«Ադրբեջանը կորցրել է հույսը հակամարտության կարգավորման միջազգային մեխանիզմների հանդեպ», ըստ «Դեյ.ազի», նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերըՙ ընդգծելով. «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը»: Ադրբեջանի հուսահատ վիճակի պատճառաբանությունը Իլհամ Ալիեւի մատուցմամբ բանակցային գործընթացի անարդյունք, նաեւ ոչ արդյունավետ լինելն է: Նման իրավիճակում, Ադրբեջանի առաջնորդի համոզմամբ, երկիրը պետք է ուղղումներ մտցնի արտաքին քաղաքականության մեջ: Եվ ծիծաղելի է, որ արտաքին քաղաքականության մեջ զարգացումներն, Ալիեւի պատկերացմամբ, հանգել են հետագա 20 տարում նավթային նախագծերի իրացումից 140 մլրդ դոլար վաստակելու հեռանկարին:
Չնայած վերջերս ադրբեջանական պաշտոնյաների հայտարարություններում «հարաբերական անդորրին»ՙ կապված պատերազմի կոչերի հետ, Ալիեւը չի մոռացել նշել, թե այդ նավթային դոլարները կօգտագործվեն բանակի ամրապնդման համար: «Խաղաղ կամ ռազմական ճանապարհով մենք անպայման կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը», հայտարարել է «նավթային» Ադրբեջանի նախագահը:
Թեեւ Ալիեւիՙ բանակի ուժեղացման ու ֆինանսավորման մեծացման հայտարարությունները կրկին եւ կրկին ներքին սպառման են, նշենք, որ այնպիսի մի երկրում, որտեղ ամենակոռումպացված ոլորտը բանակն է, տնտեսապես «արդարացված» է նավթային միլիարդները բանակ ուղղելու ցանկությունը, մեծացնելով ռազմական արկածախնդրության հավանականությունը:
Ա. Հ.