«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2006-06-07 | #105, 2006-06-08 | #106, 2006-06-09


ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԿԿԻՐԱՌՎԻ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի ամերիկյան համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հակասեյսմիկ տեխնոլոգիաների միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ եւ «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ու «Ռետինե նորույթ» ՍՊԸ-ի հովանավորությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանն ու Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիան հունիսի 15-17-ը կանցկացնեն «Սեյսմամեկուսացված բարձրահարկ շենքեր» թեմայով միջազգային համաժողովը: Նախատեսված են 5 գիտական նիստեր, միջազգային ցուցահանդես, ինչպես նաեւ տեխնիկական այցելություններ Երեւանում կառուցվող բարձրահարկ շենքերի շինհրապարակներ:

Համաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկն անցած տարի արել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանըՙ Ճապոնիայի Կոբե քաղաքում տեղի ունեցած սեյսմամեկուսացման 9-րդ համաշխարհային գիտաժողովի ժամանակ, քանի որ Հայաստանն առաջինն էր զարգացող երկրների մեջ, որտեղ կիրառվեց սեյսմամեկուսացումը, իսկ ներկայումս սեյսմամեկուսացման կիրառումն ունի մեծ առաջընթաց հատկապես բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների ու բարձրահարկ կառույցների համար: Աշխարհում առաջին անգամ այստեղ առանց բնակիչների տեղահանման եւ շենքերի շահագործման դադարեցման ամրացվել են շենքերՙ օգտագործելով սեյսմամեկուսացումը հիմքում եւ կտուրում: Գնահատելով սեյսմամեկուսացման բնագավառում Հայաստանում կատարված աշխատանքներըՙ հակասեյսմիկ տեխնոլոգիաների միջազգային ընկերակցության կոմիտեն ընդունեց Մելքումյանի առաջարկը:

«Սեյսմամեկուսացված բարձրահարկ շենքեր» գիտաժողովին կմասնակցեն 9 երկրներից (Մ. Նահանգներ, Իտալիա, Իրան, Ղրղզստան, Ճապոնիա, Հայաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սլովակիա) ժամանած մոտ 40 գիտնականներ, ինժեներներ ու նախագծողներ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4