«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


«ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԸ ՄԵԾԱՐԵՑ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ

Թուրինի համաշխարհային 37-րդ շախմատային օլիմպիադայում հայ շախմատիստների փառահեղ նվաճումը շարունակում է գտնվել հանրապետության պետական այրերի ուշադրության կենտրոնում: Երեկ «Բելաջիո» ռեստորանային համալիրում շախմատիստների մեծարման հերթական արարողությունն էր կազմակերպել Երեւանի «Կենտրոն» թաղապետարանը: Հանդիսավոր արարողությանը, բացի շախմատիստներից, ներկա էին շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Կենտրոն» համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, շախմատի ֆեդերացիայի անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման խոսքով Հայաստանի հավաքականի շախմատիստներին ողջունեց «Կենտրոն» համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը. «Այս օրը «Կենտրոն» համայնքի բնակիչների համար տոնական օր է: Այսօր մենք ողջունում ենք մեր փառապանծ շախմատիստներին, որոնք արցախյան պատերազմից հետո մեր ժողովրդի համար ամենամեծ հաղթանակը նվաճեցին: Մենք բոլորս ազգովին պիտի ամեն ինչ անենք, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ հպարտանա այդ հաղթանակով եւ ոգեշնչվի աննախադեպ հաջողությամբ: Թաղապետարանի կողմից շնորհակալություն եմ հայտնում մեր շախմատիստներին, ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, որ կարողացավ այս գեղեցիկ երիտասարդների, լավ տղաների թիկունքին կանգնել: Շնորհակալ եմ նաեւ մեր տղաներին ու աղջիկներին, որ կարողացան հայկական շախմատն ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին»:

Այնուհետեւ Գագիկ Բեգլարյանը ոսկե հուշամեդալներով ու շնորհակալագիր-պատվոգրերով պարգեւատրեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին, իսկ կանանց հավաքականի շախմատիստներին հանձնվեցին ծաղկեփնջեր ու պատվոգրեր: Պատվոգրերով պարգեւատրվեցին նաեւ մարզիչներ Տիգրան Նալբանդյանն ու Արսեն Եղիազարյանը, ինչպես նաեւ շախմատի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Ցերեկույթում «Կենտրոն» թաղապետարանը հաճելի անակնկալ էր մատուցել: «Կենտրոն» համայնքի «Պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց համայնքի բնակիչներ Սերժ Սարգսյանին եւ Վլադիմիր Հակոբյանին: Ընդ որում տեղեկացվեց, որ մեր բոլոր շախմատիստներն էլ արժանի էին այդ պատվին, սակայն բացի Վլադիմիր Հակոբյանից, մյուսները «Կենտրոն» համայնքի բնակիչներ չեն:

Ցերեկույթի մասնակիցներին իրենց ելույթներով ողջունեցին երգչուհիներն ու պարային համույթները: Ջերմ մթնոլորտում անցած ցերեկույթն ավարտվեց հրավառությամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4