«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԱՀԵՐԻ

Քաղաքական իրավունքների ու զինծառայության հարցերը դեռ մշուշոտ են

Այլ պետության քաղաքացիությունից արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժարվել է ոչ թե սոսկ Հայաստանի քաղաքացիություն ստանալու, այլեւ հայ ժողովրդի ներուժին եւ երկրի ապագային հավատալու, ներկայիս վիճակն ու շահերը հասկանալու դրդապատճառներով: Երկքաղաքացիությունը նա համարում է ողջ հայության կարեւոր խնդիրներից մեկը: «Սփյուռքի հետ մեր համախմբվածությունը նաեւ մեր հզորությունն է: Մեր խնդիրն է մարդկանց հայրենիք վերադարձնել զգացմունքների ու պատկանելության, այլ ոչ նրանց ֆիզիկական ներկայության առումով: Ես չափազանց ազատական եմ այս հարցում, քանզի կարծում եմ, որ երկքաղաքացիություն պետք է տալ Հայաստանի քաղաքացի դառնալու ցանկություն ունեցող բոլոր հայերին: Ես հասկանում եմ հարցի բոլոր նրբություններն ու բարդությունները, սակայն որոշում կայացնելիս մեկնակետը պետք է լինի հարցի ընդգրկուն պատկերացումը», ասաց նախարարը Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում հունիսի 17-18-ը կայացած «Երկքաղաքացիություն. այլընտրանքային կարգավորումներ, տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ» միջազգային համաժողովում:

«Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի» կազմակերպած համաժողովում հնչեցին հայրենադարձության ու երկքաղաքացիության իրավական, տնտեսական, սոցիալական երեւույթներն ու համաշխարհային փորձը վերլուծող բազմաթիվ զեկուցումներՙ միջազգային ու հայաստանյան գիտնականների, փորձագետների, պետական ու հասարակական կառույցների ղեկավարների ընթերցմամբ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի հայերի միության քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, երկքաղաքացիությունը Հայաստանի համար վճռական նշանակություն չունեցող հանգամանք է: «Միշտ էլ անհրաժեշտ է եղել, որ Հայաստանի կառավարությունը հեշտացնի քաղաքացիություն ձեռք բերելը: Դա ընդունված է մեծ սփյուռք ունեցող բոլոր պետություններում: Գլխավորը երկքաղաքացիությունը չէ, այլ այն, որ երկրից դուրս ապրող հայերը հեշտությամբ այցելեն հայրենիք, ինչը կհեշտացնի բոլոր տեսակի հարցերը, ու բանակում ծառայելու կամ չծառայելու խնդիր չի առաջանա: Միանշանակ է, որ Հայաստանում ապրողները պետք է ծառայեն բանակում, իսկ սփյուռքի հայերը ունենան քաղաքացիություն, որը նրանց հնարավորություն կտա այստեղ ապահով բիզնեսով զբաղվելու: Սա է երկքաղաքացիության հիմնական գաղափարը»:

Երկքաղաքացիության հարցը քննելով միջազգային իրավունքի տեսանկյունից, Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնի փոխդեկան Վահան Բուռնազյանն առանձնացրեց Հայաստանի համար էական մի քանի հարցադրումներ:

«Ոչ մի պետություն միանգամից չի ընդունում երկքաղաքացիություն: Եթե Հայաստանն այսօր ձեւավորում է օրենսդրություն, ուրեմն հարցը պետք է դիտարկի երկրի շահերից ելնելով: Արդյոք երկքաղաքացիությունն արդեն իսկ գործո՞ւմ է մեր երկրում, օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն ունեն հայաստանյան անձնագիր, սա երկքաղաքացիությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե ցանկանում ենք ինտեգրել սփյուռքին, արդյոք զինվորական ծառայության հարցը պե՞տք է համարենք սկզբունքային: Վերջինի հետ կապված հարցերը դիտարկվում են տարբեր կողմերից, հաշվի են առնվում դրա հեռահար նպատակներն ու հետեւանքները: Օրինակ, Մ. Նահանգներում տարբեր քաղաքացիների համար գործում են զինվորական ծառայության տարբեր ռեժիմներ, միավորումներ, որոնք դյուրին են դարձնում նրանց ինտեգրումը: Քաղաքական իրավունքների ի՞նչ սահմանափակումներ կարող են լինել երկրից դուրս բնակվող քաղաքացիների համար, արդարացի՞ է արդյոք նրանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքից զրկելը կամ շնորհելը, եթե նրանք ամբողջապես կապված չեն երկրի հետ, չեն մասնակցում քաղաքական կյանքին», ասաց նա, հավելելով, որ հայերը պետք է մտածեն երկքաղաքացիության դրական կողմերի մասին, քանի որ դրանց առավելությունները զգալի կլինեն հատկապես հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներում: Օրինակ, Հայաստանի շահերը պաշտպանելու համար Ռուսաստանում բնակվող հայերը կարող են դառնալ այդ երկրի քաղաքացիներըՙ միաժամանակ պահպանելով Հայաստանի քաղաքացիությունը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւս փաստեց, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանի հիմնական առանձնահատկությունը սփյուռքն է, որից անմիջականորեն կախված են հարցի լուծումները: Ներկա փուլում պետք է պարզել, թե ի՞նչ է երկքաղաքացիությունը Հայաստանի համար, միջազգային ո՞ր մոդելն է հայեցակարգային առումով ավելի նպատակահարմար. «Ի՞նչ նպատակ ենք մենք հետապնդում սփյուռքի հետ հարաբերություններում եւ ի՞նչ խնդիրներ ունենք մեր այն քաղաքացիների հետ, որոնք ջանում են դառնալ այլ երկրների քաղաքացիներ: Պետք է վերլուծել այս հարցերի դրական ու բացասական կողմերը, հնարավոր վտանգներն ու դրանց շրջանցման ուղիները: Դեռ վաղ է խոսել, թե ո՞ր մոդելն է ավելի ընդունելի Հայաստանի համար, քանի որ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները միշտ շաղկապված են»: Նրա համոզմամբ, զինծառայության հարցը լուծելու համար նախ պետք է վերաիմաստավորել այն, որպեսզի երիտասարդների համար ծառայությունը դառնա պատվաբեր պարտականություն, այլ ոչՙ պատիժ: «Ցավոք, մեր հասարակությունը զինծառայությունը դեռեւս ընկալում է որպես պատիժ, սակայն եթե մենք նախընտրում ենք ապրել այս հողում, պարտավոր ենք դարձնել պատվավոր պարտականություն: Այս ուղղությամբ անելիքներ ունենք ու դրան կհասնենք շատ շուտով»: Նախարարը վստահաբար հայտնեց, որ երկքաղաքացիության օրենքը Հայաստանում կընդունվի ոչ ուշ, քան տարեվերջին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4