«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2006-06-21 | #115, 2006-06-22 | #116, 2006-06-23


ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՆԵՐԻ ՄԵՋ

Չեխիայում հայերը վերջին տասնամյակներում են սկսել ձեւավորել հայկական կազմակերպված կյանք եւ տարածել հայ մշակույթ, հայ արվեստ: Այստեղ Հայաստանից մեկնած նկարիչների մի հրաշալի ստեղծագործ խումբ է ապրում, որ մի ուրույն երանգ ու մթնոլորտ է ստեղծել այս երկրումՙ չեխական կերպարվեստը հարստացնելով հայկական գունամտածողությամբ: Հայկական «նկարչական» փոքրիկ համայնքն աստիճանաբար ինտեգրվում է չեխական հյուրընկալ հողին ու մշակույթին: Շատ հայ նկարիչներ ընդունվում ու գնահատվում են արեւելաեվրոպական այս քաղաքակրթության մեջ:

16 տարի առաջ կնոջ ու դստեր հետ Չեխիա է մեկնել նաեւ նկարիչ Աշոտ Առաքելյանը: Պատմաբանի մասնագիտությամբ եւ գիտական զբաղվածությամբ Աշոտ Առաքելյանի համար նկարչությունը ներքին նախասիրությունից բացի ներշնչանք է: Չեխիայում նա բազմիցս ունեցել է ցուցադրություններ եւ տեղի արվեստաբանների ուշադրությանն արժանացել: «Գեղանկարչական ոճերի արդի խառնաշփոթության մեջ Աշոտ Առաքելյանի նկարները պատկանում են ֆիգուրատիվ անհատականություն արտահայտող արվեստի ստեղծագործական այն բնագավառին, որի մեջ խորհրդանշանը եւ գեղագիտականը դառնում են հասկանալի ու համոզիչ» (Յոզեֆ Մաթիաս Մինարիկ): «Առաքելյանի ստեղծագործություններն անկրկնելի վայրի գեղեցկությամբ եւ գույներով ոտք չդրված մի աբստրակտ աշխարհ է» (Մարտին Նեւիել): Չեխ արվեստաբանը գտնում է, որ նա աստիճանաբար հաստատուն տեղ է զբաղեցնում չեխական գեղանկարի աշխարհում:

Երեւանում Աշոտ Առաքելյանի աշխատանքներն առաջին անգամ ցուցադրվեցին երեկՙ ԱՕՔՍ-ի նախասրահում, եւ սա մի հնարավորություն էր որոշակի պատկերացում կազմելու նկարչի յուրահատուկ գունամտածողության եւ արտահայտչաձեւերի մասին: Արվեստագետի ներքին աշխարհը բնության հետ ներդաշն ու խաղաղ է: Գունային նրբերանգներն ու դրանց վերարտադրությունը պայմանավորված է իր ինքնատիպ անհատականությամբ: Ցուցադրված աշխատանքների մեծ մասը ծաղիկներ էին պատկերում, ու դրանք երբեք էլ աչքի չէին ընկնում երանգների բազմազանությամբ կամ ձեւերի տարատեսակներով, ինչին սովոր է գոնե այս պարագայում մեր տեսողական ընկալումը: Դրանք գունային մոնոտոնայնությամբ աշխատանքներ էին, ուր ծաղկե կոմպոզիցիաներիՙ տերեւների ու ծաղկաթերթերի գունային լուծումը բաց մոխրագույնի, բաց կանաչի, թույլ դեղինի, արծաթագույնի միջոցներով ասես հայելային անդրադարձումներ են ստեղծում, որ ավելի կոսմետիկ, դեկորատիվ զգացողություն է առաջացնումՙ երբեմն անհաղորդ, պարզապես հաճելիՙ էսթետիկ մակարդակներում:

Ցուցահանդեսում տաք ու ակտիվ գունային հակադրություններով հագեցած մեկ այլ նկարաշար, սակայն նկարված 2005, 2006 թթ. պատկերային վերացարկումներովՙ հատկապես սեւի շեշտվածությամբ, պոռթկուն ու դինամիկ լիցքեր պարունակող, միանգամայն տարբեր գեղագիտական սկզբունքներ ու նշանակություն է արտահայտում:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4