Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) կուսակցության վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը այս վստահությունը հիմնավորում է նրանով, որ իրենք ունեն խնդիրների լուծման հստակ ճանապարհներ, որոնց անհրաժեշտությունը ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է: Երեկ «Հայելի» ակումբում այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության փոխնախագահը այն հարցին, թե ինչպես է հնարավոր ժողովրդի վստահությունը կրկին ստանալ, երբ դեռ չեն մոռացվել 90-ականների դաժան հիշողությունները:
Այնուամենայնիվ, ՀՀՇ-ն պատրաստվում է մասնակցել 2007 թ.-ի խորհրդարանական ընտրություններին, այն էլ նոր մեթոդներով, քանի որ վարչության փոխնախագահը կարծում է, թե դասական իմաստով պատրաստվածությունը ընտրությունների ժամանակ որեւէ նշանակություն չի ունենում: Իսկ նոր մեթոդներ ասելով նկատի ունի առաջիկա ընտրությունների խնդիրները կանխատեսելն ու դրանց դեմն առնելը:
Թեեւ պրն Հովակիմյանը չցանկացավ ներկայացնել ՀՀՇ-ի 2007 թ.-ի ամբողջ պլատֆորմը, սակայն նշեց իրենց մտահոգող հարցերը` Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր ծրագրերից, ԼՂՀ խնդիրը սարսափելի վիճակում է եւ յոթ տարի ոչինչ չի փոխվել, շաքարավազի գինը... Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում որեւէ քաղաքական ուժի գերակշռությանը, ապա վարչության փոխնախագահը կարծում է, որ եթե այսպես շարունակվի, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կանխավ որոշվել է, եւ մենք կունենանք նշանակովի խորհրդարան: Հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվո՞ւմ է «Փոքր Մհերի» կերպարով դուրս գալ եւ խոսել այն ժամանակ, երբ ինչ-որ լուրջ բան պատահի, Հովակիմյանը պատասխանեց. «Փոքր Մհերի հետ համեմատությունը հետաքրքրական է, բայց որեւէ մեկը այդ մասին չի խոսել: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակ կգա եւ կխոսի միայն այն ժամանակ, երբ կորոշի ինքը: Որեւէ մեկը չի կարող նրա վրա ազդեցություն ունենալ»:
Ակումբի երկրորդ հյուրը` Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ կարծում է, որ թեեւ քաղաքական դաշտում ներքին գործընթացներ կան, սակայն դժվար չէ կանխատեսել ապագան: Նոր գործընթացներ ասելով պատգամավորը նկատի ունի նոր կուսակցությունների ի հայտ գալը եւ ՕԵԿ-ի դուրս գալն իշխանական կոալիցիայից ու ընդդիմադիր դաշտ անցնելը:
Անդրանիկ Հովակիմյանի եւ Սամվել Նիկոյանի կարծիքները չէին համընկնում Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Անդրանիկ Հովակիմյանը հայտարարեց, որ ներկա իշխանությունները պատրաստ չեն Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորելուն եւ ամեն ինչ անելու են ստատուս քվոն պահպանելու համար, անգամ տնտեսական հետընթացի եւ տարածաշրջանային ծրագրերից դուրս մնալու գնով: Հանրապետական պատգամավորն էլ ընդգծեց, թե Բաքու-Ջեյհան նախագծին Հայաստանի մասնակցությունը հնարավոր կլիներ Ղարաբաղը տալու դիմաց (պատգամավորի ասելով հարցն այդպես էր դրված), որին իշխանությունները չէին կարող համաձայնել: Նիկոյանի համոզմամբ, տարածաշրջանային բոլոր նախագծերում մեծ դերակատարում ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնց հզորությանը Հայաստանը չի կարող հակակշիռ լինել: ՀՀՇ-ական գործիչը չհամաձայնեց հանրապետական պատգամավորի հետ` նշելով, թե երբեք էլ Բաքու-Ջեյհանի հարցը դրված չի եղել Ղարաբաղի խնդրի դիմաց: Նա ըստ երեւույթին մոռացել է, որ այդ նավթամուղի շուրջ սկզբունքային համաձայնությունը կայացել է դեռեւս նախորդ իշխանության օրերին: Ակումբի բանախոսները բանավիճեցին նաեւ երկքաղաքացիության օրինագծի շուրջը, որում կրկին համամիտ չէին. ՀՀՇ-ն դեմ է օրենքին, ՀՀԿ-ն` կողմ:
«Ինչպիսի՞ հարաբերություններ ունի ՀՀՇ-ն այս շրջանում իշխանական կուսակցությունների հետ եւ կարելի՞ է կարծել, որ վերջին շրջանում իշխանական թեւերը ՀՀՇ-ին շատ տեղ են տալիս», «Ազգի» հարցին ՀՀՇ վարչության փոխնախագահը պատասխանեց. «Չէ, չէի ասի, քաղաքական իմաստով մեր մեջ երբեք որեւէ շփում չի եղել եւ չի էլ լինի, որովհետեւ մենք հստակ քաղաքականություն ունենք, իսկ մարդկային առումով մենք խնդիր չունենք»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ