Հայաստանի գիտական հասարակության համար իրադարձություն եւ պատիվ է Երեւանում հյուրընկալել Սթանֆորդի համալսարանի համակարգչային ծրագրավորման արվեստի վաստակավոր պրոֆեսոր Դոնալդ Կնութին: Գիտնականի հայաստանյան երկշաբաթյա այցը համակարգչային մասնագետների եւ հետաքրքրվողների համար լավագույն առիթ կարող է լինել անմիջական շփումների միջոցով ծանոթանալու համակարգչային աշխարհի շատ նորությունների: Երեկ Երեւանի պետհամալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ ունեցած հանդիպումից եւ Մատենադարան կատարած այցից հետո պրոֆ. Կնութը հյուրընկալվեց Գիտությունների ազգային ակադեմիայում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց մեծավաստակ գիտնականին եւ նկատեց, որ նրա այցը անպայմանորեն կնպաստի համակարգչային գիտության զարգացմանը Հայաստանում, որի միտումները մեր երկրում բավականին ինտենսիվ են: Ռ. Մարտիրոսյանը Կնութին հանձնեց ՀՀ ԳԱԱ Պատվավոր դոկտորի դիպլոմ:
Հյուրին ի պատշաճի ողջունեցին հայ գիտական աշխարհի ներկայացուցիչներ. ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը նշեց պրոֆեսոր Կնութի գիտական ուսումնասիրությունների հսկայական ազդեցությունը համակարգչային ծրագրավորման ասպարեզի վրա: Կնութի հեղինակությամբ լույս տեսած գրականությունը մասնագետների համար ամենաառաջին անհրաժեշտությամբ հրատարակություններն ենՙ գրված «բարձր մաթեմատիկական ճաշակով: Դժվար է հիշել համակարգչային աշխարհում ավելի մեծ ազդեցություն թողած գիտնականի, ասաց պրոֆ. Հրանտ Մարանջյանը: Յուրաքանչյուր մասնագետի կյանքի շրջանն անցել է Դոնալդի ուղղակի եւ անուղղակի մասնակցությամբ»:
Հայաստանի ամերիկյան համալսարանի դեկան Արմեն Տեր-Կյուրեղյանը գիտնականի հետաքրքրությունները եւ հայկական որոշ մշակութային-գիտական ավանդույթների միջեւ զուգահեռներ (տառերի, տառատեսակների, աստվածաշնչյան թարգմանության եւ տեքստերի վերծանման) անցկացրեց: Նմանապես ՀԱՀ-ի նախագահ Հարություն Արմենյանը շնորհավորեց գիտնականինՙ արժանին մատուցելով նրա բազմամյա վաստակին:
Ռուբեն Համբարձումյանն ակադեմիայի կողմից գիտնականին նվիրեց հորՙ Վիկտոր Համբարձումյանի կազմած գիտական մի հրատարակություն: Պրոֆ. Դոնալդ Կնութը շատ պարզ խոսեց իր կյանքի ու աշխատանքի, իր մի շարք հրատարակությունների մասին (որոնց իրականացմանը նպաստել է Տիգրան Կարագյոզյանը): Խոսեց գիտության տեսության եւ պրակտիկայի անքակտելիության եւ փոխադարձաբար միմյանց լրացնելու մասին: Գլխավոր սկզբունքըՙ իր գիտական գործունեության ընթացքի, մաքուր ճանապարհն է եղել, որն արտահայտվել է զարմանալի զուգադիպությամբ իր ստեղծած համակարգչային ծրագրավորման լեզուների անվանումներում անգամ:
Դոնալդ Կնութը տպավորված էր Հայաստանով. «Սա մեծ պատիվ է եւ շնորհակալություն ակադեմիային այս հոյակապ երկիրը հրավիրելու համար: Ինձ շատ սիրելի շաբաթ է լինելու: Ասում եքՙ Հայաստանը փոքր երկիր է, բայց համակարգչային գիտությունը նույնպես դեռ փոքր է, նոր է սկսում մեծանալ եւ լավ է, որ Հայաստանի ակադեմիան այսպես է վերաբերում այդ երեխային (համակարգչային գիտությանը) եւ շնորհում այսպիսի կոչում»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ