜ւր մնաց «միացյալ հայրենիքին»:
Բայց մի կողմ թողնենք «Հայլուրին»: Նա էլ հավանաբար ի՛ր տրամաբանությունը ունի եւ բնավ կարիք չունի այլոց խորհուրդների:
Իսկ պետական ո՞ր տրամաբանությունն է առաջնորդել մեր արտգործնախարարին ու դեսպանին դեպի «Գլենդեյլ ստուդիո»: Գեթ նրանք գիտեն, թերեւս բոլորիցս լավ, «Հայաստան» հիմնադրամի` մեր միակ գործուն համահայկական եւ համապետական այդ կառույցի նշանակությունն ու դերը: Նրանք մասնագիտորեն գիտեն, որ թելեթոն միջոցառման ձեւը նվիրագործված է «Հայաստան» հիմնադրամի համար եւ կրկնությունը որեւէ այլ` նույնիսկ ամենաազնիվ նպատակների համար, ուղղակի հարված է համահայկական եւ համապետական այդ կառույցին, որն արդեն վերջին տարիներին, ոգեւորության պակասի՞, աշխատուժի սակավությա՞ն մեկ այլ պատճառով հետզհետե ավելի քիչ գումարներ է հանգանակում:
ՀՅԴ-ի այս նոր նախաձեռնությունը, որը կարող էր բոլորովին այլ անուն եւ հանգանակության այլ ձեւեր որդեգրել, սպառնում է ավելի եւս պակասեցնել հանգանակվող այդ գումարները:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ