«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


«ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ»

Սակայն ցմահ բանտարկության են դատապարտվել 3 զինծառայողներ

«Հայաստանում մարդը շարունակում է անպաշտպան մնալ: Ոտնահարված է մարդու կարեւորագույնՙ արդար դատավարության իրավունքը: Դրա վառ օրինակն է մայիսի 30-ին վերաքննիչ դատարանի ցմահ ազատազրկման դատապարտված, «Մատաղիսի» գործով մեղադրվող զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի գործը: Արդար դատաքննության իրականացման պահանջը Հայաստանում հակադարձվում է իր տեսակի մեջ աննախադեպ դաժանությամբՙ հաշվեհարդարով: Դատարանը չխորշեց ցմահ ազատազրկման դատապարտել 20-ամյա երիտասարդներին ապացույցների բացակայության պայմաններում», ասված է մի խումբ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների երեկ տարածած հայտարարության մեջ: Նրանք հասարակությանը կոչ են անում պայքարել անհիմն ցմահ բանտարկության դատապարտված հիշյալ երիտասարդների գործով արդարադատության իրականացման համար եւ դատապարտել դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ գործող «ստալինյան տրոյկաների» գործելակերպը:

Հիշեցման կարգով նշենք, որ ԼՂՀ ՊԲ Մարտակերտի թիվ 33651 զորամասի շարքային զինծառայողներ Մովսես Մկրտումյանն ու Ռոման Եղիազարյանը, ըստ նախաքննության, անհետացել են 2003 թ. դեկտեմբերի 24-ին: Նրանց սպանության վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2004 թ. հունվարի 9-ին, Մկրտումյանի դիակը հայտնաբերելուց հետո, Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է հունվարի 10-ին:

Զինծառայողների շահերի պաշտպաններիՙ փաստաբաններ Զարուհի Փոստանջյանի եւ Ստեփան Ոսկանյանի պնդմամբ. «թե՛ մեղադրական եզրակացությամբ, թե՛ դատարանում հնչած մեղադրական ճառով Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության օրը, ժամը, վայրը ու հանգուցյալների սպանության մեխանիզմները չեն համապատասխանում իրականությանը»: Ըստ դատաբժշկական փորձագետի եզրակացության, «Եղիազարյանի դիակի վրա առկա են տարբեր չափսերի 25 վերքեր, արյունազեղումներ, որոնք նա ստացել է կենդանության օրոք եւ դրանք նրա մահվան հետ կապ չեն ունեցել, նրա մահը վրա է հասել պարանոցի շրջանում հարված ստանալուց հետո, նրա մարմնի գրեթե բոլոր մասերում առաջացել են արյունահոսող վերքեր: Ըստ դեպքի վայրի արձանագրության, արյան հետքեր չեն հայտնաբերվել: «Քրգործի նախաքննությամբ հիմնավորված հանգամանքը, թե իբր Մկրտումյանի եւ Եղիազարյանի սպանությունը տեղի է ունեցել 24.12.2003 թ. եւ նրանց դիակները հենց նույն օրն են հայտնվել ջրանցքում, անհիմն է, շինծու եւ չի հաստատվում գործում առկա բազմաթիվ ապացույցներով»:

«Մեդիա» սրճարանում հրավիրած երեկվա ասուլիսում փաստաբանները ներկայացրին մայիսի 30-ի դատավարության մանրամասները, շեշտելով, որ արդար դատավարություն անցկացնելու իրենց պահանջը հակադարձվել է աննախադեպ դաժանությամբՙ դատարանն առանց ապացույցների ցմահ բանտարկության է դատապարտել 3 անմեղ երիտասարդների:

«Դատավարական կոպիտ խախտումներով ընթացավ ոչ միայն վերջին դատական նիստը, այլեւ դրան նախորդածները: Մենք, իհարկե, համոզված էինք, որ այդպես է ընթանալու, բայց այդպիսի պատվեր եւ մեր պաշտպանյալների նկատմամբ այդօրինակ դաժանություն չէինք սպասում: Նրանց արդարացնելու մեր պայքարն առայժմ չի հաջողվում, որովհետեւ շատ ուժեղ մեխանիզմի դեմ ենք աշխատում: Բոլորը համոզված են, որ այս երեխաները որեւէ կապ չունեն հանցագործության հետ, նույնիսկ սպանվածներից մեկի հայրը դատավճռի հրապարակման ժամանակ արտահայտություններ է արել, որի համար նրան դահլիճից դուրս են հանել»: Իսկ կա՞ն տվյալներ իրական մեղադրյալների մասին: «Բազմաթիվ վկաների ցուցմունքներով, այդ սպանությունը կատարել է նույն զորամասի հրամանատարական կազմը, կոնկրետ այդ գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանի անունն է նշվում: Մինչդեռ գործի քննության ընթացքում հրամանատարներից ոչ մեկը հարցաքննության չենթարկվեց: Դա եւս հաստատում է, որ այս գործի հետեւում կանգնած են ուժային հզոր կառույցներ: Սակայն մենք համոզված ենք, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է եւ անմեղ դատապարտված զինծառայողներն արդարացվելու են»:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4