«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2006-06-20 | #114, 2006-06-21 | #115, 2006-06-22


ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը զուգահեռ շարունակվում են Հայաստանի առաջնության հանդիպումները: Առանց այն էլ Հայաստանի առաջնության հանդիպումների նկատմամբ հետաքրքրասիրությունը ցածր է: Իսկ այս օրերին ֆուտբոլասերներից շատերը նախընտրում են մնալ տանը եւ հեռուստացույցով հետեւել աշխարհի առաջնության հանդիպումներին, ուստի Հայաստանի առաջնության խաղերն անցնում են գրեթե դատարկ տրիբունաների առաջ:

Վերջին շրջանում կրկին վստահ ելույթներ է ունենում Երեւանի «Արարատը»: Գլխավոր մարզչի պաշտոնում Սուրեն Բարսեղյանին փոխարինած Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ արարատցիները 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: «Գանձասարի» հետ հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ «Արարատի» համար: Հաջողության դեպքում արարատցիները կամրապնդվեին աղյուսակի 4-րդ հորիզոնականում եւ լավ նախադրյալներ կունենային առաջատարների խմբում կրկին ընդգրկվելու համար: Կար մեկ այլ հանգամանք եւս, որն ստիպում էր «Արարատին» ձգտելու ամեն կերպ հաղթել «Գանձասարին»: Բանն այն է, որ առաջին շրջանում Կապանում «Գանձասարը» հաղթել էր 2-1 հաշվովՙ հաղթանակը կորզելով վերջին րոպեին: Բնականաբար, արարատցիները ձգտելու էին ռեւանշի: Եվ դա նրանց հաջողվեց: «Արարատը» վստահ անցկացրեց խաղը, թեեւ առաջինը հաջողության էր հասել «Գանձասարը»: (17-րդ րոպեին աչքի էր ընկել հյուրերի հարձակվող Սամվել Պետրոսյանը): Արարատցիների կազմում դիպուկ հարվածներով աչքի ընկան բրազիլացիներ Մարկոսն ու Ռենատոն, ինչպես նաեւ թիմի ռմբարկու Էդգար Սաֆարյանըՙ խփելով առաջնությունում 7-րդ գնդակը: «Արարատը» հաղթեց 3-1 հաշվով եւ ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում:

Գյումրիում մրցեցին առաջնության հետնապահներ «Շիրակն» ու «Ուլիսը»: Հանդիպման ելքը վճռեց խաղավերջում ուլիսցի Արթուր Աղասյանի խփած միակ գոլը: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում առաջնության առաջատարներ «Միկայի» եւ «Բանանցի մրցավեճը: Համառ մրցակցություն ծավալվեց առաջատարների խաղում: Առաջին խաղակեսում «Միկայի» հարձակվող Արմեն Շահգելդյանին հաջողվեց բացել հաշիվը: Ինչպես պարզվեց հետագայում, դա այդ հանդիպման միակ գոլն էր, որը կարեւոր հաղթանակ պարգեւեց «Միկային»:

Հունիսի 24-ին Թբիլիսիում տեղի «Դինամոյի» հետ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումից առաջ «Կիլիկիան» ուժերը փորձարկեց երկրի չեմպիոն «Փյունիկի» հետ: Արդեն առաջին խաղակեսում փյունիկցիները փաստորեն վճռեցին հանդիպման ելքը` երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Դիպուկությամբ աչքի ընկան Ալեքսանդր Պետրոսյանը, Աղվան Մկրտչյանը եւ Արսեն Ավետիսյանը: Երկրորդ խաղակեսից քիչ անց Ալեքսանդր Պետրոսյանը չորրորդ անգամ ստիպեց հյուրերին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Հետագայում էլ փյունիկցիները ունեցան դարպասը գրավելու հիանալի պահեր, սակայն չօգտագործեցին: Փոխարենը նրանք խաղավերջում կորցրին զգոնությունը` մրցակցին հնարավորություն ընձեռելով 2 անգամ գրավել դարպասը: «Կիլիկիայից» գոլերի հեղինակ դարձան Սարգիս Մովսիսյանն ու Նշան Էրզրումյանը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ11101037-831
2. Միկա1171318-1022
3. Բանանց1161424-1219
4. Արարատ1152415-1817
5. Գանձասար113268-1811
6. Կիլիկիա1023515-219
7. Շիրակ101456-287
8. Ուլիս1120911-196

Ռմբարկուները

Արամ Հակոբյան«Բանանց»8
Արսեն Ավետիսյան«Փյունիկ»8
Արմեն Շահգելդյան«Միկա»8
Էդգար Սաֆարյան«Արարատ»7

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4