Ռուսաստանի առումով Սաակաշվիլուց բան չհասկացանք
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն Ջորջ Բուշը հրավիրել է Վաշինգտոն: Երկրի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հայտարարությամբ, Վրաստանի նախագահը Միացյալ Նահանգներ կմեկնի հուլիսի 5-ին (որոշ տեղեկություններովՙ հուլիսի 4-ին-Ա. Հ.)ՙ Բուշի հետ քննարկելու աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորման ուղիները: Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով, սա կլինի աշխատանքային այցելություն, որի ընթացքում հակամարտության կարգավորման ուղիները կքննարկվեն Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Բեժուաշվիլին նշել է, թե Բուշին հետաքրքրում են Վրաստանի ներկա պահին ունեցած արդյունքները, որոնցով, ի դեպ, Բեժուաշվիլու հավաստմամբ, վրացիները հպարտանում են: Բուշ-Սաակաշվիլի հանդիպմանը կքննարկվեն նաեւ անվտանգության եւ եվրատլանտյան տարածությանը Վրաստանի ինտեգրման հարցերը:
Սպիտակ տան հայտարարությամբ, Վրաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպմանը քննարկման առարկա կդառնա նաեւ Վրաստանի էներգետիկ անվտանգության խնդիրը:
Այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Միացյալ Նահանգները Վրաստանի հետ համագործակցում է ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ հետխորհրդային տարածությունում ժողովրդավարության փորձարարության ավարտման համար: Բրայզայի խոսքերով, որ մեջբերում է «Նովոստի» գործակալությունը, Վրաստանում վերջին երկու տարում տեղի ունեցածը գրեթե հրաշք է, եւ պետք է դա հարգել:
Հետաքրքրական է, որ վրացական պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Մ. Նահանգները զարգացած Մեծ ութնյակի երկրներից միակը չէ, որի հետ պատրաստվում է բանակցել վրացական կողմըՙ բացառությամբ Ռուսաստանի: Թերեւս վերջին պայմանն արտառոց դիտվեր վերջերս Սաակաշվիլուՙ հեռախոսազրույցի ձեւով դրսեւորած նախաձեռնությամբ կայացած Պուտին-Սաակաշվիլի հանդիպումից հետո, երբ Վրաստանի նախագահը բավականին ջերմ էր արտահայտվում «հյուսիսային հարեւանի հանդեպ»:
Բայց Մ. Նահանգներ կատարելիք այցից առաջ նույն Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» եւ «Իմեդի» հեռուստաընկերությունների եթերից հայտարարել է, որ Ռուսաստանում Վրաստանը ներսից քայքայելու մեքենա է գործի դրվել: Ըստ Սաակաշվիլու, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերի առնչությամբ Վրաստանը մեկ խնդիր ունի եւ դա կլուծի կամ Ռուսաստանի, կամ մնացյալ աշխարհի հետՙ առանց Ռուսաստանի միջնորդության: Եվ չնայած Վրաստանի նախագահը կարծում է, թե երկիրը ներսից քայքայելու գործընթացը սկսել է Ռուսաստանը, միաժամանակ հույս է հայտնել, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները կլուծվեն Ռուսաստանի մասնակցությամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, մոտ ժամանակներս Վրաստան պաշտոնական այցելություններ կկատարեն նաեւ Հայաստանի իշխանություններն ի դեմս արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: