«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2006-06-08 | #106, 2006-06-09 | #107, 2006-06-10


ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Մոտ մեկ տարի առաջ ստեղծված «Մետաղյա ճաղերից այս կողմ» կալանավայրերից վերադարձողների եւ նրանց աջակցողների հասարակական կազմակերպությունը (ՀԿ) իր շուրջն է հավաքել նախկին բանտարկյալներին եւ փորձում է լուծել նրանց խնդիրները: Մի շարք բարի կամեցողների եւ աջակիցների միջոցով Վարդաշենի ուսումնարանին կից 2 մասնաշենքից բաղկացած հանրակացարանը տրամադրվել է ՀԿ-ին, որի հարկի տակ ապրում են նախկինում դատապարտված կանայք եւ տղամարդիկ` իրենց երեխաներով: ՀԿ-ի նախագահ Գեւորգ Կոշկարյանը եւ ռեժիսոր Արմեն Մազմանյանը (նա մեծապես օգնել է կալանավորներին) երեկ խոսեցին հիշյալ նախաձեռնության կարեւորության մասին: «Երբ մարդը կյանքում սխալվել է, դրա համար իր պատիժը կրել եւ դուրս է եկել բանտից, ու նրան ոչ ոք աշխատանք չի տալիս, դրանով նրան դրդում են կրկնակի սխալի, կրկնակի հանցագործության», ասաց Արմեն Մազմանյանը: Նա համոզված է, որ նախկին կալանավորները սոցիալական մի շերտ են, որոնց չօգնելը կնշանակի աճեցնել մի ռումբ, որը ուշ թե շուտ մի օր պայթելու է:

Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն ու վարչապետը, Սոս Սարգսյանը եւ շատ ուրիշներ նույնպես օգնել են ՀԿ-ին: ՀԿ-ի նախագահի տեղեկություններով, ցավալիորեն որեւէ պետական կառույց չկա, որը զբաղվեր նախկին դատապարտյալների հոգսերով: Թեեւ պրն Կոշկարյանը նշեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մի պաշտոնյա մեծապես աջակցել է իրենց:

Այս մեկ տարվա ընթացքում ՀԿ-ի շուրջը հավաքված մարդիկ բավական գործ են կատարել: Հիմնել են սեփական արտադրամաս, որտեղ արտադրում են «Ազատություն» անունով սուրճ (այս մասին «Ազգը» գրել է մայիսի 23-ի համարում, որից հետո, նախագահ Կոշկարյանի խոսքերով, իրենք դրական արձագանքներ են ստացել), արեւածաղիկ, կահույք: Նախկին դատապարտյալների աշխատանքի արդյունքն արդեն վաճառվում է խանութներում: Կալանավորների երեխաներից շատերը սովորում են Վարդաշենի ուսումնարանում: ՀԿ-ն հրատարակում է նաեւ իր թերթը` «Վերադարձ», ուր կալանավորները անդրադառնում են իրենց խնդիրներին, եւ որը տարածվում է անվճար: Թեեւ կալանավայրերից ազատված մարդիկ կարողացել են հանրակացարանում տեղավորվել, բայց ՀԿ-ի նախագահի խոսքերով, դա ընդամենը ծածկ է, քանի որ շատ վատ եւ բարձիթողի պայմաններ են ներսում: Հանրակացարանների ճանապարհը, Կոշկարյանի ասելով, այնքան վատ վիճակում է, որ շտապօգնության մեքենան չի կարող մոտենալ: Նախագահը ասաց, որ իրենց մեջ շատ լավ շինարարներ կան, եւ եթե շինանյութով օգնողներ լինեն, իրենք կվերանորոգեն թե՛ ճանապարհը, թե՛ հանրակացարանը:

Կոշկարյանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցողներին` հատուկ շնորհակալ լինելով «Ազգ» օրաթերթին, որի տրամադրած աջակցությունը, նախագահի վստահեցմամբ, շատ է օգնել իրենց:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4