«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2006-06-01 | #101, 2006-06-02 | #102, 2006-06-03


ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ` ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԴԵՊ

Վերջերս Արտասահմանյան Ռուս ուղղափառ եկեղեցին Սան Ֆրանցիսկոյում գումարած 4-րդ ժողովի ժամանակ հանդես եկավ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքության հետ իր վերամիավորման նպատակի մասին մի հայտարարությամբ, որ հայերիս համար խիստ ուշագրավ է «մեկ ազգ, մեկ եկեղեցի» կարգախոսը որպես իրապես կյանքի կոչված օրինակ տեսնելու առումով: Աղանդավորների ու մեղքի աննախադեպ տարածման հանապազորյա մարտահրավերների հետ համատեղ եկեղեցու բաժանվածությունն այն դեպքն է, երբ ինչպես ասում են` հայ եւ ռուս եկեղեցիները մի տնից չեն, բայց մի հալից են: Հարց է առաջանում` Ռուս Ուղղափառ եկեղեցուց հնչած նման ավետիսը կարո՞ղ է նախադեպ լինել Հայ առաքելական եկեղեցու վերամիավորման համար, թե՞ ոչ: Առիթ ունենալով Հայաստանում տեսնել Հայր Ալեքսանդր Վասյուտինին, որը Մոսկվայի պատրիարքության ոչ քաղկեդոնական եկեղեցիների բաժնի վարիչն է, վերոհիշյալ եւ մի քանի այլ հարցեր ուղղեցինք Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականին:

- Հայր Ալեքսանդր, հայտնի է, որ ռուս եկեղեցու երկու կողմերի վերամիավորումը երկար տարիների գործընթացի, ջանքերի արդյունք է: Ինչպե՞ս այն հաջողվեց:

- Այն իրականացավ, քանի որ այլեւս բացակայում է ԽՍՀՄ-ի քաղաքական պատվերը` խորացնել պառակտումը: Սակայն իրականում անխուսափելի են Ռուս եկեղեցու երկու մասերի միջեւ թերհասկացողությունները, բայց հուսամ, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի արդյունավետորեն եւ ջանադիր աշխատել, որպեսզի վերջին խոչընդոտները վերացվեն:

- Մասնավորապես ինչպիսի՞ խոչընդոտներ կան:

- Օրինակ մեր եկեղեցու անդամակցությունը ԵՀԽ-ին թյուրըմբռնում է առաջացնում արտասահմանյան եկեղեցու մոտ, որովհետեւ ինչպես եւ մեր հին ավանդական դավանաբանությունից է բխում, բոլոր մյուս քրիստոնեական եկեղեցիները խոտորված են եւ նրանց եկեղեցական կարգավիճակը ընդունելի չէ: Սա խիստ բնական, կանոնական հասկացողություն է ավանդական եկեղեցիների համար: Մյուս կողմից փաստը, որ մենք փորձում ենք նստել Հռոմի կաթոլիկ ու տարատեսակ բողոքական եկեղեցիների հետ բանակցությունների սեղանի շուրջ, առաջացնում է արտասահմանյան Ռուս եկեղեցու թյուրըմբռնումը: Խոսքն առաջին հերթին անգլիկան եկեղեցուն է վերաբերում, քանի որ մեծ անհանգստություն է պատճառում հանգամանքը, որ արեւմտյան եւ մերձարեւմտյան ազատական եկեղեցիներում արդեն արմատավորվել է կանանց հոգեւորականի կարգ շնորհելու, նրանց հովվական ու եպիսկոպոսական ծառայության կոչելու, ինչպես նաեւ թույլտվությունը բացահայտ միասեռականներին ծիսական խորհրդին մասնակցելու համար, ինչպես որ դա տեղ է գտնում ԱՄՆ-ի մունիցիպալ (եպիսկոպոսական) եկեղեցում: Պարզապես արտասահմանի ռուս եկեղեցին այս հարցերին ունի առավել կոշտ մոտեցում, մինչդեռ մեր կարծիքով դեռ իմաստ ու կոնկրետ նպատակներ կան նրանց հետ բանակցելու: Վերջին տարիներին մենք սկսեցինք խոսել քրիստոնեական արժեքների եւ Եվրոպայի ապագայի համար նրանց նշանակության մասին: Բողոքական եկեղեցիները արդյունավետորեն միացան այդ երկխոսությանը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Արտասահմանի ռուս եկեղեցու ղեկավարության ու հոգեւորականների հետ դեռ մեզ երկար զրույցներ են սպասվում` միջքրիստոնեական երկխոսությանը մեր մասնակցության իմաստի մասին: Չնայած, որ կան թեմաներ` հատկապես աստվածաշնչյան կանոններ, որոնք քննարկման ենթակա չեն եղել ու չեն դառնա երբեւէ:

- Ճիշտ է, Հայ եկեղեցին նման խնդիրներ չունի, այնուամենայնիվ, մեր զրույցի ընթացքում Դուք խոսեցիք երկու եկեղեցիների նմանատիպ իրավիճակների մասին:

- Անշուշտ, հայ եւ ռուս եկեղեցիների պառակտման պատճառները սկզբունքորեն տարբեր են, սակայն հայ եկեղեցում եւս միավորման հնարավորություններ կան: Խորհրդային անաստվածության տարիներին հայաստանյան եկեղեցին ենթարկվեց դատարկելու միջոցով քայքայման: Փաստը, որ իսպառ վերացվեցին հոգեւորականության ավանդույթները, արդեն իսկ վկայում է այն խորը վնասվածքի մասին, որ կրել է Հայ առաքելական եկեղեցին ԽՍՀՄ-ի ժամանակ: Հիմա տեսնում ենք որ անաստված պետության եւ հակակրոնական քարոզի խոչընդոտը հեռացված է, ավելին բացվում են նոր հոգեւոր դպրանոցներ, Հայաստանում եւ արտասահմանում կրթվում ու դաստիարակվում են երիտասարդ հոգեւորականներ եւ աստիճանաբար իրավիճակը բարելավվում է: Այդ պատճառով, վստահ եմ, որ քաղաքական, տնտեսական պատճառների վերացմանը զուգահեռ Հայ առաքելական եկեղեցու կյանքը կլավա, եւ բաժանության հետ կապված հարցերը սերնդափոխության հետ նույնպես կվերանան: Բարեբախտաբար, Հայ եկեղեցու երկու մասերի մեջ չկա այն պառակտումը, որ ունի ռուս եկեղեցին, այսինքն հոգեւորականները կարող են միասին ծես անել, Արամ Ա կաթողիկոսը կարող է գալ Հայաստան, որքան հասկանում եմ, նա այստեղ ցանկալի հյուր է: Ես տեսել եմ լուսանկարը, թե ինչպես է նա մասնակցում Գարեգին Բ վեհափառի կաթողիկոսական ձեռնադրությանը, իսկ մեզ մոտ բանը հասել էր նրան, որ մեր եկեղեցին Արտասահմանյան ռուս եկեղեցու կողմից համարվում էր կարմիր, հոգեւորականներին կասկածում էին ՊԱԿ-ի անդամ լինելու մեջ, համարում էին սատանայի ծառաներ, ռուս հավատացյալները Արտասահմանյան ռուս եկեղեցու շատ հոգեւորականների կողմից վերամկրտվում էին` չճանաչելով միմյանց մկրտությունը:

- Ուրախ եմ եւ ուզում եմ հավատալ, որ նման անհանդուրժողականությունն այլեւս անցյալում է: Գալով հայ եւ ռուս եկեղեցիների հարաբերություններին, ինչպե՞ս կգնահատեք դրանք:

- Արդեն վեց անգամ եղել եմ Հայաստանում, այդ թվում` նաեւ Արցախում: Մոտ մեկ շաբաթ առաջ էլի այստեղ էի: Հետաքրքրական է, որ իմ առաջին աշխատանքային այցից հետո, այսինքն 2004-ից ի վեր, իմ եւ Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների կապը չի ընդհատվել: Նախատեսվում է ՌԴ ի ՊՆ-ի, ինչպես նաեւ Մոսվայի պատրիարքության ԶՈՒ եւ իրավապաշտպան մարմինների հետ հարաբերությունների պատվիրակությունների համատեղ այց` ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով զինվորական հոգեւորականության հետ կապված օրենսդրական բազայի հետ ծանոթանալու նպատակով: Համատեղ ծրագրերից ավարտվել է Հայաստանի քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակին նվիրված երկկողմանի աստվածաբանական քննարկումների առաջին մասը, պատրաստ է երկրորդը` մնացել է միայն ժամանակը, տեղն ու պատվիրակությունների կազմը հաստատել: Սա ոչ այնքան աստվածաբանական գաղափարախոսության հետ կապված հարցերի քննություն է, որքան գործնական:

Մեզ մոտ հայ քրիստոսաբանական տեսակետի նկատմամբ խորը հետաքրքրություն կա: Չէ՞որ այն բաժանում է մտցրել մեր եկեղեցիների մեջ ավելի քան 1500 տարի: Պետք է ինչ-որ կերպ աստիճանաբար հաղթահարենք բաժանումը: Այստեղ, խոսքը այն թյուրըմբռնման մասին չէ, որ Ռուս եկեղեցին «կուլ է տալու» Հայ եկեղեցին, Աստված չանի, ուղղափառ դավանաբանության մեջ ընդունված է, որ յուրաքանչյուր ազգային եկեղեցի գոյատեւում է ինքնավար եւ ինքնագլուխ կերպով: Խոսքը Ուղղափառ եկեղեցու ընտանիքը (այդ թվում են նաեւ ղպտի, եթովպական եւ ասորի եկեղեցիները) վերամիավորելու մասին է: Սակայն, քանի որ խոչընդոտները շատ են, դա առայժմ իրականանալի չէ:

- Ի՞նչ խոչընդոտներ են դրանք, եւ մի՞թե վերամիավորում հնարավոր է:

- Ամենաբարդ հարցերից է այն, որ ասորի եւ ղպտի եկեղեցիներում կան սրբեր, որոնց ռուս եկեղեցին համարում է հերետիկոսներ եւ նզովում է նրանց: Նման հարցերը գուցե ոմանց համար տեսական եւ «եթերային» են, բայց իրականում դրանք հանապազորյա խնդիրներ են: Ես կարծում եմ, որ գոնե իմ կյանքի օրոք վերամիավորումը հնարավոր չէ: Այնուամենայնիվ, դա լուծելի հարց է, ինչպե՞ս` չգիտեմ: Մի բան գիտեմ, որ եկեղեցիների վերամիավորման օրինակներ պատմությունն ունի:

Կարծում եմ պետք է առավել խորը համագործակցություն լինի, ինչպես աստվածաբանական տերմինով ենք ասում «փոխներթափանցում»: Օրինակ, ես հաճույքով եմ արձանագրում, որ պատկերապաշտությունը մտնում է հայկական եկեղեցու կենցաղի մեջ, որը պատմական յուրահատկություն չունի: Այսինքն, մենք գիտենք, որ այստեղ շատ երկար ժամանակ գոյություն են ունեցել պատկերամարտական շարժումներ, բայց հիմա աստիճանաբար նաեւ ռուս եկեղեցու ներկայության արդյունքում մարդիկ սկսել են սիրել սրբապատկերները: Նույնը կարելի է ասել Հարության տոնի կուլիչների մասին, որ հայկական չեն, բայց տեսնում ենք, որ շատ հայեր Զատկին դա դնում են իրենց տոնական սեղաններին:

- Աղանդավորները, միասեռականները, բարոյական ու հոգեմտավոր այլ ախտերի տարածողներ այսօր վտանգ են բոլոր հասարակությունների համար: Հետաքրքրական է իմանալ, թե ինչպե՞ս է դիմագրավում Ռուս ուղղափառ եկեղեցին դրանց:

- Ճիշտ է, մեղքը միշտ է եղել, սակայն չի եղել նման իրավիճակ` երբ պետությունը քաշվելով մի կողմ չեզոքությամբ է վերաբերել չարի քարոզչությանը: Այստեղ է, որ եվրոպական ժողովրդավարական արժեքները չակերտավոր են դառնում: Մանավանդ, երբ անդրադառնում ենք երիտասարդության դաստիարակությանը: Եթե կարեւորվում է տնտեսական ծրագրավորվածությունը, դրամական հետաքրքրությունը, ապա ամենակարեւորը լավ վաճառքն է: Այս առումով որքան մարդը այլասերված է, քայքայված, այնքան նա իդեալական սպառող է: Ենթադրենք, թե մարդը հարբեցող է, հասկանալի է, որ նա անընդհատ կգնի սպիրտային խմիչք: Իսկ եթե ողջ հասարակությանը մղեն ալկոհոլիզմի, ապա, բոլորն իրենց աշխատավարձը կմսխեն գինու խանութներում: Մեր օրերում անշուշտ հոգին էլ է վաճառքի հանված մի ապրանք, որը գովազդի է ենթարկվում: Ես ականատեսն եմ զանգվածային փաստերի, թե ինչպես է մարդկային անհատականությունը հաշմվել այնպիսի կազմակերպությունում ինչպիսին Եհովայի վկաներն են: Ինձ միշտ ապշեցրել է այն ծայրահեղ ագրեսիվությունը, որով այդ մարդիկ վերաբերում են ավանդական քրիստոնեությանը:

Արեւելաեվրոպական հասարակությունը մասնակիորեն պատանդի վիճակում է: Մեզ անընդհատ դատում են Բրյուսելում , Ստրասբուրգում, Վաշինգտոնում, Լոնդոնում ուրիշ շատ տեղերում: Յուրաքանչյուր ոք, ով չի համապատասխանում Բրյուսելի կամ Վաշինգտոնի պատկերացրած դեմոկրատական արժեքներին, հիվանդագին հակադարձություն է ենթարկվում: Սրան համեմատ եկեղեցին չունի ոչ մի հնարավորություն եւ իրավունք` պայքարելու աղանդների դեմ: Եկեղեցին իր հոգեւորականների ելույթներով միայն կարող է հիշեցնել որոշ պաշտամունքերի վտանգի մասին, բայց իրավականորեն յուրաքանչյուր նմանօրինակ հայտարարություն կարող է վիճարկվել դատարանում եւ աղանդին ու պաշտամունքին դեմ խոսող մարդը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել զրպարտության ու բարի անունն արատավորելու մեղադրանքով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4