«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2006-06-08 | #106, 2006-06-09 | #107, 2006-06-10


ԱՄԱԼՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ Ա1+-Ի ՏԱՆԸ ՄԱՐԴ ՉԻ ԵՂԵԼ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի ասելով, այս կիսամյակում հանձնաժողովը հաստատել է հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման 5 լիցենզիա, դրանց թվում են Սիսիանի «Անգեղ TV», Գեղարքունիքի «Մարտունի TV», Գյումրու «ՄՄՏ գրուպ», Վանաձորի «ՑԱԱԱէ» եւ Երեւանի «Կաբել 1» ՍՊԸ-ները: Մի շարք փոփոխություններ են կատարվել հեռուստառադիոհաճախականությունների ցանկում, օրինակ, «Ավտոռադիո» ՍՊԸ-ին 101,1 հաճախականության փոխարեն հատկացվել է 89,9, իսկ Շիրակի հանրային հեռուստառադիոընկերությանըՙ 105-ի փոխարեն 102,5:

Ամփոփվել են նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքները, հաղթող են ճանաչվել «Ուլիս մեդիա» եւ «Ռադիո պրո» ընկերությունները, իսկ նրանց մրցակից «Մելտեքս» ընկերությունը 12-րդ անգամ պարտություն է կրել: Վարչական տույժի է ենթարկվել Էջմիածնի «Ավետիս» հեռուստաընկերության տնօրենությունըՙ ստանալով գրավոր նախազգուշացում:

Ամալյանի երեկվա ասուլիսն այսքանով, իհարկե, չսահմանափակվեց: Ակնկալելի էր, որ այն չէր անցնելու առանց «Մելտեքս» ընկերությանն առնչվող հարցերի, մանավանդ որ վերջինիս Ամալյանի հանձնաժողովից ուղարկված նամակը տեղ չէր հասել: Ամալյանը մի լա՜վ դժգոհեց Ա1+-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումներից, որովհետեւ «իրեն մեղադրելու դիտավորություն էր տեսել»: Նրա դժգոհությունը վերածվեց երկարատեւ բացատրության, որն ավարտվեց «օրենքի սահմաններում գործող» Ամալյանի պնդումներով: «Պարոնյան 22: Մեր կողմից այլ հասցե չէր կարող գրվել նամակի վրա: Օրենքով սահմանված ժամկետում, ամսի 5-ին, նամակը հատուկ փոստը 2 անգամ տարել է եւ երեկ հետ ա վերադարձրել այն բացատրությամբ, որ հասցեատերը չի ստացել, այսինքնՙ տանը մարդ չի եղել: Ամսի 6-ին հնչած մեղադրանքն առնվազն տարօրինակ ա: Ինչո՞ւ ա տարօրինակ: Որովհետեւ բոլորիդ հայտնի ա, որ փոստային ծառայությունը հաջորդ օրը դժվար տեղ հասցրած լիներ: Եթե ձեր մեղադրանքը տրամաբանության բացակայություն չի ու միտումնավորություն չի, եւս լավ այլընտրանք չի: Ինքներդ որոշեք, թե որն ա եղել ձեր պարագայում: Պետք չէ ցանկությունները ներկայացնել որպես իրականություն, եւ առավել եւս որպես մեղադրանք», եզրահանգեց Ամալյանը: Թեպետ Ա1+-ի թղթակցի պնդմամբ, իրենց ներկայացրած առաջարկների փաթեթում նշված է եղել Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեն:

Ինչեւէ, մեկ տարի անց, մարտի 19-ին կլրանա Գրիգոր Ամալյանի վեցամյա տխուր պաշտոնավարման ժամկետը: Դա, անշուշտ, չի նշանակում, որ այդ հանձնաժողովը կդադարեցնի գործունեությունը: «Եթե ես դուրս եմ գալիս, դա չի նշանակում, որ հանձնաժողովը պետք է լուծարվի», ասաց Ամալյանը:

Հանձնաժողովն, իհարկե, կպահպանվի, որպեսզի երկրի իշխանության հովանավորությամբ հեռուստառադիոհաճախականությունները տրվեն հատուկ մենաշնորհ ունեցող ընկերություններին: Բնավ զարմանալի չէր, որ վերջին մրցույթում ռադիոհաճախություն ստացած «Շարմ» ընկերության «Ռադիո ջազի» բացումը նշվեց չափազանց հանդիսավոր: Լավ է գոնե, որ Ռոբերտ Քոչարյանը ջազ է սիրում:

Վայ մեզ, եթե մեր երկրի հաջորդ նախագահը ռաբիս երաժշտության երկրպագու լինի: Դժվար չէ ենթադրել, որ առաջին իսկ մրցույթում ռադիոհաճախականություններ կտրվեն Արամ Ասատրյանի, Արմենչիկի ու մյուսների երգերը տարածողներին: Աստված մի արասցե:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4