«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ՊՈԼՍՈ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈԼՈՏ ՊԱՏՐԻԱՐՔԻՑ ՄԵԶ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՄՏԱՎՈՐ ԶԱՐԹՈՆՔԻ ՋԱՀԸ

Երանաշնորհ Հովհաննես Կոլոտ Բաղիշեցու մասին երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսն ասել է հետեւյալ խոսքերըՙ «Մտքի ու հոգու հրաշալի բարձունքի առաքյալն է Հովհաննես Կոլոտը: Նրա մեծագույն փառքը հանդիսացավ իր ծավալած հսկա աշխատանքըՙ կրթական ու գրական շարժում ստեղծելու ուղղությամբ: Իր շնչի տակ հասակ առան գիտուն ու նվիրյալ վարդապետներ, որոնք հետո շարունակեցին բարձր պահել իրենց պաշտելի հոգեւոր հոր եւ դաստիարակի վառած ջահը»:

Կոլոտ պատրիարքի հիշատակին էր նվիրված Մատենադարանի «Գրիգոր Նարեկացու անվան» նիստերի դահլիճում երեկ հրավիրված գիտական նստաշրջանը, որը բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ: Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանի բացման խոսքից հետո հնչեցին հետեւյալ ելույթները ՙ «Հովհաննես Կոլոտ պատրիարքը եւ արեւմտահայ մտավոր զարթոնքը» (Մատենադարանի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Տեր - Ստեփանյանը), «Հովհաննես Կոլոտ պատրիարքի վարած ազգային-մշակութային քաղաքականությունը 1720-ական թթ.» (քաղաքագիտության դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արմեն Այվազյան), «Պատրիարքի բնագրագիտական վաստակը եւ «Նարեկի» 1774թ. հրատարակությունը», (ԳԱ ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր պրոֆ. Պարույր Մուրադյան), «Պատրիարքը եւ հայատառ թուրքերեն գրականությունը» (ԳԱ ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյան):

Արժեւորելով Կոլոտ պատրիարքի ծավալած լուսավորական շարժումը, Արմեն Տեր-Ստեփանյանը փաստեց, որ այդ շրջանի ազգային զարթոնքն իրականություն դարձավ օսմանյան կայսրության հետ հավասարակշիռ հարաբերություններ ստեղծելու եւ ճկուն քաղաքականություն վարելու պատրիարքի առանձնահատուկ ձիրքի շնորհիվ: Լինելով չափազանց հավասարակշիռ, նա կարողացավ պատրիարքական աթոռին մնալ 26 տարի: Դա բացառիկ երեւույթ էր Պոլսում, որտեղ օսմանյան կայսրության պարագլուխների քմահաճությամբ, հայ պատրիարքներն արագորեն փոխվում էին:

Արմեն Այվազյանը շեշտեց պատմական չափազանց բարդ ժամանակաշրջանում ճիշտ կողմնորոշվելու եւ հայանպաստ վճիռներ կայացնելու պատրիարքի մեծ կարողությունը: «Երկարամյա ընդմիջումից հետո հայությունը նորից ոտքի էր կանգնել ու փորձում էր զենքով ձեռք բերել իր ազատությունն ու անկախությունը: Հատկապես 1720-ական թթ. օսմանյան կայսրությունը թշնամաբար էր տրամադրված հայության հանդեպ, որովհետեւ ռուս-պարսկական եւ ռուս թուրքական պատերազմների ժամանակ տարբեր ճակատամարտերում սպանվում էին հազարավոր թուրք զինվորներ: Արդեն իսկ ձեւավորվում էր հայ ժողովրդին բնաջնջելու քաղաքականությունը: Քաղաքական այդպիսի ծանր շրջանում Կոլոտ պատրիարքը մի կողմից ծավալեց թարգմանական, հրատարակչական բեղուն գործունեություն, մյուս կողմից փորձեց վերստին վստահություն ներշնչել Բարձր Դռանըՙ հայկական «միլլեթի» հավատարմության հանդեպ, ինչպես նաեւ դադարեցնել կաթոլիկության քարոզարշավի պատճառով աստիճանաբար թափ առնող հայության նոր պառակտումն ու ջլատումը: Կաթոլիկության նկատմամբ զիջողական քայլեր ձեռնարկելով, ե՛ւ Հովհաննես Կոլոտը, ե՛ւ Կարապետ Ուլնեցին միշտ եղել ու մինչեւ վերջ մնացել են հայ եկեղեցու վարդապետության դիրքերին», ասաց նա:

Պատրիարքի գործունեության ամենամեծ արժանիքներից մեկը Հասմիկ Ստեփանյանը համարեց թարգմանական դպրոցի ստեղծումը, որի հիմնական նպատակը հանրությանը կաթոլիկ գրականությանը ծանոթացնելն էր: «Ճանաչիր թշնամուդ, որ կարողանաս պայքարել նրա դեմ» սկզբունքով առաջնորդվելով նա հիմք դրեց մի շարժման, որ հետագայում կոչվեց զարթոնքի շրջան: «Նա կարողացավ հանդուրժող քաղաքականություն վարել եվրոպական տերությունների հետ, եւ մեղմացնել հայերին կաթոլիկ դարձնելու նրանց ձգտումները: Այդ շրջանում կաթոլիկների դեմ պայքարելը շատ դժվար էր հատկապես քարոզիչների կրթյալ եւ ուսյալ լինելու պատճառով: Ինչու՞ էին շեշտը դնում հայերի վրա, որովհետեւ հայը բարի էր, հավատացող, գիտություն եւ առաջադիմություն սիրող էր: Պատրիարքը կարողացավ ստեղծել պայքարի դպրոց, որը վերածվեց լուսավորական լայնածավալ շարժման: Հայատառ թուրքերենով գրականություն հրատարակելու գաղափարը նույնպես պատկանում է շինարար, դպրոցասեր Հովհաննես Կոլոտ Պատրիարքին»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4