«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


ՊՈՒՏԻՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ռուսաստանի գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովի անսպասելի պաշտոնանկումը ռուսական մամուլը հեղեղեց բազմաթիվ մեկնաբանություններով, վարկածներով, ենթադրություններով, կանխագուշակումներով` ուժեղանում է նախագահամերձ խմբավորումների հակամարտությունը, գահաժառանգներից յուրաքանչյուրն ու նրա համախոհները ամրապնդում են իրենց ելակետային դիրքերը, սպասվում է դատախազական կարգավիճակի փոփոխություն եւ այլն: Սակայն ամեն ինչ, ըստ էության, հանգում է մի երեւույթի, որ կոչվում է անորոշություն: Թերեւս իրավացի էր թերթերից մեկը, որը գրել էր. «Կա մի բուրգ, որի գագաթին կանգնած է միայն մի անձնավորություն, որն էլ ունի աշխարհի պատկերի իր ընկալումը: Դրանից էլ բխում է խնդիրների ու գործողությունների դրվածքը: Մյուսները կարող են լինել միայն դրա մասնակիցները, բայց ոչ երբեք համահեղինակները: Բոլորի վերեւը հառնող այդ անձն էլ փորձում է ձեւավորել նպատակներն ու ուղղությունը... Պուտինին շատերն են թերագնահատում, նրանք կարծում են, որ նա ոչ մեկին չի լսում: Ոչ, նա ամեն ինչ լսում է, սակայն որոշումն ընդունում է ավելի ուշ, իրեն անհրաժեշտ ծավալներով ու ձեւերով»:

Հիրավի հազիվ թե Ռուսաստանում այսօր գտնվի մեկը, որը կարողանա պատասխանել առաջին հայացքից պարզ թվացող մի հարցի` ինչի՞ է ձգտում Պուտինը: Ուզո՞ւմ է վերընտրվել, կուզենա՞ լինել պետության երկրորդ կամ երրորդ անձը, հակառակ պարագայում ո՞ւմ կնստեցնի գահին եւ այլն:

Հիվանդ ու խմիչքասեր Ելցինից ժառանգելով քաոսի վերածված երկիրը, որտեղ տերուտնօրինություն էին անում Բերեզովսկու եւ Գուսինսկու նման երկրաքանդ «գորշ կարդինալները», իսկ տեղերում` ինքնիշխան ու քմահաճ նահանգապետները, Պուտինին հաջողվեց չեկիստին բնորոշ գաղտնախորհուրդ գործողություններով իսկապես ստեղծել այնպիսի մի ուղղահայաց քաղաքական համակարգ, որի բոլոր կենսական հանգույցների լուծումը կախված է միայն իրենից, մեծ մասամբ, իրոք, անըմբռնելի ու անմատչելի շրջակա պաշտոնյաների համար: Նա հենց սկզբից անվստահություն դրսեւորեց Ելցինի ստեղծած կառավարման կառույցների նկատմամբ. քաղաքական վիրաբույժի վարպետությամբ նա սկզբից անդամահատեց Դաշնային խորհուրդըՙ նահանգապետների խառնաժողովից վերածելով նշանակովի կամակատարների «սենատի»: Հաջորդը ընկավ Դուման, որտեղ նա իր իսկ հորինած կուսակցության միջոցով մեկուսացրեց կոմունիստների եւ բոլոր մյուս անհաշտների «ըմբոստ» ձայնը: Վարչապետ նշանակվեց միանգամայն կառավարելի մի անձ, որի ամենաթույլ տեղը... ոչ պատշաճ պրոֆեսիոնալ պատրաստությունն է: Նույնիսկ նախագահական աշխատակազմը դարձավ սոսկ կատարողական այն աստիճան, որ կարելի էր ղեկավար նշանակել գավառից բերված ոչնչով աչքի չընկնող մի անձնավորության: Սսկվեցին Ելցինի սնուցած ու փաղաքշած օլիգարխները, ԶԼՄ-ների հնազանդության ակնբախ արտացոլումը դարձավ լճացման տարիները հիշեցնող ներկայիս «Վրեմյան» եւ այլն: Ի վերջո հստակ դարձավ Պուտինի կառավարման ոճը` առավելագույնս իրեն ենթարկել իշխանական կառույցները եւ իր հայեցողությամբ շրջանակել նրանց քաղաքական լիազորությունները:

Ահա եւ, ինչպես ասացինք, հառնում է հարցերի հարցը` փոփոխություն կմտցվի՞ սահմանադրության մեջ, ճանապարհ հարթելով նախագահական երրորդ ժամկետի համար: Հարցը հռետորական չէ, քանզի Ռուսաստանն արդեն թեւակոխել է նախընտրական ակտիվ շրջան: Եվ եթե Պուտինի թեկնածության օգտին հանդես է գալիս հյուսիսօսական հասարակական կազմակերպություն, ապա նրա դերը կարելի է ընկալել որպես սոսկ «հուշարար»: Բայց երբ առանց ակնարկների այդ մասին հայտարարություններ են անում երկրի մյուս ղեկավարները, ապա հարցը այլ հնչողություն է ձեռք բերում: Ինչպես կասեր Գորբաչովը` տՐՏՓպրր տՏՔպս: Ուշադրություն է գրավում մի հանգամանք. թեման աշխուժորեն է քննարկվում ռուսաստանյան մամուլի այն հատվածում, որը վերահսկում են օլիգարխները: Պարզ է, նրանք հակված չեն ստեղծելու հասարակական կարծիք հօգուտ Պուտինի: Իսկ այդ խնդրի շուրջը բարձրացված ամեն մի աղմուկ համաշխարհային լիդերների պետերբուրգյան հանդիպումից առաջ կարող է միայն հեղինակազրկել նրան: Ի դեպ, վերջինիս օրոք պարտություն կրած օլիգարխները, որոնք ներկայացնում են էթնիկական որոշակի խումբ, արդեն վաղուց պուտինամերժ քարոզարշավ են ծավալել համաշխարհային ու հատկապես ամերիկյան մամուլում: Տարօրինակն այն է, որ ոչ միայն օլիգարխները, այլեւ ընդդիմությունն առհասարակ չունեն ընդգծված լիդեր, որեւէ վառ անհատականություն: Ինչի՜ մասին է խոսքը, երբ «լիբերալ» խավի ներկայացուցիչները` «Յաբլոկոն» կամ աջ ուժերը ընտրություններում հավաքում են, նույնիսկ անպատեհ է հիշատակել, 1,5-2,5 տոկոս ձայն:

Բնականաբար Պուտինն առայժմ ասպարեզում է թողնում իր երկու ընտրյալներին` առաջին փոխվարչապետներ Սերգեյ Իվանովին եւ Դմիտրի Մեդվեդեւին: Չնայած երկուսն էլ դարձել են «հեռուստաաստղեր», սակայն նրանք դեռ շատ հեռու են իրական փոխարինողի կոչմանն արժանանալու հավակնություններից: Նախագահատենչ մարաթոնյան մրցավազքում նրանք առայժմ հանդուրժում են իրենց հարեւանությունը, սակայն Մեդվեդեւը սկսում է դրսեւորել առաջ մղվելու միտումներ: Եթե առաջինը գոնե մեկ-մեկ զեկուցում է նորագույն զինատեսակների «փայլուն» փորձարկումների մասին, ապա մյուսի բախտի անիվը կարող է պտտվել միայն իրեն վստահված համազգային սոցիալական ծրագրերի իրագործումից, ինչն արդեն այժմ կասկածներ է հարուցում:

Ռուսաստանի ներկա իրավիճակին բնորոշ է նաեւ այն, որ Պուտինին էլ չհաջողվեց ստեղծել գաղափարական որեւէ հիմք, որի շուրջը համախմբվեր հասարակության գոնե նրան համակրող խավը: Իշխանության նկատմամբ խոր ապատիան մարդկանց դարձնում է անմասն ընդհանուր գործընթացներին, նախագահի մերձակա շրջապատը զգում է իրադրության անորոշությունը եւ սպասելով «արժեքավոր» ցուցումների, ապրում է իր ընթացիկ կյանքի շահերով, պետության համար կենսորոշ որոշումների ընդունումը թողնելով միակ մարդու կամքին: Առայժմ ոչինչ էապես չի փոխվում առանձին, թեկուզեւ առանցքային կադրերի փոփոխություններից, տարբեր տրամաչափի «չախմախչյանների» մերկացումներից, հրամցվող զանազան սոցիալական նվիրատվություններից եւ այլն: Այնպես որ, եթե ԱՄՆ-ում այսօր կարող են ասել, որ երկրի ղեկավարի ամենահավանական թեկնածուներից մեկը Հիլարի Քլինթոնն է, ապա Ռուսաստանում, կրկնում ենք, նույնիսկ չգիտեն` Պուտինը կմասնակցի՞ ընտրություններին:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4