Ինտերտոտոյի գավաթի խաղարկությամբ տրվեց եվրոպական գավաթների 2006/07 թթ. մրցաշրջանի մեկնարկը: Մեր հանրապետության թիմերից առաջինը մրցասպարեզ դուրս եկավ Երեւանի «Կիլիկիան», որի մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» էր: Վաղուց ի վեր երկու հանրապետությունների ֆուտբոլային թիմերի մրցավեճերը սկզբունքային նշանակություն ունեն: Ուստի զուտ մարզական արդյունքից բացի, այս հանդիպումը որոշ առումով նաեւ քաղաքական ենթատեքստ ուներ:
Ցավոք «Կիլիկիան», որ առաջին անգամ էր մասնակցում եվրոպական գավաթների խաղարկությանը, պարզապես ձախողեց նորամուտը` խոշոր հաշվով խայտառակ պարտություն կրելով (1-5): Եվ դա այն դեպքում, երբ մրցակիցը գտնվում է նախապատրաստական փուլում եւ մոտ 20 օր է վերսկսել մարզումները, մինչդեռ Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանն իր ընթացքի մեջ է: Հաջող հանդես գալուն ոչնչով չնպաստեցին նաեւ «Փյունիկից» հրավիրված երեք ֆուտբոլիստները, որոնք թեեւ ջանում էին օգտակար լինել, սակայն չկարողացան իրապես նպաստել «Կիլիկիայի» ներուժի աճին:
Անկեղծ ասած, ելնելով Հայաստանի առաջնությունում «Կիլիկիայի» մրցելույթներից, դժվար էր այլ ելք ակնկալել թբիլիսցիների հետ մրցավեճում: Բայց ամեն դեպքում, նման խոշոր հաշվով պարտությունն անսպասելի էր:
Ինչպես միշտ, «Կիլիկիան» հիմնական շեշտը դրել էր հակագրոհների վրա` փորձելով հարվածային դիրք դուրս բերել Նշան Էրզրումյանին: Ողջ խաղի ընթացքում դա դաշտի տերերին հաջողվեց միայն մի քանի դրվագում: Նշանը մեկ անգամ աչքի ընկավ դիպուկ հարվածով, սակայն այդ պահին թբիլիսցիները խաղն արդեն շահում էին 2-0 հաշվով: Ընդամենը 2 րոպեի ընթացքում Տորնին եւ Դվալին երկու անգամ գրավել էին «Կիլիկիայի» դարպասը: Ընդմիջումից հետո Նշան Էրզրումյանը լավ հնարավորություն ուներ վերականգնելու հավասարակշռությունը, սակայն չօգտագործեց գոլային երկու լավ պահերը: Իսկ ահա վրաց ֆուտբոլիստները առանց մեծ ջանքերի, եւս 3 գոլ խփեցին: Աչքի ընկան Դվալին, Խուցիշվիլին եւ Բոբոկիձեն:
Հաղթելով 5-1 հաշվով, «Դինամոն» գործնականում ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Ճիշտ է, «Դինամոյի» մարզիչ Կախաբեր Կաչարավան գտնում է, որ չպետք է թերագնահատել մրցակցին եւ հարկավոր է պատրաստվել պատասխան խաղին, քանի որ ֆուտբոլում ցանկացած անակնկալ հնարավոր է: Սակայն, կարծում ենք, դա մարզչի կողմից ավելի շուտ դիվանագիտական քայլ էր, քան անկեղծ խոստովանություն: «Կիլիկիան» էլ այն թիմը չէ, որ կարողանա մրցակցի դաշտում ռեւանշի հասնել նման խայտառակ պարտությունից հետո:
«Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Աղաբաբյանը պարտության գլխավոր պատճառը համարեց պաշտպանական օղակի թույլ խաղն ու թույլ տրված սխալները` հույս հայտնելով, որ պատասխան խաղում կձգտեն ավելի հաջող հանդես գալ: Թե որքանով դա կհաջողվի, դժվար է կանխագուշակել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ