ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունում տարակուսած են ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվության առնչությամբ, որում վկայակոչելով ԱԺ փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցինՙ նշվում է, թե ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 10-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին: Այս կապակցությամբ «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում ՏԳՎ պետի տեղակալ Մարինե Հակոբջանյանն ասել է, որ նման բովանդակությամբ նախագահի հրամանագիր գոյություն չունի: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ սահմանադրության նախագիծն արդեն իջեցվել է խորհրդարան, որը պետք է ԱԺ-ում համապատասխան քննարկումների փուլ անցնի:
Խորհրդարանի համաձայնությունը ստանալուց հետո է միայն ակնկալվում հանրապետության նախագահի հրամանագիրը սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ խորհրդարանը պատրաստվում է մեկնել ամառային արձակուրդիՙ սահմանադրության նախագծի քննարկումները ԱԺ-ում թերեւս սկսվեն աշնանը, եւ այս պարագայում որեւէ ժամկետի մասին խոսելը վաղաժամ է:
Նույն կապակցությամբ «Ազգի» տված հարցին ԼՂՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցը պատասխանել է, որ ինքն առհասարակ «հրամանագիր» բառը չի օգտագործել, այլ պարզապես խոսք է եղել ժամանակացույցի մասին, ըստ որի հնարավոր է, որ սահմանադրական հանրաքվեի անցկացումը համընկնի ԼՂՀ անկախության հանրաքվեի տարեդարձին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ