«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԻ 10 ՄԼՆ ՆՈՐ ԴԵՊՔ

Մասնագետները կարեւորում են հիվանդության կանխարգելումը

Այս տեղեկությունը պատկանում է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որի կանխատեսմամբ հնարավոր է, որ 2020 թ. հիվանդացությունը հասնի մինչեւ 20, իսկ մահացությունը 12 մլն-ի: Հայաստանում հաշվառված են 25 հազար քաղցկեղով հիվանդներ:

Տնտեսապես զարգացած գրեթե բոլոր երկրներում աճում է թոքի քաղցկեղով հիվանդացությունը, որը վերջին երկու տասնամյակում չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում գրավում է առաջին տեղը` աշխարհում 1 մլն դեպք: 2005 թ. մեր երկրում արձանագրվել է չարորակ նորագոյացություններով հիվանդության 6 հազար 174 առաջնային դեպք, որից հազար 64-ը` թոքի քաղցկեղ: Հայաստանում նախորդ տարի յուրաքանչյուր հարյուր հազար բնակչի հաշվարկով թոքի քաղցկեղը կազմել է 33,1 դեպք: Ցավալիորեն թոքի քաղցկեղից մահացությունը շատ բարձր է եւ հասնում է 85 տոկոսի:

Հիվանդության ահագնացող աճին ահազանգում են նաեւ ռուս եւ հայ մասնագետները, որոնք երեկ ուռուցքաբանության ազգային ինստիտուտում երկօրյա գիտաժողով էին հրավիրել «Թոքի քաղցկեղի ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով: Ռուս եւ հայ առաջատար ուռուցքաբանները, վիրաբույժները, քիմիաթերապեւտները եւ ռադիոթերապեւտները ներկայացնում էին հիվանդության զարգացման ընթացքը, վիճակագրությունը, բուժման մեթոդներն ու կանխարգելման միջոցները: Ռուսաստանի ուռուցքաբանության գիտական կենտրոնի պրոֆեսոր Անդրեյ Վաժինինը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխարհում գերակշռող թոքի քաղցկեղի հիվանդությունը խիստ անհանգստացնող է, եւ այս հանդիպումը երկու երկրների փորձի փոխանակման առումով շատ կարեւոր է: Պրոֆեսորը հիվանդությունից խուսափելու լավագույն միջոցը համարում է կանխարգելումը: Ինչ վերաբերում է բուժմանը, ապա Հայաստանի ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը նշեց, որ մեր երկրում հիվանդության բուժման բոլոր մեթոդներըՙ վիրաբուժական, ճառագայթային, քիմիաթերապեւտիկ, բարձր մակարդակի վրա են: Վերջինս նշեց սակայն, որ մենք չունենք հիվանդության ախտորոշման նորագույն սարքավորումներ: Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի տնօրեն Հայրապետ Գալստյանի տեղեկացմամբ, հանրապետության մարզերում կատարվել են հետազոտություններ, կազմվել է կանխարգելման ազգային ծրագիր: Տնօրենն ընդգծեց, որ որոշ մարզերի բնորոշ են տարբեր քաղցկեղներով հիվանդության դեպքեր. օրինակ, Շիրակի մարզում հիմնականում արձանագրվում են ստամոքսի, հաստ աղիքի եւ վերջնաղիքի քաղցկեղներ:

Թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը ծխելն է` 80 տոկոս, իսկ մյուս դեպքերում հիվանդության առաջացումը կապվում է բնակարաններում եւ աշխատավայրերում ռադոնի բարձր պարունակության, ասբեստի փոշու շփման հետ: Հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը մասնագետները համարում են չծխելը, ռադոնի դեմ պայքարը, ամենօրյա կանոնավոր օդափոխությունը, բնակարանների եւ երկաթբետոնե ծածկերի ներկումը կամ պաստառապատումը, ասբեստի փոշու եւ ծանր մետաղների հետ շփումից զերծ մնալը, ճիշտ սնունդը (մասնագետները կարծում են, որ մրգի եւ բանջարեղենի բավարար օգտագործումը նվազեցնում է ռիսկը), ինչպես նաեւ կանխարգելիչ քննությունները:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4