Երկու օր առաջ տպված «Թելեթոնը թողեք «Հայաստան» հիմնադրամին» վերնագրով իմ հոդվածին առաջին արձագանքողները եղան հիմնադրամի Ֆրանսիայի շրջանակի ներկայացուցիչներից, որոնք թելեթոնյան դրամահավաքի ձեւը միայն «Հայաստան» հիմնադրամին վերապահելու իմ հորդորը դրական գնահատելով հանդերձ բողոքեցին, թե, մյուս կողմից, հոդվածիս վերջում ճիշտ չեմ ներկայացրել հիմնադրամի հանգանակած գումարների իրական պատկերը, որոնք, ըստ իրենց եւ ըստ էության, ոչ թե նվազելու, այլ հետզհետե ավելանալու միտումներ ունեն: Նրանք վկայակոչեցին հանգանակված գումարների մասին մեր թերթում հրապարակված 2005 թ. պաշտոնական տվյալները, որոնք հասել են 12 մլն 700 հազար դոլարի, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներինՙ 7,5 մլն դոլարի:
Որոշ վերապահությամբ ընդունելով արդար քննադատությունը հավելեմ, որ առաջիկայում առանձին հոդվածով փորձելու եմ անդրադառնալ հիմնադրամի գործունեության որոշակիՙ իմ կարծիքով, հիմնական խնդիրներին, որոնց մասին սովորաբար նախընտրում ենք չբարձրաձայնել: Օրինակՙ ինչպես է պատահում, որ աշխարհում 8-9 մլն հայությունը տարեկան ընդամենը 12-13 մլն դոլարով է մասնակցում համահայկական նվիրահավաքին:
Երկրորդ արձագանքողը, արդեն հրապարակային, եղավ ՀՅԴ Հայաստանի պաշտոնաթերթ «Երկիրը», որն իր երեկվա համարում քննադատեց իմ հոդվածը «Խանդի տեսարա՞ն, թե՞...» վերնագրի ներքո: Չեմ ուզում անդրադառնալ այդ հոդվածին, նույնիսկ թուրքական անասելի զուգահեռին: Միայն մի խոստովանությունՙ այո՛, խանդում եմ, խանդում եմ համահայկական հիմնադրամի համար:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ