«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2006-06-15 | #111, 2006-06-16 | #112, 2006-06-17


ԾԱՄՁՈՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ

«Լեռնային Ղարաբաղի Ծամձոր գյուղում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 200 տնտեսություն է եղել», ցավով հիշում է գյուղի բնակիչ Հովսեփ պապիկը, որը հիմա դաժանորեն դատարկված գյուղի մոտ 55 բնակիչներից մեկն է: Ղարաբաղյան պատերազմի տարիներին լքված եւ ավերակված գյուղում 1994 թ.-ից մինչ օրս վերահաստատվել են 20 ընտանիքներ, մոտ 55 բնակիչներ, ովքեր ապրում են կեցության տարրական պայմաններից զուրկ:

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» միությունն այս տարածաշրջանում վերաբնակեցման ծրագիր է սկսել 1994 թ.-ից: «Երկիր» միության անդամ «Ավետյաց երկիր» կազմակերպության նախագահ Վահրամ Գեւորգյանի խոսքերով, Ծամձորի վերաբնակեցումը ռազմավարական նշանակություն ունի: «Ծամձորում են ադրբեջանցիներն առաջին հայաթափման ծրագիրն իրականացրել եւ Ծամձորի ուժեղացումը ռազմավարական նշանակություն ունի», վստահ է կազմակերպության նախագահը:

Ծամձորում իրականացվող վերաբնակեցման ծրագրի շրջանակներում «Երկիր» միության նախաձեռնությամբ եւ շվեյցարահայ համայնքում ստեղծված «Արմենիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ մոտ մեկ տարի առաջ գյուղում սկսվել է դպրոցի, բուժկետի եւ գյուղապետարանի կառուցում, որի համար ծախսվել է 72 հազար դոլար: Ծամձորում կենսապայմաններից դժգոհող բնակիչները հատկապես մատնանշում էին գյուղում դպրոցի, բուժկետի եւ գյուղապետարանի բացակայությունը: Եվ հաճախ գյուղացիներն այս պատճառաբանությամբ էին լքում բնակավայրը:

Հունիսի 13-ին գյուղում տեղի ունեցավ դպրոցի, բուժկետի եւ գյուղապետարանի բացումը, որը վերջին տասնամյակում գյուղում կատարված թերեւս միակ կարեւոր իրադարձությունն էր: Առանց ջրի եւ խիստ աննպաստ պայմաններում գոյատեւող ծամձորցիների անհույս աչքերում ուրախություն էր հայտնվել: Եվ մինչ գյուղի բնակիչները շնորհակալություն էին հայտնում ծրագրի հեղինակներին, վերջիններս էլ իրենց հերթին հիանում էին ծամձորցիների տոկունությամբ: «Մենք ենք ձեզ շնորհակալ, որ այս պայմանների մեջ այս հողի վրա եք մնացել: Եվ պիտի շարունակենք այնքան, մինչեւ այս գյուղերը զարգանան եւ այս զավակները ուրախ լինեն», ասաց Ժնեւի շվեյցարահայ միության եւ «Արմենիա» հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը:

Հինգ աշակերտ եւ երեք ուսուցիչ ունեցող Ծամձորի դպրոցի տնօրեն Գայանե Գեւորգյանն ուրախ է, որ սեպտեմբերին իրենք ունենալու են մեկ առաջին դասարանցի ու նրան կարող են ընդունել նոր եւ լուսավոր դպրոցում: Իսկ 76-ամյա Գրիգորյան Պայծառը, որը դպրոցում երեք առարկա է դասավանդում` կենսաբանություն, աշխարհագրություն եւ ֆիզիկա, վստահ է, որ համալիրի բացումից հետո իրենց գյուղ շատերը կգան ապրելու: Համալիրի ստեղծումն, իհարկե, կլուծի ծամձորցիների հոգսերի մի մասը, բայց խմելու եւ ոռոգման ջրի ու բնակարանների խնդիրը նրանց համար մնում է առաջնահերթություն: Գյուղում հատկապես բժշկի կարիք կա: Այս խնդիրներով ծրագրի ղեկավարները եւս մտահոգված են:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Ծամձոր-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4