Իսրայելական «Հաարեց» թերթի հունիսի 1-ի համարում տպագրված «Հայերը զայրանում են: Թել Ավիվի ռեստորանը մեծարում է հայկական ջարդերն իրականացնողին» հոդվածն անդրադարձել է թուրքական «Փաշա» ռեստորանի նախաձեռնությամբ հրատարակված Աբդուլ Համիդ II-ի պատկերով պաստառին, որի տարածումը խորապես զայրացրել է Իսրայելում բնակվող հայերին: Պաստառի վրաՙ Համիդի լուսանկարի գլխավերեւում գրված է. «Շնորհակալություն սուլթան Աբդուլ Համիդին», իսկ ներքեւում նշված են հայկական ջարդերի տարեթվերը:
«Փաշա» ռեստորանի տերը որոշել է նրան մեծարել ու շնորհակալություն հայտնել, որովհետեւ քրդերին հայերի դեմ հրահրելով, Համիդն իրականում նպաստել է Թուրքիայի հրեաների Իսրայել փախչելուն: Հոդվածը պատրաստած 2 թղթակիցներն ընթերցողին ներկայացրել են որոշ տվյալներ 1894 թվականի հայկական ջարդերի մասին: «Այդ ժամանակ այնտեղ հաշվում էր 2,5 մլն հայ, որոնց անկախության ձգտումը խիստ անհանգստացնում էր սուլթանին: Իր իշխանությունը պահպանելու համար սուլթանը քրդերին հրահրեց հայերի դեմ, դրան հաջորդեցին քրդերի թշնամական տրամադրությունները, ճնշումներն ու հայերից բարձր հարկեր պահանջելը: Այդ ամենն ըմբոստության ալիք առաջացրեց հայերի շրջանում, եւ դրանից օգտվելով քրդերը 1894-1896 թթ. կոտորեցին հազարավոր հայերի: Միջազգային հանրությանը իրազեկելու նպատակով հայերը գրավեցին Ստամբուլի բանկը, որի համար թուրքերը սպանեցին հազարավոր հայերի: Այդ իրադարձությունն ավելի ուշ բնութագրվեց որպես «հայերի առաջին ցեղասպանություն»: Դրանից 19 տարի անց տեղի ունեցավ «հայերի երկրորդ ցեղասպանությունը», որը տեւեց 3 տարի: Այդ երկուսի ընթացքում սպանվեց 1 մլն հայ»:
Այնուհետեւ հոդվածում մեջբերվում է Թել Ավիվի «Բաց համալսարանի» պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների հեղինակ Յաիր Օրոնի հետեւյալ խոսքերը. «Սուլթան Համիդ II-ի ծրագրով այդ տարիներին սպանվեց 200 հազար հայ, որի համար Համիդը ստացավ «կարմիր սուլթան» անունը: Այսօր գտնել մի հայտարարություն, որը կոչ է անում հիանալ ռեստորանի տարածած այդօրինակ բացատրությամբ, պարզապես անընդունելի է եւ անտանելի: Այդ արարքի մեջ ակնհայտ է զոհերի հանդեպ ծաղրը»:
Ռեստորանի տպագրած պաստառը խիստ զայրացրել է Իսրայելում բնակվող հայերին: Հասարակական գործունեությամբ զբաղվող Նամի Նալբանդյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: «Ռեստորանը նշել է պատմական իրողության փաստ, բայց արդյոք դրա համար պե՞տք էր շնորհակալություն հայտնել թուրքերին: Մի՞թե նրանք այսօր շնորհակալություն են հայտնում Հիտլերին: Այս ամենն ուղղակի նողկալի է: Ես չեմ դիմի այդ ռեստորանին, որը փառաբանում է ոճրագործի անունը, այլ իմ գործընկերոջ հետ նամակ կհղենքՙ պահանջելով վերջ տալ այս արշավին:
Ես սարսռում եմ այն մտքից, որ հրեաները պատասխանատու են այսպիսի արարքի համար: Ուղղակի ամաչում եմ», ասել է Նալբանդյանը:
«Փաշա» ռեստորանի տնօրենը ներողություն է խնդրել ու խոստացել անպայման փոխել պաստառը. «Տպագրատուն էինք վարձել եւ այդպիսի հայտարարություն անելու գաղափար առաջացավ: Չէինք կարծում, որ պատմական այդքան տխուր իրողության մասին էր խոսքը, չգիտեինք, որ դա հանգեցրել է ցեղասպանության: Մեր հաճախորդներից մեկն այդ գրությունը տեսնելուց հետո մեզ ֆաքս էր ուղարկել, դրանից հետո անմիջապես որոշեցինք փոխել այն: Միտումնավոր չենք արել, մենք էլ ազդվեցինք դրանից: Եթե պատմությանն առնչվող նոր ազդագրեր հրատարակենք, անպայման փաստերը նախապես հիմնովին կստուգենք», ասել է «Փաշայի» տերը:
Հոդվածն ավարտվում է Յաիր Օրոնի հետեւյալ խոսքերով. «Իսրայելն ընդհանրապես չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Այդ հարցում նա դարձել է Թուրքիայի ժխտողական քաղաքականության անուղղակի թեւանցուկն ու աջակիցը:
Եվ մենք, որպես շոայից (եբրայերենՙ ցեղասպանություն) փրկված ժողովուրդ, հատկապես մե՛նք պետք է հայտնենք ցեղասպանության զոհերի ճանաչման մասին»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ