Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած վիճակահանությունը որոշեց չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթի նախնական փուլերի մասնակից զույգերին: Չեմպիոնների լիգայում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» կհանդիպի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ: Այս զույգի հաղթողի մրցակիցը հաջորդ փուլում կլինի Մոսկվայի «Սպարտակը»: ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Միկան» կմրցի շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ: Իսկ «Բանանցի» մրցակիցը վրացական «Ամերին» է:
«Շերիֆը» Մոլդովայի բազմակի չեմպիոն է, անցյալ առաջնությունում մեծ առավելության է հասել մրցակիցների նկատմամբՙ 28 հանդիպումներում վաստակելով 71 միավոր (+22=5-1,57-11): Երկրորդ տեղը զբաղեցրած «Զիմբրուին» «Շերիֆը» գերազանցեց 18 միավորով: Չեմպիոնների լիգայի մրցաշարերում «Շերիֆը» հանդես է եկել 5 անգամՙ անցկացնելով 20 խաղ (+7=2-11, 20-27):
Մոլդովայի չեմպիոնի հետ եվրոգավաթներում մեր թիմերը մեկ անգամ արդեն հանդիպել են: 2001 թ. չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արաքսը» 2 հանդիպումներում էլ զիջել է «Շերիֆին» (0-1, 0-2):
Երկրորդ տարին անընդմեջ ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Բանանցին» բաժին է ընկնում վրացական ակումբ: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Բանանցի» մրցակիցը Թբիլիսիի «Լոկոմոտիվն» էր: Առաջին խաղում, սեփական հարկի տակ զիջելով մրցակցին (2-3), «Բանանցը» Թբիլիսիում հաղթեց 2-0 հաշվով եւ անցավ հաջորդ փուլ: «Բանանցի» ներկայիս մրցակից «Ամերին» Վրաստանի գավաթակիրն է: Եզրափակիչում թիմը 11մ հարվածներով (հիմնական ժամանակումՙ 2-2) հաղթեց «Զեստապոնիին»: «Ամերին» Վրաստանի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականըՙ 30 հանդիպումներում վաստակելով 49 միավոր (+15=4-11, 32-26): Եվրոգավաթներում «Ամերին» առաջին անգամ է հանդես գալու:
«Միկայի» մրցակիցը Շվեյցարիայի առաջնության 3-րդ մրցանակակիր «Յանգ Բոյզն» է: Թիմը 36 հանդիպումներում վաստակել է 62 միավոր (+17=11-8, 60-46)ՙ 16 միավորով հետ մնալով երկրի չեմպիոն «Ցյուրիխից» ու արծաթե մեդալակիր «Բազելից»: Եվրոգավաթներում ընդհանուր առմամբ «Յանգ Բոյզն» անցկացրել է 39 խաղ (+10=11-18, 54-72): Նշենք, որ հայկական թիմերը եվրոգավաթներում արդեն 3 անգամ հանդիպել են շվեյցարական ակումբների հետ եւ բոլոր դեպքերում էլ մեր ֆուտբոլիստները զիջել են մրցակիցներին («Լոզան» - «Ցեմենտ»ՙ 5-1, 2-1, «Սպարտակ» - «Սերվետ»ՙ 0-2, 0-3, «Լեռնագործ» - «Քսամաքս»ՙ 1-3, 0-6):
Ներկայացնում ենք չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին եւ 2-րդ փուլերի վիճակահանության արդյունքները:
1-ին փուլ
1. «Էլբասանի»-«Էկրանաս»
2. ՏՎՄԿ-«Հաֆնարֆյորդուր»
3. «Մետալուրգ»-«Ակտոբե»
4. «Մյուպա»-ՏՆՍ
5.«Կորկ Սիթի»-«Ապոլոն»
6. «Սիոնի»-«Բաքու»
7.«Դյուդելանժ»-«Ռաբոտնիչկի»
8. «Շախտյոր»-«Շիրոկի Բրիեգ»
9. «Բերկիրկարա»-Բ-36
10. «Լինֆիլդ»-«Գորիցա»
11. «Փյունիկ»-«Շերիֆ»
2-րդ փուլ
10-րդ զույգի հաղթող-«Ստյաուա»
«Լեւսկի»-6-րդ զույգի հաղթող
«Ցյուրիխ»-«Զալցբուրգ»
«Յուրգորդեն»-«Ռուժեմբերոկ»
«Դեբրեցեն»-7-րդ զույգի հաղթող
5-րդ զույգի հաղթող-«Ցրվենա Զվեզդա»
«Ֆեներբախչե»-9-րդ զույգի հաղթող
«Մլադա»-«Վոլերենգա»
11-րդ զույգի հաղթող-«Սպարտակ» Մոսկվա
3-րդ զույգի հաղթող-«Դինամո» Կիեւ
2-րդ զույգի հաղթող-«Լեգիա»
«Կոպենհագեն»-4-րդ զույգի հաղթող
1-ին զույգի հաղթող-«Դինամո» Զագրեբ
«Խարտս»- 8-րդ զույգի հաղթող
Չեմպիոնների լիգայի առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 11-12-ին եւ 18-19-ին: Երկրորդ փուլի խաղերը տեղի կունենան հուլիսի 25-26-ին եւ օգոստոսի 1-2-ին: ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Միկան» առաջին խաղը կանցկացնի սեփական հարկի տակ, «Բանանցը»ՙ հյուրընկալվելիս: Այս մրցաշարի հանդիպումները կկայանան հուլիսի 13-ին եւ 27-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ