«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


ՑՈՐԵՆԻ ԳԻՆԸ ԻՋԵՑՎՈՒՄ Է ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ

Հունիսի 17-ին Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնած մամուլի ասուլիսի ժամանակ Ստեփանակերտի «Հացի գործարան» ՓԲԸ եւ «Ալրաղաց» ՓԲԸ գործադիր տնօրեն Արարատ Հայրիյանը դժգոհություն է հայտնել բերքահավաքի այս օրերին ցորենի գինը արհեստականորեն իջեցնելու կապակցությամբ: Նրա խոսքերովՙ դրսեկ որոշ գործարարներ (նա դիտավորյալ խուսափեց վերջիններիս «հայաստանցի» անվանել, թեպետ խոսքը հենց հայաստանաբնակների մասին էր) անմիջապես հացահատիկի դաշտից ցորենը գյուղացիներից գնում են 70 դրամով եւ ավելի թանկ գնով իրացնում ԼՂՀ-ից դուրս: Եվ առավել հաճախ դա արվում է տեղացի հացագործների անիրազեկությունից օգտվելով, մինչդեռ «Ալրաղաց» գործարանը պատրաստ է մեկ կիլոգրամ ցորենը 85 դրամով ընդունել: Ընդ որումՙ գործարանը գնված ցորենի ընդհանուր գնարժեքի մեկ քառորդը վճարում է իսկույն, իսկ մյուս մասը, համաձայն կնքվող պայմանագրի, պարտավորվում է վճարել մեկ ամիս հետո, երբ արդեն հստակեցված կլինի ցորենի իրական գինը: Չի բացառվում, սակայն, որ մեկ ամիս հետո այդ գինն ավելի բարձրանա, որի դեպքում «Ալրաղացը» նաեւ պարտավորվում է գնարժեքի բարձրացմանը զուգահեռ լրացուցիչ գումար էլ վճարել: Միեւնույն ժամանակ, գործարանում հանած ցորենի անմաքուր մասը, որը կարելի է իբրեւ թռչնակեր օգտագործել, վերադարձվում է հացահատիկի տիրոջը:

Ա. Հայրիյանի հավաստմամբ, տարվա կտրվածքով Ստեփանակերտի «Ալրաղաց» ձեռնարկությունը, որը հզորությամբ ամենամեծն է Ղարաբաղում, ի վիճակի է ընդունել մինչեւ 20 հազար տոննա ցորեն: Դա, անշուշտ, քիչ է ամբողջական լուծելու ԼՂՀ-ում արտադրվող հացահատիկի իրացման խնդիրը, մանավանդ որ, Ա. Հայրիյանի պնդմամբ, Ղարաբաղում տարեկան արտադրվում է շուրջ 200 հազար տոննա հացահատիկ: Ինչքան էլ այս թիվը չի համապատասխանում պաշտոնականին, այնուամենայնիվ, ղարաբաղցի հացագործը միշտ էլ իր արտադրանքն իրացնելու գլխացավանքն ունի: Եվ թերեւս այս գլխացավանքից ազատվելու հանգամանքն է նրանց ստիպում հավաքած բերքը էժան գնով վաճառել:

«Մեր ցորենը շատ ավելի որակով է, քան Ռուսաստանից բերածը, եւ չպիտի հավասարեցվեն դրանց գները», շեշտեց «Ալրաղացի» տնօրենը: Ի դեպ, ինքըՙ Արարատ Հայրիյանն էլ ցորեն արտադրող է, ունի մի քանի հազար հեկտար հացահատիկի արտեր, եւ ցորենի արժեզրկումը նաեւ իրեն է վնաս: Իր տնտեսական շահերը դիտարկելով առհասարակ Ղարաբաղում հացարտադրությամբ զբաղվողների շահերի համատեքստումՙ նա հույս հայտնեց, որ լրատվամիջոցների աջակցությամբ բնակչությունը կիրազեկվի հացահատիկի շուկայում տիրող իրական վիճակին ու չի շտապի հավաքած բերքը ուղղակի իմաստով քամուն տալ, քանզի այդ պարագայում նա ոչ միայն նյութապես չի շահի, այլեւ նույնիսկ կտուժի: «Հարկավոր է մի քիչ համբերել, եւ արդյունքում կշահեն բոլոր հացարտադրողները: Բացի այդ, բոլորը պիտի գիտակցեն, որ ցորենի արժեզրկումով հացի գինը բնավ չի իջնի», հորդորում է Ա. Հայրիյանը:

Որտե՞ղ, սակայն, պահեստավորել բերքը: Այս հարցին ի պատասխան «Ալրաղացի» տնօրենն ասաց, որ պահեստավորման հնարավորություններ Ղարաբաղում կան եւ նշեցՙ որոշ հացարտադրողներ նույնիսկ անցյալ տարվանից բերք ունեն պահած: Սա էլ մեկ ուրիշ ծայրահեղություն է, որ դարձյալ հասարակ գյուղացու գրպանին է խփում: Իսկ ընդհանրապես, մանր հացարտադրողներն իրենց թիկունքում ոչ ոք չունենալովՙ որպես կանոն ամեն տարի ցորենի ցածր գներից նյութական վնասներ են կրում:

Շտապողականությո՞ւն է սա, թե՞ ճարահատ քայլՙ հետեւանքը նույնն է: Գուցե, իրոք, մեկ ամիս սպասելուց հետո միայն ցորենը վաճառելը շահեկան կլինի: Համենայն դեպս, այս համոզմունքին է հանրապետության ամենամեծ հացարտադրողն ու սպառողը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4