«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2006-06-20 | #114, 2006-06-21 | #115, 2006-06-22


ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ

Բացառությամբ Թել Ավիվի բաց համալսարանի

Իսրայելական «Հաարեց» թերթի հունիսի 8-ի համարում տպագրված «Ցեղասպանությո՞ւն. համալսարանները չեն ցանկանում դասավանդել այն» հոդվածը փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ են Իսրայելի համալսարանները խուսափում թեմայից, ինչո՞ւ չեն կամենում խորամուխ լինել այլ ազգերի ցեղասպանությունների ուսումնասիրության մեջ, այդ թվումՙ հայերի: Հոդվածն անդրադառնում է Թել Ավիվի բաց համալսարանում միջազգային իրավունքի մասնագետ Իսրայել Չառնիի օրերս ընթերցած «Այլ ցեղասպանություններ» թեմայով դասախոսությանը, նաեւ նույն համալսարանում «Ցեղասպանություն» մատենաշարով հրատարակված վերջին 2 աշխատություններին:


Իսրայել Չառնի

Մինչ հոդվածին ավելի հանգամանալից անդրադառնալն ասենք, որ Իսրայել Չառնին ընդգրկված է Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծած Հայոց ցեղասպանության ուսումնասիրման փորձագիտական հանձնաժողովում եւ վերջերս Հայաստան էր ժամանել մասնակցելու հանձնաժողովի հերթական նիստին: Մեր զրույցում Չառնին հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող, շատերիս հայտնի իսրայելցի ցեղասպանագետ Յաիր Օրոնի հետ մտադիր են հիշյալ համալսարանում առաջիկայում բացել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բաժին:


Յաիր Օրոն

Հոդվածի սկզբում արտահայտվում է այն միտքը, որ Հոլոքոսթի, ցեղասպանական գործողությունների ու սպանդի միջեւ զուգահեռներ ու համեմատություններ անցկացնելը միշտ հանգեցնում է արդարացի ալեկոծումների ու հուզումների: «Հաարեց» թերթի թղթակցի հետ զրույցում Չառնին նշել է. «Բոլոր ազգերի մեջ եղել են անզեն ու անմեղ մարդկանց կոտորելու ընդունակ խմբավորումներ: Մենք նույնպես մեղսակից ենք եղել այդպիսի դեպքերի: Երբեք ցեղասպանություն չենք իրականացրել, սակայն ունեցել ենք նվազ թվով մարդկանց սպանդի մի քանի դեպքեր, որոնցից յուրաքանչյուրը սարսափելի է ու ցավալի»:

Համալսարաններում ցեղասպանության թեման դասավանդելու վերաբերյալ Չառնին ասել է. «Ցեղասպանություն ուսումնասիրել չի նշանակում սոսկ իմանալ, որ մենք զոհ ենք եղել, այլեւ տեղեկանալ, որ այդ ներուժն առկա է նաեւ մեր մեջ»:

«Իսկ ե՞րբ են ցեղասպանական գործողությունները դառնում փաստացի ցեղասպանություն» հարցին Չառնին տալիս է հետեւյալ պատասխանը. «Կարծում եմ, 10 հազար զոհն արդեն ցեղասպանություն է: Եթե ոչ, այդ դեպքում ինչպե՞ս կոչել: Եթե ունեք իքս դավանանքի 10 հազար անզեն քաղաքացիների դիերՙ սպանված իգրեկ դավանանքի հետեւորդների կողմից, դա ի՞նչ է, քաղաքական սպանությո՞ւն: Կարծում եմ, ցեղասպանություն է»:

Հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ 10 հազար զոհը ցեղասպանություն անվանելը նվաստացնում է Հոլոքոսթը: Դրան հետեւում է Չառնիի բացատրությունը, որ ցեղասպանության մեծությունը զոհերի թվով որոշելու դեպքում Հոլոքոսթը կարող է խիստ փոքրանալ այն փաստի առջեւ, որ Խորհրդային Միությունում կոմունիստական ռեժիմին զոհ է դարձել 55 մլն քաղաքացի, 9 անգամ ավելի Հոլոքոսթի զոհերից:

Հոդվածում նշվում է, որ վերջին ուսումնասիրություններով, 20-րդ դարում գրանցվել է կոտորածների ու սպանդի 8200 դեպք, որոնց զոհ է դարձել 174 մլն մարդ: Դրա 1/3-ը կազմում են կոմունիստական վարչակարգի բռնություններին զոհ դարձածներըՙ ընդհանուր թվով 62 մլն մարդ: 174 մլն մարդ է սպանվել 20-րդ դարի ամենադաժան 5 բռնակալների օրոքՙ Իոսիֆ Ստալին (Խորհրդային Միություն)ՙ 43 մլն զոհ, Մաո Ցզե Դուն (Չինաստան)ՙ 38 մլն, Ադոլֆ Հիտլեր (Գերմանիա)ՙ 21 մլն, Չան Կայշին (Չինաստան)ՙ 10 մլն, Վլադիմիր Լենինՙ 4 մլն:

Ի՞նչ գիտեն Իսրայելում ցեղասպանությունների մասին

Այս հարցի պատասխանը Յաիր Արոնը տվել է իր վերջինՙ «Նացիստական Գերմանիան եւ գնչուները» գրքում, որի բաժիններից մեկում ներկայացրել է 1996 թվականին իսրայելցի 800 ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հետազոտողներն ուսանողներից պահանջել են նշել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գնչուների հանդեպ նացիստների իրականացրած ջարդերի մասին իրենց տեղեկությունները: Ուսանողների 85 տոկոսը պատասխանել է, որ անտեղյակ է կամ չնչին գիտելիքներ ունի, միայն 1 տոկոսն է նշել, որ ծանոթ է թեմային:

1996-2004 թթ. հարցաթերթիկներ են բաժանվել ցեղասպանության ուսումնասիրության հատուկ դասընթացին մասնակցող 500 ուսանողի, որոնք, թվում էր, պիտի տեղեկացված լինեին: Սակայն հարցման արդյունքները նույնն են եղել: Հարցվածների 85-90 տոկոսը պատասխանել է, որ ոչինչ չգիտի կամ աննշան տեղեկություններ ունի թե՛ գնչուների, թե՛ հայերի ցեղասպանության մասին:

Դրա պատճառը Իսրայել Չառնին համարում է Իսրայելի ուսումնական հաստատություններում միայն Հոլոքոսթի թեման դասավանդելը, միակ բացառությունը բաց համալսարանն է, որը զբաղվում է այլ ժողովուրդների ցեղասպանությունների ուսումնասիրությամբ:

Յաիր Օրոնը նշում է, որ ցեղասպանագետները ցեղասպանության ժխտումը համարում են «հաջողված» ցեղասպանության «վերջին փուլն ու վերջնագիրը»: Այսինքն, ոճրագործները միշտ ժխտել են իրենց մեղքըՙ ամեն ինչ բարդելով զոհերի վրա, որպեսզի մեղսագործությունը մշտապես չհետապնդի իրենց: Ցեղասպանագետները նաեւ նշում են, որ 20-րդ դարի ցեղասպանությունները, բացի Հոլոքոսթից, «մոռացված» են կամ «քողարկված»:

Օրոնի համոզմամբ, եթե ապագայում ցեղասպանություններ լինեն, մեղավորները կլինեն ոչ ոճրագործները եւ ոչ զոհերը, այլ «երրորդ կողմը»ՙ մարդկության գերակշիռ հատվածը, որովհետեւ վերջինի թողտվությամբ են կատարվում բոլոր ցեղասպանությունները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4