«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ԱՐԱԳՅՈՒԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Արագյուլ (Առաքել) գյուղը Լեռնային Ղարաբաղի Հադրութի վարչակազմի մեջ է մտնում: Գյուղն ունեցել է այն նույն ճակատագիրը, որը վիճակված է եղել Լեռնային Ղարաբաղի եւ Հադրութի վարչակազմի մյուս բնակավայրերին:

«1991 թ. մայիսի 13-ն էր, մենք լսել էինք արդեն, որ թուրքերը մտել են Ղարաբաղ: Էդ օրը թուրքերը հասան նաեւ մեր գյուղ ու մեզ հանեցին մեր տներից: Ամուսնուս արդեն տարել էին Ջեբրայիլ ու ծեծել: Էսօրվա պես հիշում եմ, թուրքերը մտան այգի, մոտեցան գարաժին, որտեղ մեր մեքենան էր, եւ ուզեցին տանեն: Բանալին ուզեց, չտվեցի, զենքը այ սենց պահեց գլխիս, թե տուր, թե չէ կկրակեմ: Ինչ արեցին, չտվեցի: Հետո ապակիները ջարդեցին, մեջը ինչ լավ բան կար, տարան, վերջում էլ մի հատ քացով խփեցին մեքենային եւ գնացին», սամիթ մաքրելով հիշում է տանջված Էմմա տատիկը, որին դժվարությունները զարմանալիորեն շատ չեն ընկճել:

Արագյուլ գյուղի տներից մեկում է ապրում 72-ամյա Էմմա Հայրեյանը` որդու եւ նրա ընտանիքի հետ, որոնք 3 տարի Կուբաթլուում ապրելուց հետո` 1994 թ. նոյեմբերին կրկին հնարավորություն են ստացել վերադառնալու իրենց հայրենի գյուղ: Թշնամի տեսած իրենց այգում մեզ հյուրընկալեց Էմմա տատիկը եւ պատմեց իրենց դժվարությունների մասին:

Դժվարություններ, որոնց մասին այսօր նա կարծես մի տեսակ գոհունակությամբ է հիշում, եւ պատճառն այն է, որ կրկին ծննդավայրում են: Սա, ինչպես մենք հասկացանք, նրանց համար ամենակարեւորն է, որը թերեւս մեծ խիզախում է: Ոչ միայն Արագյուլում, այլեւ հարակից գյուղերում եւ մյուս շրջաններում, ուր 1994 թ-ից իրականացվում է վերաբնակեցման ծրագիր, պայմաններն այնքան էլ նախանձելի չեն: Նախկինում 100 ընտանիք ունեցող գյուղում այժմ ապրում են 27-29 ընտանիքներ` մոտ հարյուր մարդ: Պատերազմից հետո գյուղացիներն իրենց համար տանիք են սարքել եւ շարունակել իրենց կյանքն այնպես, կարծես շատ բան չի փոխվել: «Որ եկանք, վեց հոգով էն բուդկայում ենք ապրել (մատնացույց է անում այգու սկզբում տեղադրված երկաթե փոքրիկ կրպակը), հետո տղաս ընկերների հետ գնացել է, մեքենայով մի անգամ քար, մի անգամ ավազ ու շինանյութ բերել ու էս տունը սարքել», պատմում է Էմմա տատիկը եւ նշում, որ վերահաստատման հարցում իրենց շատ են օգնել «Երկիր» միությունն ու շվեյցարահայ համայնքում ստեղծված «Արմենիա» հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը:

Մեր հարցին, թե ինչ հիմնական խնդիրներ ունեն արագյուլցիները, պատասխանեց տարեց կնոջ տղան` Կարեն Հայրեյանը. «Խնդիրները կարեւոր չեն, կարեւորը, որ մենք մեր գյուղում ենք, մեր գյուղը մեզ հարազատ է»: Իրար շարունակելով` մայր ու տղա նշում էին գյուղում մանկապարտեզի եւ դպրոցի գոյության մասին: Ինչ վերաբերում է հեռուստացույցին եւ հեռախոսին, դրանք եւս գյուղում մեծ շքեղություն են: Գյուղում կա ընդամենը մեկ հեռախոս, որից էլ հարկ եղած դեպքում օգտվում են գյուղացիները: Այնուամենայնիվ, Արագյուլում եւ առհասարակ Հադրութում ամենամեծ խնդիրը խմելու ջուրն է: Հադրութի վարչակազմի ղեկավար Սամվել Սաֆարյանը կարծում է, որ հարցը տարեցտարի ավելի է հասունանում եւ վերջիվերջո պետք է լուծում ստանա:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Արագյուլ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4