Հունիսի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդին եւ դրան հաջորդած ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը հիմք են դարձել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության հայտարարության: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սկզբունքները մասնակի են բացել, մասնավորապես դուրս են մնացել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի եւ մինչեւ հանրաքվե Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի խնդիրները:
Համանախագահներն առաջին անգամ հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի հանրաքվեի միջոցով: Բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունները, ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն, չեն վերաբերում հանրաքվեին: Այդ հարցը նախագահների միջեւ արդեն համաձայնեցված է: Տարաձայնությունները վերաբերում են ԼՂ ռազմական կոնֆլիկտի առաջացրած հետեւանքների վերացման հերթականությանը: Կոնկրետ այս հարցին առնչվող տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների Ռամբույեի փուլից հետո Բուխարեստում սեղանի վրա դրված առաջարկություններին Հայաստանը համաձայնել է, իսկ Ադրբեջանըՙ մերժել:
Հայաստանը համարում է, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները լուրջ հիմք են բանակցությունները շարունակելու համար, եւ հայկական կողմը պատրաստ է այդ հիմքի վրա բանակցել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի փոփոխամտությունն այս տարրերի նկատմամբ հայկական կողմը համարում է լուրջ խոչընդոտ բանակցությունների առաջընթացում: Նման քաղաքականության շարունակության դեպքում Հայաստանը կպնդի, որ Ադրբեջանն ուղիղ բանակցություններ վարի Ղարաբաղի հետ:
Հայտարարության ավարտին ԱԳ նախարարությունն Ադրբեջանին եւս մեկ անգամ հիշեցնում է, որ նա անկախ ռազմական բյուջեի չափերից երբեք չի կարող ստիպել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հրաժարվել ազատության եւ ինքնորոշման իրավունքներից: Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի հարցազրույցում առաջին անգամ, բայց հատվածաբար բացվել են ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները, եւ դրան հետեւել են Ադրբեջանի հուսալքված հայտարարություններըՙ խնդրի ռազմական լուծման եւ ԼՂ ինքնավարության վերաբերյալ: Այդ առնչությամբ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հայտարարել է. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի առաջարկները Լեռնային Ղարաբաղի շահերին չեն համապատասխանում եւ լիովին արտացոլում են Ադրբեջանի դիրքորոշումը: Դա մասնավորապես վերաբերում է ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքների անվերապահ վերադարձմանը եւ խառնափնթոր, անորոշ հանրաքվեին ԼՂ կարգավիճակի առնչությամբ»:
«Ռեգնումի» հաղորդմամբ, Վահրամ Աթանեսյանը նաեւ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի հիմնախնդրի կարգավորմանը եւ ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունվել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի մասնակցության: