Սպասումները մնացին, իսկ ինչ-որ բան փոխվե՞ց
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 4-ին մոտ 4 ժամ տեւած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ տետ-ա-տետ հանդիպումը Բուխարեստում շարունակվեց նաեւ հունիսի 5-ին: Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, ԵԱՀԿ նախագահ Կարել դե Գուխտի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ էր:
Հունիսի 4-ի երեկոյան Քոչարյան-Ալիեւ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը որակեց «բարեկամական մթնոլորտում անցած հանդիպում»: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, Ռամբույեի բանակցությունների համեմատությամբ Ռումինիայում Լեհաստանի դեսպանատանը կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպումը լիովին այլ կարգի էր, «իսկ մթնոլորտը միշտ էլ լավ է եղել»: Այդ օրվա հանդիպումից հետո Քոչարյանը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել բանակցությունները, քանի որ չկար մամուլի հետ խոսելու համաձայնություն: Ալիեւն ընդհանրապես ոչինչ չի ասել: Ընդհանուր առմամբ հանդիպմանը գնահատական է տվել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն, ըստ որիՙ Բուխարեստում չհամաձայնեցված մնաց Ռամբույեի հանդիպման ժամանակ խնդիր դարձած «մեկ» կետը, չնայած առաջարկվել էին նոր մոտեցումներ նույն այդ հարցին: Նշենք, որ չճշտված տեղեկություններով, դա վերաբերում է Քելբաջարին:
Մինչդեռ «Նովոստի Արմենիայի» մատուցմամբ, Ռոբերտ Քոչարյանը Բուխարեստում հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնք գրեթե կապված չեն քննարկվող թեմայի հետ, տպավորություն են ստեղծում, թե մյուս կողմն այնքան էլ տրամադրված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ որոշումների: «Մենք քննարկում ենք տարբերակ, որն, իմ համոզմամբ, հնարավորություն է տալիս ունենալ երկարատեւ եւ խաղաղ կարգավորում: Բայց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից ես ունեմ համեստ սպասումներ», ասել է Ռ. Քոչարյանը: Քոչարյանը զարմանք է հայտնել Ադրբեջանի այն հայտարարությունների կապակցությամբ, թե հարցը պետք է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Ղարաբաղի որոշակի ինքնավարության աստիճանի պարագայում:
Ըստ Ռ. Քոչարյանի, ՄԱԿ-ի ստեղծման օրվանից չի եղել մի դեպք, երբ ինքնորոշման իրավունք կիրառած եւ փաստացի անկախության հասած ժողովուրդը փոխի իր որոշումը եւ վերադառնա այն պետության կազմը, որից առանձնացել էր: «Ես չեմ հասկանում, ինչո՞ւ հայ ժողովուրդն ու ղարաբաղցիները պետք է լինեն առաջինը, որոնք պիտի որոշեն, թե անկախությունն ինչ-որ պատճառներով նրանց հարմար չէ: Մենք նման եզրակացությունների առիթ չենք տվել»:
Այս տարի Քոչարյան-Ալիեւ երկրորդ հանդիպումը շարունակվեց նաեւ հունիսի 5-ին մոտ երեք ժամ, որից հետո Քոչարյանն ու Ալիեւը որեւէ կերպ զանգվածային լրատվամիջոցների համար չմեկնաբանեցին հանդիպումը:
Թե ինչո՞ւ էր Հայաստան-Ադրբեջան նախագահական մակարդակով հանդիպման համար ընտրվել Լեհաստանի դեսպանատունըՙ պարզ չէ եւ չի մեկնաբանվում: Ինչպես նաեւ ոչինչ չի հաղորդվում բուն բանակցությունների մասին: Միայն ասենք, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը բուխարեստյան հանդիպման ժամանակ նշում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է եւ պետք է լուծվի, իսկ միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է: Ընդ որում Ֆրիդը եւս մեկ անգամ հնչեցրել է վերջերս հաճախակի դարձած այն միտքը, թե համաձայնության ձեռքբերումը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից, որոնց Միացյալ Նահանգները լուրջ անձ է համարում:
Միեւնույն ժամանակ, Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ներկա բանակցությունների առնչությամբ նշել է, որ չի ցանկանում եւ չի կարող դրանք մեկնաբանել, հավելելով, որ ներկայումս բացառիկ հնարավորություն կա իսկապես սկսելու հակամարտության լուծման գործընթացը: Այլապես այդ հնարավորությունը գիսաստղի նման չի վերադառնա:
Թե իրականում ո՞ւր է հասել բանակցային գործընթացը, եւ արդյոք կողմերը ցանկություն ունե՞ն փոփոխելու ստատուս քվոյի վիճակը, կարող է պարզվել միայն բանակցային օրակարգի հրապարակման դեպքում: Իսկ մինչ այդ, այս տարի արդեն երկրորդ անգամ Քոչարյան-Ալիեւ տետ-ա-տետ հանդիպման կազմակերպումն ու իրականացումը միջնորդների սպասումների վկայությունն են, մյուս կողմիցՙ զիջումների անհրաժեշտության համատեքստում բանակցային գործընթաց ոչ մի կերպ չեն հիշեցնում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները երկրի տարածքային ամբողջականության «անքննելիության» մասին: