Գեղանկարիչ Արամայիս Մխիթարյանը գույների հստակ, անխառն, հատկապես կարմիր ու կապույտի օգտագործմամբ, գծի հստակությամբ եւ պլաստիկ պատկերայնությամբ ակնհայտորեն կերպարվեստի դասական դպրոցին է պատկանում: Իր գունամտածողությամբ եւ նկարչության ոճավորմամբ հայացքը միջնադարյան հայ մանրանկարչությանն է ուղղված: Պատկերի հարթ, ստատիկ վիճակները, արդեն իսկ պաստառի մակերեսին դյուրընթեռնելի են դարձնում իրեն: Արվեստը հոգեւոր ըմբռնումներին մերձենալու ամենակարճ ճանապարհներից մեկն է` գեղագիտական մտաձեւերով ու պատկերներով, եւ բնականաբար արվեստագետն իր մեջ կրում է հոգեւոր այն կայծը, որ նրան մղում է ստեղծագործելու: Եվ որքան այդ մղումն անկեղծ է, այնքան ավելին է արվեստի ազդեցությունը:
Մայիս Մխիթարյանը 1996-ին մտահղացավ «Խորհրդավոր ընթրիք» աստվածաշնչյան թեմայով կտավի գաղափարը` ժամանակակից արվեստի թանգարանում իր անհատական ցուցահանդեսից հետո: Աշխատելու համար մեկնեց ծննդավայր Թբիլիսի եւ կյանքի 4 տարիները նվիրեց կտավի ստեղծմանը` մինչեւ 2000 թվականը: Այդ տարիներին «Խորհրդավոր ընթրիքը» ցուցադրվեց Երեւանի եւ Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարաններում: Կտավի մեծադիր պաստառին նկարիչը իր ներքին տեսիլքներն աստվածաշնչյան մեկնաբանություններով կատարում է որոշակի իմաստակիր սիմվոլ-պատկերների միջոցով:
Աշխատելու մեթոդը` խառը տեխնիկան, գերիշխող գեղանկարչական տարրերի եւ կոլաժայինի (խեցիներ, ուլունքներ, ժանյակներ, կտորներ, ոսկյա թղթեր) համադրումով է կատարված:
Օգտագործելով Խորհրդավոր ընթրիքի աստվածաշնչյան հայտնի սյուժեն` Հիսուսի վերջին հանդիպումը աշակերտների հետ, նկարիչը ինքնատիպ լուծումներ եւ ընդհանրացումներ է կատարել: Սիմվոլային լեզվով նա փորձել է խտացնել տիեզերարարչության հեղինակի` Աստծո մեծագույն խորհուրդը եւ Հիսուսի պատգամի նշանակությունը մարդկության համար: Նկարի հոգեւոր արտահայտությունը կամ իմաստը առաքյալների կերպարներում հավատիՙ դեռեւս անկատար մարմնավորումն է, որն արդեն մեկնաբանում կամ նախանշում է մարդկության հոգեւոր զարգացման հետագա ընթացքը (վկա` մարդկության այսօրը):
Հետաքրքրականը Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի սաների միջավայրում երկու օր առաջ «Խորհրդավոր ընթրիքը» կտավի քննարկման մթնոլորտն էր: Նկարչի` սեփական գործի մեկնաբանությունների չափազանց անկեղծությունն ու պարզությունը շատ հաճախ զարմացնում էր: Արվեստագետի ինքնարտահայտվելու ազատության այս մոտեցումը ճեմարանական սաների համար չգիտեմ որքանով էր անսպասելի կամ նորություն, բայց որ հաճելի էր, ակնհայտ էր, ելնելով իրենց անթաքույց ոգեւորությունից: Որեւէ արվեստագետի հետ նման հանդիպումը նրանց համար առաջինն էր, որ ճեմարանի տնօրենությունը կազմակերպել էր սաների գեղագիտական ճաշակի, արվեստային ընկալումների զարգացման նպատակով. մի բան, որ այսօրվա հոգեւորականի ընդհանուր պատրաստվածության համար անհրաժեշտ է եւ խրախուսելի:
Հանդիպմանը ներկա Փառեն եպս. Ավետիքյանը ուշադիր էր ամեն մանրամասների. «Կուզեիք, որ հեղինակը ձեր պատկերացրած գաղափարին հետեւի անպայման,- դիմեց նա սաներին: - Ստեղծագործող անձը կարտահայտվի այնպես, ինչպես ինքը կպատկերացնե: Արվեստագետը 2 ձեւով ինքզինք բացահայտեց, մեկը իր կտավի, մյուսն ալ` իր հոգին բացվեցավ: Եվ կարեւոր մեկ բան կար. արվեստագետը ինքզինք մաս կհամարե Աստծո ստեղծագործության շարունակության: Պիտի գիտակցինք ասիկա եւ այս ձեւով մոտենանք կյանքին, յուրաքանչյուրս մեր ասպարեզի մեջ արարիչ ըլլանք»:
Հանդիպման ավարտին ճեմարանականների մասնակցությամբ ստեղծված էքսպրոմպտ նկարը մնաց օրվա հիշատակը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ