Ռուսաստանի ԶԼՄ-ները, ասես խոսքերը մեկ արած, չափից դուրս «լայնորեն» մեկնաբանեցին ՌԴ Դաշնային խորհրդում Կալմիկիայի ներկայացուցիչ Լեւոն Չախմախչյանի «մերկացման» իրադարձությունները: Պարզ է դառնում, որ եթե մինչ այդ մերժված 4 սենատորներին քրեական պատասխանատվություն չի սպասում, ապա Չախմախչյանի գործը կարող է այլ ընթացք ու լուծումներ ստանալ:
Եթե ուզում եք իմանալ, այս գործի մեջ ամենահանելուկայինը հետեւյալն է` մեր ազգակիցը զոհ գնաց պատահականությա՞նը, թե՞ ամեն ինչ նրա դեմ պլանավորված էր ի սկզբանե: Որովհետեւ ցանկության դեպքում կոռուպցիայի մեջ խրված Ռուսաստանում յուրաքանչյուր սենատորի թե պատգամավորի կարելի է նստեցնել: Պառլամենտի վերին պալատը հատկապես մեծահարուստների յուրօրինակ ակումբ է հիշեցնում. ըստ «Ֆորբս» ամսագրի տվյալների, հենց միայն տասից ավելի սենատորներ մտնում են երկրի 100 միլիոնատերերի ցուցակի մեջ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկու պալատում էլ այդ մարդիկ ավելի շատ զբաղված են ոչ թե օրենսդրության կատարելագործմամբ, այլ լոբբիզմով, միջնորդություններով, բնական է` ոչ անշահախնդիր: Այդ դեպքում` ինչո՞ւ հենց Չախմախչյանը: Դժվար է հիշել որեւէ դեպք, որ ռուսաստանցի մի այլ կաշառակեր պաշտոնյայի մերկացնելու գործողության մասին նախապես տեղյակ պահեն երկրի ղեկավարներին` նախագահից սկսած, ու, առավել եւս, այնուհետեւ տարփողեն հրապարակայնորեն: Մեր հայրենակցի վիճակը բարդանում է նաեւ այն բանով, որ «հանցակիցները» եւս հայեր են` փեսան` Արմեն Հովհաննիսյանը եւ Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի գլխավոր հաշվապահ Իգոր Առուստամովը (եթե շատ ուզեն, կդառնա «ազգակցական էթնիկական հանցախումբ»):
Եվս մի հանգամանք. այս երկրի քաղաքական շրջանակներում շատերն են հանդես գալիս սենատորներին նշանակելու (եւ ոչ թե ընտրելու) արարողակարգի դեմ: Եվ կարելի է ենթադրել, որ այդ հարցը սրելու եւ քննության առարկա դարձնելու նպատակով կազմակերպվել է սադրանք: Բայց ինչո՞ւ պիտի զոհ գնար հենց հայ մարդը:
Գուցե մխիթարվենք, որ մյուս հային` Խակասիայի ներկայացուցիչ Արկադի Սարգսյանին «ընդամենը» ազատեցին աշխատանքից` հետ կանչեցին:
Ռուսաստանի պառլամենտի վերին պալատում միայն մի հայ մնաց...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա