Ադրբեջանցիները պարապությունից ձեռք են գցում «հրդեհներին»
Ադրբեջանական լրատվամիջոցների ինտերնետային էջերի վերջին մի քանի օրերի սիրած թեման, այսպես կոչված, հերթական հայկական նախաձեռնությունն է` «հրկիզումների» տեսքով: Հակահայ քարոզչությանը տառացիորեն լծված ադրբեջանական լրատվամիջոցները շոգ ու չոր եղանակին բնական ծագում ունեցող հրդեհներում էլ հայկական սադրանք ու ինչ-որ դիտավորություն են տեսնում, ընդ որում, դաշտերում տեղի ունեցողը «տեղափոխելով» գոյություն չունեցող ինչ-որ սահմանամերձ բնակավայրեր:
Ավելին, ադրբեջանցիները հարայ-հրոց են բարձրացրել «հայերի կողմից ադրբեջանական բնակավայրերի ոչնչացման փաստի առնչությամբ»` ստահոդ հայտարարություններով բախելով միջազգային մի շարք կառույցների դռները: Թերեւս որեւէ արժեք ներկայացնելու տեսանկյունից խիստ կասկածելի, իսկ իրականում գոյություն չունեցող բնակավայրերի հրկիզում որակվող երեւույթն ընդամենը Լեռնային Ղարաբաղի ցածրադիր գոտիներում հրդեհներն են, որոնց մարումը սահմանամերձ տարածքներում ադրբեջանական կողմի գնդակոծությունն է անհնար դարձնում: Բացի այդ, ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, դաշտերի չոր խոտածածկույթը հրկիզվում է ադրբեջանական լուսածիր գնդակներով գնդակոծության եւ ուղղակի հրկիզման պատճառով:
Եվ այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն դիմում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով դիտարկում անցկացնել, Ադրբեջանը իր հնարած «հրկիզման» կապակցությամբ «անհանգստացնելով» ՄԱԿ-ին` ի դեմս Ադրբեջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի ստանում է մտահոգության արձագանք: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե այս անգամ, այլ մի քանի տարի առաջ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին նույն այդ հրդեհները կանխարգելելու հարցում համատեղ գործելու առաջարկ է արել:
Ինչեւէ, այն, որ ադրբեջանական կողմը ոչ մի տարբերություն չի դնում հայկական կողմի դեմ օգտագործվող միջոցների ընտրության հարցում, նորություն չէ: Ուղղակի Ադրբեջանը գնալով կիրառության մեջ է մտցնում երեւույթներ ու իրադարձություններ, որոնք ստի պարունակությամբ մոտենում են բացարձակ մտացածին լինելու սահմանին: Եվ եթե սեփական պաշտոնյաների հայտարարությունները հարմար չլինելու դեպքում խմբագրելը ամենօրյա «զբաղմունք» է, ձանձրույթն է գուցե թելադրում հեռու մնալ միօրինակությունից եւ հակահայ քարոզչության մեջ բազմազանություն մտցնելու համար դիմել անտրամաբանական հնարամտության: Օրինակ` այնպիսի միջոցներ, ինչպիսիք են չգործված ցեղասպանությունների հռչակումը, «դիվերսիոն հրդեհները», Զորի Բալայանի «չգրված գրվածքները», սահմանի «պարբերական» հրաձգությունները եւ այլն:
Ասում են, ողջամտությունը հիմարությունը կանխելու լավ հնարք է: Բայց երբ հիմարությունը գերակա վիճակում է, անգամ տրամաբանությունը մնում է ֆանտաստիկայի տիրույթում: Բայց, ինչ արած, յուրաքանչյուրը ցնդում է յուրովի:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ