«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ Է

Սփյուռքի հայկական դպրոցներում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է, եւ առաջիկա տարիներին մի քանի հայկական դպրոցներ անխուսափելիորեն կկանգնեն փակվելու վտանգի առջեւ, քանի որ հայ ընտանիքների գերակշիռ մասը նախապատվությունը տալիս է տվյալ երկրի պետական դպրոցներին: Տխուր է վիճակը հատկապես Հարավային Ամերիկայի հայկական համայնքներում, հայերեն խոսող երիտասարդների թիվն այնտեղ աննշան է: Հայերեն չի խոսում նաեւ Հայաստանի բուհեր դիմող սփյուռքահայերի գերակշիռ մասը:

Կրթության ու գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանի ասելով, թեպետ վերջին մեկ տարում սփյուռքում հայկական ոչ մի դպրոց չի փակվել, սակայն առաջիկա տարիներին այդպիսի դեպքեր կգրանցվեն, որովհետեւ դրա հիմքում ընկած են բավականին լուրջ առարկայական պատճառներ: «Մեր հայրենակիցներն ապրում ու գործում են քաղաքական, տնտեսական, մշակութային որոշակի միջավայրում: Բնական է, որ նրանց ինքնությունը պահպանելու խնդիրը միշտ հրատապ է, եւ այդ առումով կարեւոր է հայրենիքի հետ համայնքների կապերի ընդլայնումը»:

Սփյուռքի որոշ դպրոցներում դասավանդվում է արեւելահայերեն, օրինակ, Սալոնիկի հայկական դպրոցում սովորող 175 երեխաներից 170-ը սովորում է արեւելահայերեն, այդպիսի օրինակներ կան նաեւ Բելգիայի, Հոլանդիայի, նույնիսկ Ավստրալիայի դպրոցներում: Հայաստանի թիվ մեկ խնդիրն այդ դպրոցներին դասագրքերով ապահովելն է, այս տարի առաքվել են 7200 դասագիրք, ուսումնական նյութեր: Պետական բյուջեից հատկացված 70 մլն դրամով նախատեսվում է սփյուռքի դպրոցներին ուղարկել 84 անուն դասագիրք, որոնց մեջ պետք է ընդգրկվի նաեւ հայ մշակույթի պատմության նոր ձեռնարկը: Դասագրքերով ապահովվել են նաեւ Վրաստանի եւ Աբխազիայի հայերեն ուսուցմամբ 150 դպրոցները:

Ապրիլին Սոչիից ժամանած պատվիրակության հետ համաձայնություն է ձեռք բերվել Կրասնոդարի երկրամասում մինչեւ 2010 թվականը կրթական ծրագրեր իրականացնելու: Ռուսաստանում այսօր գործում է 16 հայկական դպրոց, 6-ըՙ Սոչիում, 6-ըՙ Դոնի Ռոստովում, 4-ըՙ Մոսկվայում: Ռուսաստանում բակալավրի եւ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանի համար այս տարի հատկացվել է 70 տեղ, մայիսին կազմակերպված մրցույթի առաջին փուլում ստացված 50 դիմում-հայտերից հաղթող է ճանաչվել 36 դիմորդ: Թափուր 34 տեղի համար հայտարարվել է նոր մրցույթ, փաստաթղթերի ընդունման ժամկետը մինչեւ հունիսի 29-ն է: Արդեն ավարտվել է Չինաստանի տրամադրած կրթաթոշակներով այդ երկրում ուսումնառությունը շարունակելու համար հայտարարված մրցույթը: Հաճելի էր տեղեկանալ, որ Չինաստանում սովորող օտար ուսանողների մեջ հայաստանցիները համարվում են լավագույնները:

Իսկ վերադառնո՞ւմ են օտար ափերում սովորող հայաստանցի երիտասարդները: Միջազգային պայմանագրերով ամրագրված չէ նրանց վերադառնալու հարցը, յուրաքանչյուր ուսանողի տրված է ընտրություն կատարելու ազատ իրավունք: «Վերջին տարիներին նկատվող տնտեսական աճը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք վերադառնում են», ասաց միջազգային համագործակցության վարչության պետ Վահե Գրիգորյանը:

Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական հաստատություններում այսօր սովորում է 2960 հայ երիտասարդՙ 32 երկրներից: Նրանցից 2174-ը ուսանում է պետական բուհերում, 448-ըՙ ոչ պետական, 338-ըՙ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: 2414-ը սովորում է վճարովի հիմունքներով, 546-ըՙ անվճար:

Թադեւոսյանի ասելով, սփյուռքի վարժարաններում, մանկապարտեզներում, կիրակնօրյա եւ այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներն այս տարի եւս մեկ ամսով կվերապատրաստվեն Հայաստանում: Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ դրանք տեղի կունենան հուլիսի 17-ից օգոստոսի 15-ը: Իսկ օգոստոսի 18-20-ը կրթության նախարարությունը կանցկացնի համահայկական կրթական երկրորդ համաժողովը: Ներկա պահին ստացվել է 26 հայտ 9 երկրներից:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4