«Մենք երբեք չենք համաձայնի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատմանը կամ անկախության հռչակմանը: Մենք կարող ենք Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին տրամադրել ինքնավարության աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր կարգավիճակը», ըստ «Ազատություն» ռադիոկայանի, NBC ամերիկյան հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Տարօրինակ կլիներ, եթե Ալիեւ կրտսերը մոռանար նշել, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման խնդիր չէ: Հարցազրույցում Ալիեւը հայտարարել է. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, բացառությամբ Հայաստանի, բոլոր երկրների միջազգային հանրության եւ ՄԱԿ-ի կողմից»:
Թեեւ Ալիեւի խոսքերով հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվելու է միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա, այնուամենայնիվ, Ղարաբաղում հայերին տրամադրվելիք «ինքնավարության աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր կարգավիճակն» Ադրբեջանի նախագահը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հստակ ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը, Ալիեւ կրտսերը խաղաղ կարգավորման եւս մեկ նախապայման է նշում. «Մեր (Ադրբեջանի-Ա. Հ.) տարածքներից Հայաստանի օկուպացիոն զորքերի անհապաղ դուրսբերումը»:
Հետաքրքրական է, որ ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիեւն ավելի շուտ կողմ է խաղաղ կարգավորմանըՙ առանց ռազմական «աքլորություն» ցուցադրելու: Մասնավորապես, Ալիեւի խոսքերով, Ադրբեջանին խորհուրդ է տրվում ռազմական ճանապարհ չենթադրել հակամարտության կարգավորման համար: «Մենք գտնում ենք, որ քանի դեռ կա վեճը կամ հակամարտությունը խաղաղ լուծելու հնարավորություն, պետք է մինչեւ վերջին պահն ընթանալ այդ ուղղությամբ», հայտարարել է Ալիեւը:
Հնարավոր չէ չնկատել, որ Ալիեւ կրտսերի խոսքերը եւ հայտարարությունները բովանդակությամբ խիստ պայմանավորված են լսարանով, քանի որ Ադրբեջանի ներքին սպառման համար պատերազմելու անհագուրդ ցանկություն դրսեւորող Ալիեւն ամերիկյան լսարանին ներկայանում է որպես «ճերմակ թեւերով խաղաղության աղավնի»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ