Գեղակադեմիայի գրաֆիկայի բաժնի նախկին սան Տաթեւ-Ազատուհի Մնացականյանը անհատական մոտեցումներ եւ բավականին ինքնատիպ գեղարվեստական մտածողություն ունի: Ստեղծագործական մտահղացումներն ու նորաբանությունները իրականացնել փորձում է համակարգչային գրաֆիկայի, դիզայնի, լուսանկարչության, ժամանակակից արվեստի զանազան ակցիաների եւ կոմպոզիցիաների միջոցով: «Զեբրա» գովազդային գործակալության աշխատակցուհու ձեւավորումներով վահանակները ամենօրյա մեր հայացքի ներքո երեւանյան փողոցներում են (հայ-իտալական բարեկամության օրերի, «Արենի» գինիների եւ այլն): Տաթեւ Մնացականյանը մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցույթների (Բելգիա, Չեխիա, Ռուսաստան, Կանադա), երկու տարի առաջ մասնակցեց Աթենքի օլիմպիադային, ավելի վաղ` Վենետիկի բիենալեին: Առաջարկված թեմաների` Տաթեւի լուծումներն ու զարգացումները ոչ միայն էսթետիկորեն, այլեւ իմաստային հետաքրքրական տարրերի զուգակցումով, բավականին գրավիչ ու ակնահաճո են:
Այս տարի նա 2 աշխատանքով մասնակցեց իտալական Թուրին քաղաքում կայացած հաշմանդամների ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված EX LIBRIS միջազգային ցուցահանդեսին: Մասնակից 200 երկրների 450 հեղինակների (շուրջ 1000-1200 աշխատանքներ) մեջ Տաթեւը ցուցահանդես-մրցույթի միակ կին ներկայացուցիչն էր: Նա շահեց լավագույն համակարգչային գրաֆիկայի եւ ամենաերիտասարդ մասնակցի մրցանակները: Ինքն այս մրցանակները համարում է ոչ թե անհատական, այլ` երկրի հաղթանակը, որովհետեւ միջազգային արենայում ներկայացվում է Հայաստանը` եվրոպական նման մրցույթների համար անհայտ մի երկիր: «Աթենքի օլիմպիադային իմ մասնակցությամբ դարձյալ Հայաստանն էի ներկայացնում, բայց այս երեւույթները մշակույթի նախարարությանը, պետությանը բոլորովին չեն հետաքրքրում: Ես շարունակելու եմ աշխատել, մասնակցել, շահել եւ գուցե մի օր ինչ-որ ուշադրության արժանանամ», իրավացիորեն նկատում է Թուրինի միջազգային մրցույթի ամենաերիտասարդ հայ մասնակցուհին:
Միջազգային մրցույթների մասնակիցների նկատմամբ առհասարակ Հայաստանում շատ սուբյեկտիվ, ընտրովի վերաբերմունքը բացահայտ է: Խառնվում, համազգային հնչողությամբ հարց ենք դարձնում ասենք «Եվրոտեսիլի» մեր մասնակցությունը, երբ հայ ժամանակակից տաղանդավորագույն կոմպոզիտորի հաղթանակի մասին ընդամենը ակնարկում ենք: Գործող չափանիշները նման վերաբերմունքի հայտնի են, բայց որքա՞ն ենք շարունակելու այսպես:
Երեկ Տաթեւ Մնացականյանի համակարգչային գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում մատուցվեց հաճելի մթնոլորտում` ծաղիկների ճաշակավոր կոմպոզիցիոն եւ նուրբ երաժշտական ձեւավորմամբ: Ցուցահանդեսի նախատեսված ժամը ձգձգվում էր, սպասում էին նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին, որն ուշանում էր: Շնորհավորանքները շատ էին, ջերմությունն ու ծաղիկները` նույնպես: Իսկ դրսից շնորհավորանքներն ավելի քան ջերմ են ու ոգեւորիչ. «Ձեր ստեղծագործությունները բացարձակ փայլուն են եւ գեղեցիկ ինչպես դուք, իսկապես արժանի մրցանակ: Դուք հեռուն կգնաք, ձեր բոլոր երազանքները կիրականանան» (Լուվ Բազիլ Ֆրանկ): «Ինձ համար անակնկալ էր, որ Ազատուհին կին է, նաեւ գեղեցիկ աղջիկ: Ես շատ ուրախ եմ: Մնացած հաղթողները տղամարդիկ են» (Նիկոլա Կառլոնե):
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ