«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2006-06-21 | #115, 2006-06-22 | #116, 2006-06-23


112-ՐԴ ՏԱՐՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԲԺՇԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ

Դուբնայում` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ռուսաստանցի եւ շվեյցարացի գիտնականների համատեղ իրականացրած եզակի գիտափորձի մասին արդեն հաղորդվել է լրատվամիջոցներում: Առաջին անգամ քիմիական միջոցներով հաջողվեց ապացուցել 112-րդ տարրի գոյությունը: Դա հաստատում է, որ Մենդելեեւի պարբերական աղյուսակի 114-րդ եւ 116-րդ տարրերը նույնպես գոյություն ունեն:

Գիտափորձի արդյունքը համարվում է 2006 թ. գիտական գլխավոր սենսացիան: Այս կապակցությամբ Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանն «Իզվեստիա» թերթին տված պարզաբանման մեջ մասնավորապես ասել է, որ 112-րդ, ինչպես նաեւ 114-րդ եւ 116-րդ գերծանր տարրերի գործնական կիրառության հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում:

Խնդիրն այն է, որ Երկիրը հին մոլորակ է, եւ եթե այդ ռադիոակտիվ տարրերի կիսատրոհման ժամկետը փոքր է Երկրի տարիքից, ապա դրանք պետք է որ այլեւս գոյություն չունենան: Բայց նման գերծանր մետաղներ պետք է հայտնաբերվեն եթե ոչ Արեգակնային համակարգում, ապա դրա սահմաններից դուրս, հատկապես երիտասարդ աստղերի եւ մերձակա մոլորակների վրա:

Ակադեմիկոս Հովհաննիսյանը չի բացառում, որ հայտնաբերվեն կայունության նոր «կղզյակներ», որտեղ խաղաղ կգոյատեւեն էլ ավելի ծանր տարրեր: Պլուտոնիումի կրիտիկական զանգվածը 20 կգ է, իսկ գերծանր տարրերինը միլիգրամից էլ պակաս է: Հայտնագործության հեղինակը գերծանր մետաղների մոտալուտ կիրառման հավանական ոլորտներն է համարում բժշկությունը եւ էներգետիկան: Մասնավորապես հնարավոր է արտադրել երկարատեւ գործողության գերհուսալի սրտախթանիչներ, գերհեռագնա տիեզերական սարքերի շարժիչներ, ռադիոածխածնային տարրալուծման եղանակի նմանությամբ ստույգ որոշել վաղնջական իրադարձությունների ժամկետները: Հնարավոր է պատրաստել համահավաք էներգետիկ կայանքներ:

Ավանդական էներգետիկայում նոր տարրերը կիրառելու համար անհրաժեշտ է հայթայթել դրանց զգալի քանակություններ: Պետք է գիտակցել միջուկային զենքի նորացման սկզբունքային վտանգը. գերծանր տարրերը կարող են դրա հզորությունը հասցնել աներեւակայելի չափերի: Կրիտիկական փոքր զանգված ունեցող գերծանր տարրից (օրինակ, կալիֆոռնիումից) հնարավոր է պատրաստել միջուկային ռումբ եւ նույնիսկ միջուկային փամփուշտ: Սովորական հրացանից նման փամփուշտ արձակելով կարելի է լիովին ավերել քաղաքային մի ամբողջ թաղամաս:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4